«Գեներալի աղջիկը» սերիալում Լուսիների դերակատարուհի Աննա Հարությունյանը նկարահանվում է գեղարվեստական «Չղջիկներ. չեզոք գոտի» լիամետրաժ ֆիլմում: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան Հովակ Գալոյանը և Աննա Հարությունյանը:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1990-ականների սկզբին՝ հետպատերազմյան շրջանում: Ներկայացվում է գերի ընկած մի քանի հայերի պատմությունը: Ֆիլմի հիմքում ընկերությունն է, փոխադարձ հարգանքը, խիզախությունը և կորուստը: Այս ամենի մասին bravo.am-ին պատմել է Ա. Հարությունյանը:
Դերասանուհին նշել է, որ նկարահանումների մի մասը տեղի են ունեցել Տավուշի մարզի սահմանային Այգեձոր և Չինարի գյուղերում:
«Պարզ պատճառներով, տեղի բնակիչների համար սարսափելի էին կրակոցներով տեսարանների նկարահանումները: Ուզենք, թե` ոչ, ադրբեջանցիների հանդեպ կա այդ ատելությունը, օրինակ` երբ հյուրախաղերով Եգիպտոսում էինք, ինձ հարցրին` արդյոք թուրք եմ, ուզում էի սպանել ասողին»,- ասել է դերասանուհին:
Հավելենք, որ «Չղջիկներ. չեզոք գոտի» լիամետրաժ ֆիլմի նկարահանումները դեռ ընթացքի մեջ են, դեկտեմբերին սպասվում են նկարահանումներ Երևանում, իսկ պրեմիերան նախատեսված է հաջորդ տարի: