▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ալյուրի գինը կբարձրանա. «Ժողովուրդ»

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը մտահոգում է ցանկացած քաղաքացու, այդ թվում նաեւ՝ գործարարներին: Տեղական արտադրողները համոզված են, որ էլէներգիայի հերթական թանկացումը կբերի ոչ միայն արտադրության, այլեւ սպառման ծավալների նվազման:

Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայցով դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: ՀԷՑ-ը պահանջում է, որ էլէներգիան ցերեկային ժամերին բնակչությանը մատակարարվի 58 դրամով: «Ժողովուրդ»-ը էլէներգիայի սակագնի թանկացման շուրջ զրուցել է 2001թ-ից ալյուրի ու հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Մանչո գրուպ» ընկերության սեփականատեր Իվան Մոսոյանի հետ:

-Պարո՛ն Մոսոյան, եթե բավարարվի ՀԷՑ-ի պահանջը, Հայաստանում էլեկտրաէներգիան մոտ 40 դրամով կթանկանա: Սա ինչպե՞ս կանդրադառնա Ձեր ընկերության գործունեության վրա: 

-Ձեր գրպանի վրա դա ինչպե՞ս կանդրադառնա: Իհարկե, վատ, մեզ համար էլ վատ  հետեւանքներ կունենա: Եթե մի բան թանկանում է, ապա այն համամասնորեն ամեն ինչի վրա տարածվում է: Ուզենք, թե չուզենք, աստիճանաբար, շուկայի պահանջներից ելնելով, եղածի գներն էլ պետք է թանկացնենք եւ բերենք այն աստիճանի, որպեսզի վնասներ չկրենք եւ գոնե փոքր չափով եկամուտ ունենանք: Շատ տհաճ ու անդուր գործընթաց է:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ  ՀԷՑ-ի  ներկայացրած հիմնավորումները:

-Նախ՝ էլեկտրաէներգիայի սակագների աստիճանական բարձրացումները արդարացված չեն: Մարդիկ ինչ որոշում, այն էլ անում են: Իսկ թե ինչ հաշվարկներով է որոշվել այդ գինը, հայտնի չէ: Չկա կոնկրետ պատասխան, իսկ հանրությանն էլ հաշվետվություն չեն ներկայացնում: Ինչ-որ բան արտադրելու համար գազը թանկ է, էլեկտրաէներգիան, ջուրը՝ նույնպես: Եւ վերջնական արդյունքում մեր արտադրանքի գինը եւս պետք է թանկանա, ինչի մասին է խոսքը: 

-Պարո՛ն Մոսոյան, իսկ արդյո՞ք հնարավոր չէ էլէներգիայի սակագնի բարձրացման դեպքում չթանկացնել ալյուրի գինը: Դուք կարո՞ղ եք Ձեր ընկերության շահույթը նվազեցնելու հաշվին ալյուրի գինը չբարձրացնել: 

-Ալյուրի արտադրությունն այն միակ արտադրությունն է, որտեղ գազ եւ այլ էներգակիրներ չեն օգտագործվում, միայն էլեկտրաէներգիա: Այսինքն՝ այն ամբողջը, ինչի շնորհիվ ալյուրն արտադրվում է, էլեկտրական հոսանքով է: Դե, այսքանից հետո պատկերացրեք, թե ինչպես կարող է էլէնեգիայի թանկացումը վատ չանդրադառնալ ընկերության գործունեության վրա: Թեեւ ամեն հնարավոր բան անում ենք, որպեսզի ալյուրի գինը պահենք, բայց, դե, ինչքան էլ փորձենք, միեւնույն է՝ վնասով չենք կարող աշխատել: Ի վերջո, հացը համար առաջին սննդատեսակն է: 

-Իսկ Էլէներգիայի սակագնի բարձրացումից հետո քանի՞ տոկոսով կթանկանա ալյուրը:

-Թե որքանով կթանկանա, այս պահին հստակ չեմ կարող ասել, որովհետեւ դեռ պետք է հաշվարկներ կատարենք: 

 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին