Շիրակ Կենտրոնի կայքը գրում է, որ կեսգիշերն անց Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում խաղաղ անցորդի` Վազգեն Կարապետյանի վրա, առանց որևէ բացատրության, հարձակվել է սառը զենքով և ռիտինե մահակով զինված հանցագործը։
«Վաղ առավոտյան մենք հանդիպեցինք տուժողի հետ։ Նա գյումրեցիներին իր խաղաղ բնավորությամբ հայտնի անձնավորություն է։ Նրա նման մարդկանց համար է, որ ժողովուրդն ասում է, թե կյանքում անգամ ճանճ սպանած չկա։ Մեր հանդիպման ժամանակ Վազգենը պատմեց հետևյալը։ Կեսգիշերից հետո ոտքով տուն վերադառնալիս Շիրակի մարզպետարանի շենքի մոտակայքում զգացել է, որ իրեն հետևող կա։ Շուտով անհայտ անձը վերարկուն կիսով չափ գլխին քաշած, մի ձեռքին ռետինե մահակ, մյուսին դաշույն, հավասարվել է իրեն ու հարցրել է, թե չի՞ վախենում իրենից, ապա չսպասելով պատասխանի, ամբողջ ուժով մահակով խփել է դեմքին։ Հարվածից ինքը բարեբախտաբար ամբողջովին ուշաթափ չի եղել, վազել է դեպի մոտակա սպասարկման օբեկտներից մեկը, պատուհանները ծեծելով օգնություն է խնդրել։ Տուժողի պատմելով՝ հանցագործը հայհոյանքներով ակնթարթային հեռացել է։ Այնուհետև տուժողը զանգահարել է ոստիկանություն։ Որոշ ժամանակ անց ուստիկանության ուղեկցությամբ նրան տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ ցուցաբերել են առաջին օգնություն»,-նշում է Շիրակ Կենտրոնի կայքը։
Նշենք, որ գիշերային պատահարի տուժողը Գյումրիում հայտնի անձնավորություն է ` Կայսր մականունով, որ տվել են նրան համաքաղաքիցիները` Նապոլեոն Բոնապարտի հետ իր նմանության պատճառով: Վազգեն Կարապետյանի հոբին գրքերի առևտուրն է ու հնաոչ իրերը:
Կոլաժը` hetq.am-ի ձախից՝ Վազգեն Կարապետյանը` լուսանկարը` Զավեն Խաչիկյանի |