Ոստիկանությունը ձերբակալել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդի` Վահե Ղուկասյանին սպանության կասկածանքով: «Փաստինֆո»-ն է գրում այս մասին ու նշում, որ այս տեղեկատվությունը հաստատել են նաեւ Շիրակի դատախազությունից:
Իրավապահներին հաջողվել է պարզել, որ Վահե Ղուկասյանն է ապրիլի 23-ին կրակել Հարություն Խաչատրյանի և Արտյոմ Կարապետյանի վրա: Հիշեցնենք, որ ստացած մարմնական վնասվածքներից Ա.Կարապետյանը հիվանդանոցում մահացել էր:
Մեր աղբյուրների տեղեկացմամբ, հրազենային վնասվածքներ ունի նաև Վահե Ղուկասյանը` հետույքի շրջանում:
Ապրիլի 23-ին Գյումրիւմ հնչած կրակոցների դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ և 1 կրակված գնդակ:
Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Հարություն Խաչատրյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» ատրճանակի 1 փամփշտակալ՝ 7 փամփուշտներով:
Երեկ Բագրատաշենի սահմանային կետից բերման էր ենթարկվել նաեւ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Կոլյա Ղուկասյանը։
Բերման էր ենթարկվել նաեւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով հարցաքննվելուց հետո ազատ էր արձակվել: