«Առավոտ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը) զարմացել էր այսօր ներկայացված ՀՀԿ-ից հեռանալու վերաբերյալ դիմումների քանակից:
Aravot.am-ի հարցին, թե տեղյա՞կ եք, որ տասներեք պաշտոնյա ՀՀԿ-ից հեռանալու դիմում է ներկայացրել, նրանք բոլորն էլ նախկին ՀՀԿ-ական վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմներն էին համարվում, պարոն Մովսիսյանը զարմացավ. «13 կուսակցակա՞ն, պաշտոնյանե՞ր են, ինչ պաշտոնյաներ են, կարո՞ղ ես ասել»:
Պարոն Մովսիսյանը, լսելով դիմում ներկայացրած անձանց անուններն ու պաշտոնները, ասաց՝ «Էդ սաղ ցեղով պաշտոնյա՞ են, խաբար չեմ դրանից» ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանելուց:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ բնական է համարում մի կուսակցությունից այլ կուսակցություն տեղափոխվելը. «Բնական եմ համարում, որ որոշ թիմակիցներ, հարազատներ պետք է դուրս գան, բայց չեմ կարծում, որ կուսակցության վրա ինչ-որ որակական ազդեցություն թողնի»:
Պարոն Ալեքսանյանի խոսքով, այլ դաշինքներում իրենց փնտրողների մեջ կան նաեւ ՀՀԿ-ից նեղացածներ. «Մարդիկ կան, որոնք անձնական նեղացվածություն ունեն…Բայց կան մարդիկ, որոնք ուղղակի տեղ են ման գալիս՝ իրենց տեղը գտնեն, բոլորին նեղացած համարել չի կարելի: Իսկ անձնական խնդիրների վրա հիմնված կուսակցությունները սովորաբար ապագա չեն ունենում»:
Պարոն Ալեքսանյանից հետաքրքրվեցինք ՝ում կամ որ կուսակցություններին նկատի ունի, ի պատասխան ասաց. «Նկատի ունեմ բոլորին, բոլոր դաշինքներն էլ հիմնականում տարբեր նկատառումներով են: Այն կուսակցությունները, որտեղ գաղափարական հենք չկա, որտեղ միայն մանդատների, նեղացվածության ու անձնական հարաբերությունների վրա են հիմնվում, շատ ամուր չեն լինում»:
Հիշեցնենք, որ նախօրեին Արարատի մարզպետարանի ու Արտաշատի քաղաքապետարանի տասներեք ՀՀԿ-ական պաշտոնյա կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում