Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 34 (հանցափորձը), 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 120 հոդվածի (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով:
Shamshyan.com-ն է գրում այս մասին, որ այսօր ժամը 01:40-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ դեմքի և ճակատի մասերում հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 անձ: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ հրազենային վնասվածքներ ստացած անձիք Ավանի 7-րդ փողոցի բնակիչներ, 24-ամյա Արտյոմ Ալեքսանյանն է և 25-ամյա Ռոբերտ Հովսեփյանը: Դեպքի վայրում ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը հայտնաբերում է որսորդական հրացանից կրակված 2 պարկուճ, արյան հետքեր և արյունոտված սրբիչ: Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետները: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի, ոստիկանության Ավանի բաժանմունքի և Նոր Նորքի քննչական բաժնի աշխատակիցները մինչև լուսաբաց պարզում են իրականությունը ու Աբովյան քաղաքից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչներ 28-ամյա Գևորգ Հակոբյանին և 25-ամյա Հովիկ Հակոբյանին: Սկզբում եղբայրները հերքում էին, որ իրենք եղել են նշված փողոցում, սակայն հետո՝ փաստերի ճնշման տակ, խոստովանում են ու Նոր Նորքի քննչական բաժնի քննիչների բացատրական աշխատանքի արդյունքում Գ. Հակոբյանը ներկայացնում է նաև որսորդական հրացանը, որով կրակոցներ էր արձակել վիրավորների ուղությամբ: Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրողը, Հովիկ Հակոբյանը աշխատում է «Գոլդեն Գլաս» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն, իսկ Գևորգ Հակոբյանը՝ «Կլեոպատրա» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, ինչպես նաև՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի՝ Երևանի քիմիադեղական գործարանի գլխավոր հաշվապահ: Նշված ընկերությունները պատկանում են Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Shamshyan.com-ը նաև հայտնում է, որ հնարավոր է՝ քննության ընթացքում քրեական հոդվածները վերաորակվեն, անգամ հարուցվի քր.գործ՝ 2 և ավելի անձանց սպանության փորձի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հանցագործությունը ծագել է կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վեճի պատճառով: