▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոլարի թանկացումը գնալով վտանգավոր է դառնում. «Հայոց աշխարհ»

 «Մինչ Կենտրոնական բանկը դադարել է արձագանքել արժութային դաշտում տեղի ունեցող երեւույթներին եւ այլեւս չի խոսում շուկայի կայունության, ինչպես նաեւ հավասարակշռության վերականգնման մասին, դոլարի հաղթարշավը շարունակվում է։

Իհարկե, այն դեռեւս չի հասել իր պատմական առավելագույն մակարդակին։ Սակայն այս տեմպով ընթանալու դեպքում շուտով կարող է հաղթահարել նաեւ այդ նշաձողը։ Նշենք, որ դոլարի առավելագույն գինը եղել է մինչեւ 600 դրամ։

Երբեմն խիստ տարօրինակ է Կենտրոնական բանկի պահվածքը։ Շուկայի մյուս մասնակիցներին մեղադրելով սպեկուլյատիվ խաղերի մեջ` իրականում ինքը եւս ներքաշվել է դրանում։ Չնայած տարադրամի հրապարակային սակարկություններով դոլարը վաճառում է, ասենք, 492 դրամով, այնուհանդերձ ամերիկյան արժույթի գինը պաշտոնապես սահմանում է 471 դրամ։
   Ի՞նչ հիմքով, երբ շուկայում նման գին չկա, հայտնի չէ։ Սա ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն։ Ո՞ւմ է փորձում դրանով հանգստացնել Կենտրոնական բանկը, պարզ չէ։
   Հայաստանի արժութային շուկայում տեղի ունեցող դրսեւորումները ոչ միայն դուրս են եկել վերահսկողությունից, այլեւ կտրվել իրականությունից։ Որքան էլ այս տարի նվազել են Հայաստան մտնող տարադրամային հոսքերը՝ հանգեցնելով շուկայի հավասարակշռության խախտման, այնուհանդերձ թվում էր, թե այդ երեւույթը փոխարժեքների վրա չպետք է այդքան մեծ ազդեցություն թողներ։
Ներքին շուկայում դոլարի շարունակվող թանկացումը գնալով մեծացնում է տնտեսական աճի եւ գնաճի ռիսկերը։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում չափազանց բարձր է դոլարացման մակարդակը։ Այն ընդգրկում է տնտեսության բազմաթիվ ոլորտներ։
Չնայած Կենտրոնական բանկը բարձր է գնահատում Հայաստանի բանկային համակարգի կայունությունը՝ համարելով, որ այն պատրաստ է դիմանալ շատ ավելի ուժեղ ցնցումների, այնուհանդերձ ազգային արժույթի թուլացման նման տեմպը աստիճանաբար խորացնելու եւ ընդլայնելու է ազդեցության շրջանակը՝ հանգեցնելով ֆինանսական միջնորդությունների ծավալների կրճատմանը։

Մի բան, որ արդեն նկատելի է։ Առայժմ դա արտահայտվում է հիմնականում վարկային ներդրումների շուկայում։ Սակայն կասկած չկա, որ աստիճանաբար տարածվելու է նաեւ այլ ոլորտներ։ Արդեն իսկ բանկերը սկսում են բախվել տրամադրած միջոցները հետ ստանալու խնդիրների հետ։
Հայաստանի տնտեսությունը կանգնած է արժութային շուկայից եւ ֆինանսական ոլորտից թելադրված բազմաթիվ բացասական գործոնների առջեւ, որոնք նոր խնդիրներ են հարուցելու տնտեսական աճի համար։ Դա, ըստ ամենայնի, նկատելի կդառնա արդեն առաջիկայում, երբ կամփոփվեն տարեվերջի՝ չորրորդ եռամսյակի տնտեսական ցուցանիշները։

Չնայած Կենտրոնական բանկի եւ կառավարության լավատեսությանը, այնուհանդերձ թանկացումների այսպիսի տեմպը շուտով գնաճը կարող է դուրս բերել նախատեսված թիրախային ցուցանիշների տիրույթից, եթե արդեն դուրս չի բերել»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Հայոց աշխարհ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին