▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Ենոքյանը դատի է տվել ոստիկանապետի խորհրդականին և բլոգերին. «Հրապարակ»

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դատի է տվել ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանին և բլոգեր Իզաբելլա Աբգարյանին:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք նաև, որ Մհեր Ենոքյանն իր հայցը ներկայացրել է ընդամենը 2 օր առաջ:

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհերին վիրավորել է Նարեկ Մալյանի կողմից 2015 թվականին արված ֆեյսբուքյան գրառումը և Իզաբելլա Աբգարյանի մեկնաբանությունները նույն գրառման տակ:

«Վալերի Պերմյակով, Սողոմոն Քոչարյան, Մհեր Ենոքյան բրեյվիկ…տարբերություն չկա։ Մենք ունիկալ ազգ ենք, հեշտությամբ ներում ենք նրանց, ում ներելու իրավունք չունենք։ Մարդկանց թյուրիմացաբար թվում է, թե իրենք կարող են ներել ուրիշին, ոչ իրենց կամ իրենց հարազատներին մորթած, քառատած մարդասպան ոճրագործներին։ Սպանությունից 20 տարի անց թերթերում ընթերցվում են ոչ թե զոհերի, այլ մարդասպանների մասին սրտաճմլիկ պատմությունները։ Զոհերը արդեն չկան... կարելի է նրանց արյունը համարել անկարևոր։ Այսօր ավելի հուզիչ է ոճրագործի բանաստեղծությունները, քան 17 տարեկան կտրտված զոհի դիակը։ Մեռնողները մեր հարազատները չեն, ուստի կարելի է մարդասպաններին հերոսացնել։ 20 տարի անց մենք զինվորական համազգեստով հողին կհանձնենք ռուս հետախույզ Պերմյակովին։ Կարևորը 6 ամսեկան Սերյոժայի նկարները ֆեյսբուքում տարածեցինք, դրանով ձեռք բերելով մարդասպանին ներելու և հերոսացնելու իրավունք… ու քանի մեզ խաբելը այդքան հեշտ է, դեռ շատ Բարաբբաներ ազատ կարձակվեն, և շատ Քրիստոսներ կխաչվեն».- այն ֆեյսբուքյան գրառումն է, որի պատճառով Նարեկ Մալյանը դատական քաշքշուկների մեջ է հայտնվելու:

Մհեր Ենոքյանը պահանջում է Նարեկ Մայլյանից 2 000 000 ՀՀ դրամ՝ որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում:

Դատական այս հայցը սպասելի էր, դեռևս նոյեմբերին Մհեր Ենոքյանը հայտարարել էր, որ դատարան է դիմելու, բացի այդ, դիմում էր գրել ոստիկանապետ Վովա Գասպարյանին, որ կարգապահական վարույթ հարուցվի իր աշխատակցի նկատմամբ: Նարեկ Մալյանից հետաքրքրվեցինք, արդյոք իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվե՞լ է, թե՞ ոչ, վերջինս պատասխանեց, որ տեղյակ չէ:

Ինչ վերաբերում է դատական հայցին, ապա Նարեկ Մալյանն արդեն տեղյակ է դրա մասին, նույնիսկ արդեն փաստաբան ունի. «Այս թեմայով որևիցե այլ մեկնաբանություն չեմ տալիս: Մնացած ամեն ինչը դատարանում արդեն կերևա, փաստաբան ունեմ, զբաղվում է»:

«Գիտես, անձամբ ճանաչում եմ Ենոքյանի զոհի մորը... Նրան անդադար մղձավանջի միջով են ստիպում անցնել... Թող մասնատված ու սպորտային պայուսակի մեջ լցված տղայի մոր գիրքն էլ կարդան...».- սա էլ բլոգեր Իզաբելլա Աբգարյանի մեկնաբանություններն են:

 «Դատարանից արդեն ծանուցագիր ստացել եմ, բնականաբար փաստաբանի ծառայություններից եմ օգտվելու և դատին ինքս ներկա չեմ գտնվելու: Պահանջը հերքում գրելն է, ինչը ես չեմ համարում հավասարաչափ, քանի որ ես իմ պատին որևէ բան չեմ գրել: Ես գրել եմ ուրիշի պատին՝ մեկնաբանությունում այն էլ, և իմ պատին որևէ գրառում չի եղել այդ թեմայով».- նշում է Իզաբելա Աբգարյանը:

Բլոգերը համարում է, որ այս դատական պրոցեսը կարող է նախադեպային լինել. « Ես այստեղ մի շատ վտանգավոր միտում եմ տեսնում: Եթե խոսքը գնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին, որը որ փորձում է ինձ դատի տվածը որպես սկզբունքների ջատագով ներկայացնել, ապա դատի տալով ֆեյսբուքում մեկնաբանություն տված բլոգերին, ինքը կատարում է իրականում մեծ հակաժողովրդական քայլ: Սա կարող է նախադեպ դառնալ: Նույն իր պաշտպանները, որ նույնիսկ հակասանիտարական մեկնաբանություններ են թողնում, նույնպես կարող են դատարանի առջև կանգնել: Դատարանը պետք է որոշի, արդյո՞ք ֆեյսբուքյան մեկնաբանությունը կարող է հիմք դառնալ դատական վեճի և պատասխանատվության ենթարկելու, թե՞ ոչ: Եթե դատարանը գտնի, որ այո, ապա ես «շնորհավորում եմ» ամբողջ հասարակությանը, որ նրանք այսուհետ պետք է մտածեն ամեն բառի վրա՝ մեկնաբանելիս: Քանի որ գիտեք, որ այսօր էլ Ֆեյսբուքի մեկնաբանությունների 10-ից 8-ով կարելի է դատական գործ հարուցել թե վիրավորանքի, թե զրպարտության, թե մնացած հոդվածներով: Այնպես որ, ինձ դատի տալով, Ենոքյանն ապացուցում է, որ ժողովրդական սկզբունքներին հենց ինքը մեծ հարված է հասցնում».- նշում է Իզաբելլա Աբգարյանն ու հավելում՝ եթե դատարանը գտնի, որ պետք է հերքվի, պատրաստ է նույն չափով հերքել, որքանով որ գրառում է արել:

Ի դեպ, Մհեր Ենոքյանը միջնորդություն էր ներկայացրել՝ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին, նշելով, որ դատապարտյալ է և իր կարգավիճակից ելնելով ամբողջությամբ գտնվում է պետության հսկողության տակ, չունի բավարար դրամական միջոցներ:

Առաջին հայցի միջնորդությունը մերժվել էր: Երեկ Մհեր Ենոքյանը կրկին հայցադիմում է ներկայացրել: Գործը քննվելու է Արաբկիր Քանաքեռ-Զեյթունի դատարանում դատավոր Ռուբեն Բունիաթյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման իր համակուրսեցի երիտասարդին սպանելու համար։ Նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և երկար տարիներ պայքարում է, որ իրեն անմեղ ճանաչեն: 

 

Մանրամասները՝ թերթի կայքում և այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին