▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են հայտնի պաշտոնյաները հասցնում ծլկել Հայաստանից. ՀՔԾ պետի ուշագրավ խոստովանությունը

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ Կոտայքի մարզպետի եղբայրը մի քաղաքացու ծեծի է ենթարկել՝ պատճառելով բավականին լուրջ վնասվածքներ: Քաղաքացին հայտնել է, որ նա երկար ժամանակ հետեւել է իրեն, տարբեր սպառնալիքներ տեղացել իր հասցեին:

Այս դեպքից հետո «Փաստ» թերթին մի քանի ուշագրավ տեղեկություններ հասան մարզային նորահայտ «Սաշիկի» (ինչպես նրան արդեն սկսել են որակել մարզում) պահվածքից: Ըստ թերթի տեղեկությունների, օրեր առաջ զավեշտալի միջադեպ է գրանցվել Աբովյանի ռեստորաններից մեկում: Իր շքախմբով հաց ուտելու է մտնում Կոտայքի մարզպետի նույն այս եղբայրը:

Փոքր-ինչ գինովցած երիտասարդները պահանջում են հաշիվը: Այն ստանալուց հետո մարզպետի եղբայրը ցուցադրաբար պատռում է հաշիվն ու խրոխտ տոնով հայտարարում, որ ինքը մարզպետի եղբայրն է եւ «հաշիվ չունի փակելու»: Մեր աղբյուրները հայտնում են, որ որոշակի բացատրական աշխատանքներից հետո, այնուամենայնիվ, մարզպետի եղբայրը գումարը վճարում է»:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանություններից «ժառանգություն» մնացած պաշտոնյաների կողմից իրականացվող սաբոտաժների, ինֆորմացիոն արտահոսքերի մասին շատ-շատ է խոսվել: Սա միանգամայն սպասելի էր, եթե հաշվի առնենք փաստը, որ որոշ դեպքերում, հատկապես` իրավապահ համակարգի միջին օղակներում, նոր իշխանությունները չգնացին կադրային կտրուկ փոփոխությունների ճանապարհով եւ այսօր քաղում են կատարվածի դառը պտուղները:

Դրա վառ օրինակն է փաստը, որ տարբեր քրեական գործերով անցնող մի շարք նախկին պաշտոնյաներ մինչ մեղադրյալի կարգավիճակում հայտնվելը հասցրել են այս ընթացքում ծլկել Հայաստանից:

Այս համատեքստում պատահական չեն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունները, որ երբ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին իր մտերիմ շրջապատում հարցրել են, թե ինչու քրեական գործով անցնող նախկին պաշտոնատար անձանց ժամանակին չեն բռնում, որ հիմա էլ հետախուզում են ու չեն կարող հայտնաբերել կամ չեն կարողանում հետ վերադարձնել Հայաստան, նա խոստովանել է, որ համակարգում դեռ նախկին իշխանությունների հետ կապ ունեցող անձինք կան, որոնք էլ նման խնդրի առաջ են իրենց կանգնեցրել:

Ասել է թե` Սասուն Խաչատրյանը փորձել է բացատրել, որ համակարգից ինֆորմացիայի արտահոսք է իրականացվում: Երբ արդեն կոնկրետ փաստեր ունենալով` որեւէ նախկին պաշտոնյայի փորձում են բերման ենթարկել, քրեական գործով անցնող անձինք անհետացած են լինում:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Հատուկ քննչական ծառայությունից, որտեղից, մեր հարցին ի պատասխան, հայտնեցին. «Սասուն Խաչատրյանը իր մտերիմ շրջապատում քրեական գործերից չի խոսում»:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հերթական սկանդալի մեջ է հայտնվել:

Այցելելով համայնքային ենթակայության մանկապարտեզներից մեկը՝ Գասպարյանը ծնողների եւ երեխաների ներկայությամբ ցուցադրաբար սկսել է ծխել, ինչին ի պատասխան՝ արժանացել է ծնողների հանդիմանանքին, թե ինչ օրինակ է ծառայում երեխաների համար, մանավանդ՝ աղջիկների»:

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթի՝ արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Արցախում տեղեկություններ են պտտվում՝ կապված Հայաստանի եւ Արցախի իշխանական վերնախավերի վերջին շրջանի հարաբերությունների եւ «հայաստանցի», «ղարաբաղցի» պիտակավորումների հետ կապված:

Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուժայիններին, որպեսզի ընդհանուր տեղեկատվական դաշտում մոնիթորինգ անցկացնեն՝ հասկանալու համար, թե այդ պիտակավորումների, որակումների ու պառակտումների «քամին որտեղից է փչում», եւ, որ ամենակարեւորն է, ովքեր են «կողքից» այս թեման շահարկում:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ հնարավոր է դա մանեւրելու տարբերակ է, որպեսզի ցույց տան, որ ՀՀ իշխանությունները հակված չեն այդ թեման սրել: Տեղեկությունների համաձայն, Փաշինյանի հանձնարարականով ցանցերում այս թեմայով խորքային մշտադիտարկումներն արդեն սկսվել են՝ իրավիճակը առավել հստակ պատկերացնելու համար»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«168 ժամ» թերթը գրում է. «Մայիսի սկզբին կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր գնման գործընթացների մասին: Նա դժգոհություն էր արտահայտել միայն գնային ցուցանիշներով առաջնորդվելու կապակցությամբ:

«Պարզվում է՝ պետական գնումով ինչ-որ անորակ ծառայություն է ձեռք բերվել: Հարց՝ ինչու է այդ ծառայությունը ձեռք բերվել, որովհետեւ մրցույթում ամենաէժան գինն իրենք են առաջարկել: Եվ տպավորությունն այնպիսին է, որ այդ մրցույթում, եթե ձրի առաջարկեն, կհաղթեն: …Ցածր գին՝ չի նշանակում՝ այնպիսի ցածր գին, որը երաշխավորում է ծառայության կամ մատակարարման անորակությունը: Ցածր գին՝ նշանակում է՝ մեզ անհրաժեշտ որակով, բայց հնարավորինս էժան գնով»,- ասել էր վարչապետը:

Հեմոդիալիզի գնման պարագաների գնման գործընթացների վերաբերյալ Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների հիման վրա հարուցված քրեական գործի քննությունը ՀՀ քննչական կոմիտեում դեռ շարունակվում է:

ՊՎԾ-ն իր ուսումնասիրությունների մասին մարտի վերջին հաղորդագրություն էր տարածել՝ ներկայացնելով «մեդալի» միայն մի կողմը, այսինքն՝ թե որքան գումար է տնտեսվել գնումներին իրենց միջամտության արդյունքում: Սակայն հեմոդիալիզի դեպքում առավել կարեւոր հարցը՝ որակը, ՊՎԾ-ն չի ներկայացրել: Մինչդեռ ԲԿ-ներից մեկում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, գնումների վերջին գործընթացը բավականին ուշագրավ զարգացումներ ունի:

Պարզվում է, որ ի հեճուկս ՊՎԾ-ի «բացահայտած չարաշահումների»՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մրցույթի հիմնական հաղթողը, ի վերջո, «Ֆրեզեն» ընկերությունն է եղել:

Հարց է ծագում՝ ինչպե՞ս է հաղթել այդ նույն ընկերությունը, եթե ՊՎԾ պետ (լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանն ապրիլի վերջին հայտարարել էր, որ «մենաշնորհը վերացել է» եւ «լուրջ արդյունք ունեն»:

«Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ մրցույթի առաջին փուլի արդյունքները հրապարակվել են այս տարվա հունվարի 18-ին, եղել է 8 մասնակից, 11 չափաբաժնից 8-ը վերջնական արդյունքում հաղթել է «Ֆրեզենը», 2-ը՝ այլ մասնակից, իսկ 1-չափաբաժինը հանվել է մրցույթից: «Ֆրեզենի» հետ պայմանագիրը կնքվել է ապրիլի 9-ին:

Նա պնդեց՝ շուկայում մենաշնորհ չկա ու չի եղել երբեւէ. «Ի՞նչ մենաշնորհի մասին է խոսքը, եթե շուկայում 3-4 ընկերություններ են գործում:

 

 

 

 

 

 

 

 

ՊՎԾ-ի մեղադրանքին, թե «Ֆրեզեն» ՍՊԸ-ն պետական կարիքների համար գնման մրցույթներին մասնակցելով՝ ապահովում է գերշահույթ՝ պարագաների մատակարարման մաքսային արժեքից շուրջ 2.2 անգամ ավելի գին սահմանելով, Հ.Պիվազյանը հակադարձեց, որ նախ՝ դա այդպես չէ, եւ ձեւավորվող գինը պայմանավորված է այլ ծախսերով, օրինակ՝ սպասարկումը, որը շատ ծախսատար ու թանկ պրոցես է:

Նա նշեց, որ վերջին մրցույթի ժամանակ իրենք նախորդ տարվա համեմատ՝ էժան գին են առաջարկել, որովհետեւ անվճար սպասարկում այլեւս չի իրականացվելու. «Որոշ մարդիկ վերագրում են նրան, որ՝ տեսեք, թե՝ բա մենք միջամտեցինք, ու արդյունքում պետության փողերը խնայվեցին… ո՛չ, դա այդպես չէ, եւ հիմա սպասարկման համար առանձին մրցույթ պիտի հայտարարվի»:

«Այն խոսակցությունները, որ պարոն Սանասարյանը պնդում եւ կրկնում է ամեն առիթով, որ ուղղակի պատահաբար ուսումնասիրություններ են եղել եւ պարզել են, որ այդ ոլորտում կան չարաշահումներ, ես վստահաբար կարող եմ ասել եւ ապացուցել, որ դա «Գյուլնազ տատի հեքիաթներից» է։ Այն ժամանակ, երբ ՊՎԾ-ն իրենց հովանավորյալ ընկերությանը մեծ ջանքեր գործադրելուց հետո չկարողացավ մտցնել հեմոդիալիզի շուկա, այդ օրվանից սկսվեցին «ստուգումները», եթե ոչ՝ հարցաքննությունները, եւ «ուսումնասիրում» էին միմիայն «Ֆրեզեն» ՍՊԸ-ին վերաբերող թղթերը։

Հ. Պիվազյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) որեւէ առնչություն ունի «Ֆրեզեն» ընկերության հետ. «Ֆիրմայի հետ նա կապ չունի եւ չի էլ ունեցել, անգամ մեր գործունեությունից տեղյակ չէ։ Ընդամենն իմ բարեկամն է»։

Անդրադառնալով քրեական գործին՝ Հ.Պիվազյանը նշեց, որ այն հարուցվել է ՊՎԾ-ի բողոքի հիման վրա, եւ իր տեղեկություններով՝ դրանում բավականին սխալներ ու թերություններ կան. «Քննությունը կընթանա, եւ վերջում կպարզվի ողջ պատկերը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին