Հայաստանում ստեղծվել է լազերային սարք, որը նախատեսված է ռազմական նշանակության օպտիկական միջոցների հայտնաբերման և ոչնչացման համար:
Այս մասին «Հայոց աշխարհ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ներկայացուցիչ Արամ Սայադյանը:
«Սարքի առավելությունն այն է, որ մինչեւ դիպուկահարի աշխատելը, նախքան կրակոց արձակելը, սարքը թույլ է տալիս նրան հայտնաբերել, որքան էլ որ դիպուկահարը քողարկված լինի: Ինչքան էլ նա թաքնվի, օպտիկան չի փակում, քանի որ օպտիկան պիտի բաց տեսադաշտ ունենա, որ թիրախ որոնի: Այդ օպտիկայից անդրադարձվող ճառագայթները որսալով՝ մեր սարքը հայտնաբերում ու բացահայտում է դիպուկահարի գտնվելու վայրը: Ինչպես նաեւ հզոր լազերային ճառագայթի օգնությամբ շարքից հանում է տվյալ օպտիկական սարքը:
Սարքի ամբողջ կոմպլեկտացիան՝ հարակից սարքավորումներով, երկու հոգի կարող են տեղափոխել: Այն շատ հեշտ է քողարկել, քանի որ սարքը ինքնին փոքր է», - նշել է Սայադյանը:
Նրա խոսքերով սարքը նախատեսված է նաև ռազմական նշանակության հեռադիտակ, օպտիկական հետախուզության ցանկացած սարքավորում, ինչպես նաեւ օպտիկա-էլեկտրոնային հետախուզության, այսինքն՝ ջերմատեսիլ սարքեր, տարբեր էլեկտրոնային տեսախցիկներ, գիշերային կամ սակավ տեսանելիության պայմանների խցիկներ բացահայտելու համար: