Ստաս Միխայլովը ֆիլմարտադրողներից և տեսավարձույթով զբաղվողներից 20 միլիոն ռուբլի է պահանջում առանց երգչի համաձայնության վերջինիս պատկերն ու կերպարը «Կրկնորդիչ» /«Դուբլյոր»/ ֆիլմում օգտագործելու համար: Իր իրավունքները երգիչը կվիճարկի դատական կարգով:
Միխայլովի ներկայացուցիչների խոսքով` իրենք հաշտվելու որևէ առաջարկ չեն ստացել երգչին նմանակող ֆիլմի համար: Ստաս Միխայլովի իրավապաշտպանի պնդմամբ` ֆիլմը ստեղծողները վերցրել են լայն հանրությանը լավածանոթ երգչի կերպարն ու դրան կցել վիրավորական, վատ ու անթույլատրելի պահվածք` դրանով իսկ բարոյական վնաս հասցնելով երգչին: Սա փաստորեն կարող է նաև վնասել երգչի հեղինակությանը, հետևաբար նաև գույքային վնասների պատճառ դառնալ:
Ինչպես հաղորդում է «Ռիա-Նովոստի»- ն, հղում անելով Միխայլովի իրավապաշտպանին, դատական այս հայցերի նպատակը ոչ թե գումար կորզելն է, այլ` հետագա նախադեպերը կանխելը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստաս Միխայլովը դատարան էր ներկայացրել բողոք նաև НТВ հեռուստաընկերության դեմ` պահանջելով 10 միլիոն ռուբլի փոխհատուցում, քանի որ հեռուստաալիքն էլ ցուցադրել էր հարցազրույց «Կրկնորդիչ» («Դուբլյոր») ֆիլմի դերասան Ալեքսանդր Ռեվի հետ, իսկ հարցազրույցի ընթացքում ցուցադրել էր հատված ֆիլմից, որտեղ դերասանը նմանակում է երգչին: