▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ Շենգավիթի սպանությունից. Որդուն սպանել էր հայրը

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել Շենգավիթում կատարված սպանությունից:

Երեւանի Շենգավիթ համայնքի Արտաշիսյան փողոցի 39 շենքի բնակիչ Կարապետ Ոսկանյանը հունվարի 25-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվել որդու` 47-ամյա Գերման Ոսկանյանի անհայտ կորելու մասին: Հայրը ոստիկաններին հայտնել էր, որ որդին նույն օրը իրենց շենքի բակում հանդիպել է ազգությամբ ռուս երեք անծանոթ երիտասարդների, նրանց հետ մեկնել անհայտ ուղղությամբ եւ այլեւս տուն չի վերադարձել:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ որոնողական աշխատանքների արդյունքում` հունվարի 27-ին Արտաշիսյան փողոցի 39 շենքի բակում տեղակայված, Ոսկանյաններին պատկանող ավտոտնակի հորում, հողով ծածկված, հայտնաբերվել է Գերման Ոսկանյանի դիակը` գլխի մասում բազմակի վնասվածքների հետքերով:

Նույն օրը իր բնակարանից, սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Գերման Ոսկանյանի հայրը` 1940 թ. ծնված Կարապետ Ոսկանյանը:

Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունվարի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում, իրենց շենքի բակում գտնվող, իրեն պատկանող ավտոտնակում կացնով մի քանի անգամ հարվածել է որդու գլխին, սպանել նրան եւ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով` դիակը նետել կարտոֆիլի հորը եւ հողով ծածկել: Հետո գնացել է ոստիկանություն եւ տղայի անհայտ կորելու մասին ստահոդ հայտարարություն տվել:

Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել է:

Կարապետ Ոսկանյանը ձերբակալվել եւ հանձնվել է նախաքննական մարմնին:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին