▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում սովից երեխաներ են մահանում. բժիշկ Նիկոլայ Դալլաքյան

armtimes.com-ը գրում է.

Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, օրերս պատասխանելով իր ղեկավարած հաստատությունում լքված նորածնի մասին մեր հարցմանը, անդրադարձավ նաեւ երեխաների թերսնուցման խնդրին ու դրա անդառնալի հետեւանքներին՝ վերհանելով սահմռկեցուցիչ իրականություն:

Բժշկի խոսքով, լինում են դեպքեր, երբ հիվանդանոց են ընդունվում ծայրահեղ հյուծված երեխաներ, որոնց կյանքը փրկել հնարավոր չի լինում: Նա, սակայն չցանկացավ շատ մանրամասներ ներկայացնել:

Նիկոլայ Դալլաքյանը կարծիք հայտնեց, որ եթե ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, ավելի ճիշտ կլինի չամաչել ու երեխային ժամանակավորապես հանձնել պետության հոգածությանը, քան թե նրան հասցնել սովամահության:

«Եթե ֆինանսական լուրջ խնդիրներից, այս կամ այն կազմակերպչական հարցերից ելնելով ընտանիքները հնարավորություն չեն ունենում պահել երեխային, կարելի է ժամանակավորապես, առանց նրանից հրաժարվելու, տանել սոցիալական հաստատություն, որպեսզի պետությունն ապահովի այդ երեխայի խնամքը, սնունդը, զարգացումը եւ այլն, քան թե տանեն տնային թշվառ պայմաններում պահեն, ոչ բժշկական օգնություն ցուցաբերեն, ոչ ադեկվատ խնամք լինի, եւ երեխային էլ կորցնեն, այն դեպքում, երբ կարելի է այդ դժվար փուլում օգտվել պետական օժանդակությունից, հետո, տա Աստված, ոտքի կանգնեն, այդ ընտանիքի սոցիալական խնդիրները լուծվեն, գնա երեխային ետ վերցնի»,- ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենը:

«Ու այդ փուլում է, որ մենք գտնում ենք, որ տարածքային սոցիալական հանձնաժողովները էլ ավելի ակտիվ պետք է աշխատեն: Եթե լինում են նման ծանր վիճակում գտնվող ընտանիքներ, խորհուրդ տրվի, որ ժամանակավորապես այդպիսի լուծում ընտրվի: Դա ավելի լավ է, որովհետեւ երբեմն բերում են շատ վատ պահված, կարելի է  ասել համարյա թե սովի մատնված երեխաներ՝ ծայրահեղ ծանր վիճակում: Որոշ դեպքերում էլ չի հաջողվում նրանց փրկել: Դա միայն եւ միայն թերսնուցման ու ոչ ադեկվատ խնամքի հետեւանք է»,- շարունակեց մեր զրուցակցը:

Հարցին, թե իր ղեկավարած հաստատությունում որքա՞ն հաճախ են նման դեպքեր գրանցվում, Նիկոլայ Դալլաքյանը պատասխանեց, որ նման վիճակագրություն իրենք չեն վարում: Նա չասաց նաեւ, թե երբ է գրանցվել երեխայի սովամահության վերջին դեպքը.

«Ես ձեզ ասացի այդ երեւույթների մասին, որ ցավոք սրտի կան շատ ծանր սոցիալական վիճակում գտնվող ընտանիքներ, որոնց շատ դեպքերում մամուլն էլ է անդրադառնում, նաեւ բավականին ակտիվ օժանդակություն է ցուցաբերում, բայց կան ընտանիքներ, որոնք այս խողովակներից որեւէ մեկից ոչ օգտվել են, ոչ էլ, կարող է, գիտեն տեղը: Իրենք իրենց յուղի մեջ, կոպիտ ասած տապակվում են, արդյունքում բերում են ծայրահեղ ծանր, հյուծված վիճակով երեխա, որին միշտ չէ, որ հնարավոր է լինում փրկել»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին