▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 20.08.2025 lang.iso lang.iso lang.iso

Երաժիշտ Վահան Արծրունուն հրավիրել են ԱԱԾ եւ «զրուցել Հիմնադիր խորհրդարանի» մասին.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երաժիշտ Վահան Արծրունին նախօրեին ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել, որտեղ ոմն Գրիգոր նրան հարցեր է տվել Հիմնադիր խորհրդարանի անդամների հետ կապերի, Խորենացի փողոցում ամռանն անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցության, ապրելու միջոցների, ընտանիքի մասին:

Արծրունին չի կարողացել պարզել, թե ինչ գործի շրջանակներում է հրավիրվել ԱԱԾ. նրան ասել են, որ «ուղղակի զրույց է»: Այս «ուղղակի զրույցից» հետո երգչի ֆեյսբուքյան էջն ընկերների համար արգելափակվել է: Այդ մասին նա հայտնեց մեզ հետ զրույցում. «Առաջին հարցը, որ տվել եմ ԱԱԾ-ում, եղել է հետեւյալը. մեր հանդիպումն արդյոք Սահմանադրության խախտո՞ւմ չէ: Պատասխանը եղել է հետեւյալը. սա ընդամենն ընկալեք որպես զրույցի հրավեր: Ես դա կարող եմ զրույցի հրավեր ընդունել լրագրողից, եւ ինձ պարզ կլինի այդ զրույցի բնույթը, բայց երբ ինձ հրավիրում են զրույցի եւ դա տեղի է ունենում ԱԱԾ-ում, սա սկսում է ինձ լուրջ անհանգստացնել»,-ասաց երաժիշտը:

Վահան Արծրունին մեզ հայտնեց, որ ամռանը Խորենացի փողոցում չի եղել: «Ընդամենը Սեֆիլյանի ծննդյան օրվան նվիրված համերգ կար հրավիրված Թատերական հրապարակում, որին ես իմ մասնակցությունը բերել եմ: Բայց ես նույնկերպ իմ մասնակցությունը բերել եմ Աշոտ Նավասարդյանի հիշատակի համերգին, Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված համերգին եւ մեծ քանակությամբ այլ համերգների, որոնք առնչություն ունեն մեր կյանքի հետ: Դա եւս թույլ չեմ տա քաղաքականացնել: Համերգը՝ համերգ, քաղաքական հարթակը՝ քաղաքական հարթակ, քաղաքացիական իրավունքները՝ քաղաքացիական իրավունքներ»,-ասաց երաժիշտը:

Նշենք, որ որ ԱԱԾ-ում Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ որեւէ գործ չի քննվում, հետեւաբար այդ իմաստով անհասկանալի է Վահան Արծրունու մասնակցության վերաբերյալ հետաքրքրասիրությունը: Մենք փորձեցինք այդ կառույցից պարզել, թե ինչ գործով է զրույցի հրավիրվել Արծրունին: Պատասխան դեռեւս չունենք: Վահան Արծրունին երեկ երեկոյան դիմել է ՄԻՊ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին