▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ առաջինն էր, ոչ էլ՝ վերջինը. ի՞նչ չհասցրեց ասել Էդիկ Գրիգորյանը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդվարդ Գրիգորյանը գուցե իսկապես մահացել է սրտի հետ կապված խնդրի հետեւանքով` ինչպես մատուցում է պաշտոնական վարկածը: Խնդիրն այն է, սակայն, որ հասարակության մի ստվար հատված պաշտոնական վարկածին չի հավաստում եւ դրա համար ունի ծանրակշիռ հիմքեր: Անցած 18 տարիների ընթացքում իշխանություններն արել են հնարավորը` Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների հետքերը մաքրելու համար: Էդվարդ Գրիգորյանն այս գործով կասկածելի հանգամանքներում մահացած կարեւոր ֆիգուրներից ընդամենը մեկն է` ոչ առաջինը, ոչ էլ` հաստատապես վերջինը:

Մասնագիտությամբ էլեկտրիկ Նորայր Եղիազարյանը, որը Հոկտեմբերի 27-ի գործով կասկածյալ էր, մահացել է 2000 թվականին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, էլեկտրահարումից:

Նաիրի Հունանյանի քեռին` հանցախմբի անդամ Վռամ Գալստյանը շարունակ ահազանգում էր, թե իրեն հակում են ինքնասպանության եւ, ի վերջո, 2004 թվականին, կրկին իր բանտախցում «ինքնասպան» եղավ: Վռամ Գալստյանի «ինքնասպանությունից» մի քանի ամիս անց, 2004թ.-ին Ապարան-Երեւան ավտոճանապարհին վթարի ենթարկվեց Հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված Աժ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը (ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրը): Նույն տարում կրկին ավտովթարից ԱՄՆ-ում մահացել է գործով որպես վկա անցնող ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը: 2004 թ.-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում կախվեց խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհի 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը, որը նույնպես այս գործով վկաների ցուցակում էր: Իսկ ահա 2010թ-ի մայիսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր անկողնում հայտնաբերվել է Հոկտեմբերի 27-ի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանի դին: Նրա պատժի ժամկետը լրանալու էր 2012-ին: 2014-ին ԱՄՆ-ում մահացավ Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկաներից մեկը` 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը: Ասում են` վերջինս Հոկտեմբերի 27-ի ոճիրից առաջ եւ հենց այդ օրը եղել է Նաիրի Հունանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի կապավորը, անգամ իսկ ահաբեկչությունից հետո ներկա է եղել Քոչարյան-Հունանյան հանդիպմանը: Նշված բոլոր մահերը հետեւանք են կասկածելի հանգամանքների, ինչը ստիպում է ենթադրել, որ դրանցում խառն է Հայաստանի իշխանությունների, անգամ` ռուսական հատուկ ծառայությունների մատը:

Էդվարդ Գրիգորյանի մահը վրա հասավ այն բանից հետո, երբ Հոկտեմբերի 27-ի 18-րդ տարելիցից որոշ ժամանակ առաջ Էդուարդ Գրիգորյանը խոստացել էր բացահայտումներ անել, փաստեր հրապարակել, որոնց մասին մինչ այս ոչ ոք չի խոսել։ Պարզ չէ` ինչ ասելիք ուներ Գրիգորյանը, կամ արդյո՞ք արժեք կարող էր ունենալ նրա խոսքը: Համենայնդեպս, փաստ է, որ երեկ գիշեր նա մահացել է` այդպես էլ չհասցնելով խոսել: Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մարդիկ «լռեցրել» են Գրիգորյանին, մանավանդ, որ Յուրի Բախշյանի այրին` Անահիտ Բախշյանը ասել էր, թե պատրաստվում է Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով քննության վերսկսում պահանջել` Էդիկ Գրիգորյանի հնարավոր բացահայտումներից հետո:

Սերժ Սարգսյանի իշխանությունը պարտավոր է համոզիչ ապացույցներ ներկայացնել առ այն, որ Գրիգորյանը մահացել է եւ ոչ թե սպանվել, այլապես` հասարակության մեջ կամրապնդվեն կարծիքները, որ Հոկտեմբերի 27-ի արյունոտ էջը կապող օղակ է գործող եւ նախկին իշխանությունների համար: Մյուս կողմից` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունների քաղաքական կապը բացահայտված է` ռուսական կայսրությանը հպատակվելու նրանց միասնական եւ շարունակական քաղաքականությամբ: Չի բացառվում, որ Մոսկվան է շարունակում մաքրել Հոկտեմբերի 27-ի հետքերը` ցույց տալով, թե ով է այս երկրի իրական տերը 18 տարի շարունակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին