«Երեկ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ISIJ) հրապարակեց այսպես կոչված «պանամական փաթեթը»։ Խոսքը պանամական օֆշորներում գրանցված ավելի քան 200 հազար ընկերություններին վերաբերող մոտ 11 միլիոն փաստաթղթերի մասին է: Ծավալը չափազանց մեծ է և դրանց ուսումնասիրությունների համար շատ երկար ժամանակ կպահանջվի։ Բայց «Պանամական փաթեթի» գործում ISIJ-ի հետ համագործակցող «Հետք» պարբերականի մեր գործընկերները արդեն դրանցում գտել են մոտ 3 տասնյակ հայաստանցիների անուններ։ Հիշեցնենք, որ դրանց մեջ էր նաև ԴԱՀԿ ծառայության այլևս նախկին պետ Միհրան Պողոսյանը։
«Հետքի» հրապարակած այս նախնական ցանկում պետական պաշտոնյաների անուններ չկան, իսկ ճնշող մեծամասնությանը հանրությանը անհայտ մարդիկ են։ Թերևս ժամանակ է անհրաժեշտ պարզելու համար, թե վերջիններս ում մտերիմներն են և ինչու են ընկերություններ հիմնել օֆշորներում։ Հանրությանը հայտնի մարդկանցից են «Շողակնի» փայատեր Վարդան Տողանյանը, «Դանաարմ» ընկերության «5+» դեղատների ցանցի սեփականատեր Հրանտ Դանագուլյանը, IDEA հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանը («Տրոյկա դիալոգ»), Պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Հարություն Թերզյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։