▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ումի՞ց է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՒՄ Ռաֆայել ՂԱԶԱՆՉՅԱՆԸ

Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է հեռուստահաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը:

Ի՞նչ նվիրական երազանք է ունեցել դպրոցական Ռաֆայել Ղազանչյանը:

 -Իմ բոլոր երազանքները իրականության են վերածվել, բացի բժիշկ դառնալու երազանքից. մանկության տարիների երազում էի բժիշկ դառնալ:

-  Եթե ընտրության հնարավորություն ունենայիք, ո՞ր երկրում կցանկանայիք ծնվել:

- Կցանկանայի ծնվել Անգլիայում և այնտեղ էլ ստանալ բժշկի որակավորում:

-  Ի՞նչ է Ձեզ համար ընկերությունը:

- Ընկերությունը ընտանիքի պես հասկացություն է, ընկերները շատ չեն լինում և պետք էլ չի, քանի որ ընկերները ուշ թե շուտ դառնում են ընտանիքի անդամներ:

Մարդկային ո՞ր որակն է Ձեզ համար ամենակարևորը:

- Ազնվությունը և պարզությունը, երբ մարդը պահում է իրեն այնպես, ինչպիսին ինքը կա` զերծ կեղծավորություններից:

 Աշխատանքի մեջ ի՞նչն է Ձեզ համար անընդունելի:

Սուտը, նախանձը և դելետանտությունը:

 - Կա՞ մեկը, ումից կցանկանայիք ներողություն խնդրել:

- Ներողություն եմ խնդրում ընկերներիցս, որ ժամանակի սղության պատճառով հաճախ չեմ կարողանում տեսնվել իրենց հետ, ինչպես նաև՝ իմ դասընկեր Պավելից, որ ութերորդ դասարանի անգլերենի դասագիրքը վերցրել եմ և մինչև հիմա հետ չեմ տվել:

Կարողանու՞մ եք հեշտությամբ ներել:

 -Երբ դիմացինս գիտակցում է իր սխալը, հեշտությամբ ներում եմ, իսկ երբ չի գիտակցում, պարզապես մոռանում եմ մի որոշ ժամանակ հետո:

-  Ձեր կյանքում եղե՞լ են հետաքրքիր պատահականություններ:

- Եղել են, ու համոզված եմ՝ էլի կլինեն, ուղակի երկար պատմություններ են…

- Երբևէ ցանկություն ունեցե՞լ եք  քաղաքական գործիչ լինել:

- Երբեք քաղաքականությունը ինձ չի գրավել, հատկապես՝ այն քաղաքական մթնոլորտը, որ տիրում է մեր երկրում, ես փորձում եմ իմ ոլորտում ինչ-որ բան փոխել դեպի լավը, թող քաղաքականությամբ զբաղվեն նրանք, ովքեր համոզված են, որ իրենց համար առաջնային են ազգային, այլ ոչ թե՝ անձնական խնդիրները:

-  Ինչպե՞ս եք վերաբերվում կանանց ներգրավվածությանը քաղաքականության մեջ:

- Միանգամայն դրական, իմ կարծիքով՝ նույնիսկ ուշացել են, պետք է ավելի շուտ մուտք գործեին քաղաքականություն:

- Ի՞նչ եք կարծում` ավելի հեշտ է մարդուն «ստիպել» ժպտալ, թե լաց լինել:

- Ազգին ծիծաղեցնելը գնալով ավելի դժվար է դառնում, բայց կարող եմ հավաստիացնել, որ չծիծաղող չկա, վատ ծիծաղացնող կա:

- Հավատու՞մ եք Վանգայի կանխագուշակումներին՝ կապված աշխարհի վերջի հետ:

- Ես հավատում եմ միմիայն Աստծուն և փորձում եմ հեռու լինել ցանկացած գուշակություններից ու բամբասանքներց:

Հեղինակ`Սեդա ՂՈՒԿԱՍՅԱՆ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին