▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղապետարանից զենքով, լոմով հասել են մերոնց վրա. Ջրառատում տուժածի մայրը մանրամասնում է. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում երեկ ողջ օրը լարված իրավիճակ էր: Կրակոցներից ու դանակահարությունից հետո իրավապահները գյուղում հսկողություն էին իրականացնում. ոստիկանության աշխատակիցները «գրավել» էին Ջրառատի գյուղապետարանը, իսկ գյուղապետը քանի օր է «որոնվում է» լրագրողների կողմից:

Ջրառատի բնակիչների մեծ մասը հրաժարվում էր խոսել դեպքի մասին. «Նոր ենք եկել գյուղ, առաջին անգամ ենք լսում»,-ասում էին բնակիչները: Գյուղապետարանին մոտ բնակվող տարեց բնակիչներից մեկը՝ Ալբերտ Սիմոնյանը, մեր հարցին ի պատասխան ասաց, որ կեսօրին մի քանի կրակոցներ է լսել, սակայն դուրս չի եկել տանից՝ «լավ չտեսնելու» պատճառով: Մեր հարցին, թե գյուղում ի՞նչ են խոսում, ի՞նչից է վիճաբանությունն առաջացել, տարեց բնակիչը պատասխանեց.

«Ասեցին ինչ-որ Օսկանյանի կողմնակիցներն ու սրանք (նկատի ունի գյուղապետին ու բարեկամներին,-հեղ.) հագել են իրար: էս գյուղում մարդն ազատ իր կարծիքն ու կամքն արտահայտելու իրավունք չունի: Ես չեմ մասնակցում ընտրություններին»,-ասաց Ալբերտ Սիմոնյանը: Ջրառատի բնակիչները Լեւոն Երանոսյանին «մեր գեներալով» էին դիմում, ասում էին, թե գյուղում սա առաջին միջադեպն է, միշտ խաղաղ է եղել:

Այցելեցինք կրակոցներից ու դանակահարությունից տուժած Մելքոնյանների տուն: Ընտանիքի մայրը՝ Զինա Մելքոնյանն, ի դեպ, որպես ուսուցչուհի աշխատում է այն դպրոցում, որտեղ այսօր սկիզբ է առել վիճաբանությունը:

Նա չէր ուզում խոսել, սակայն մեր պնդումներից հետո որոշ մանրամասներ պատմեց դեպքից:

«Ես ուսուցչուհի եմ, այսօր դասի չէի եղել, տանն էի: Գյուղապետի եղբոր տղան՝ 9-րդ դասարանում սովորող Ռաֆայելը, հայհոյել է տղայիս՝ ընկերոջ մոտ, ընկերն այդ մասին տեղյակ է պահել իմ տեգոր տղային (Հրազենային վնասվածք ստացած Հակոբ Մելքոնյանին,-հեղ.):

Տեգորս տղան գնացել, Ռաֆայելին ասել ա՝ ինչի ես հայհոյում, ասել ա՝ լավ եմ անում, արի գյուղապետարանի մոտ, խոսենք: Գնացել են գյուղապետարանի մոտ, բոլորը թափել են երեխայի վրա, ձեռքը լոմով կոտրել… գյուղապետարանից զենքը հանել են ու հասել են մերոնց վրա»,- մանրամասնեց անչափահասի մայրը:

Հարցին, թե Երանոսյանների մասնակցության մասին ինչ տեղեկություններ ունի, Մելքոնյանն ասաց. «Դե, դրանք են, էլի»: Զինա Մելքոնյանն ասաց, որ ընտանիքի անդամներն անկուսակցական են: Այլ հարցերի նա հրաժարվեց պատասխանել: Մեզ հայտնի դարձավ, որ տուժած Մելքոնյաններից մեկը՝ Հակոբ Մելքոնյանն ու ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանը լարված հարաբերությունների մեջ են եղել դեռ 2016 թ-ի սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ. այսօրվա միջադեպի հետեւանքով վիրավորված Հակոբ Մելիքյանը գյուղապետի աթոռի համար պայքարել է Երանոսյանների բարեկամ, ներկա գյուղապետ Սամվել Գալստյանի դեմ: Հակոբ Մելիքյանը՝ Սամվել Գալստյանի հետ լարված պայքարի արդյունքում հավաքել է 394 ձայն, իսկ Սամվել Գալստյանը՝ 647:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին