▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Ամալյան. «Ձախողումները միշտ հետապնդում են ինձ»

ASEKOSE.am–ի  և   ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է  երգիչ Դավիթ Ամալյանը:

-Յուրաքանչյուր հասուն մարդ  հաճախ է հիշողություններով հայտնվում մանկության աշխարհում:  Իսկ Դուք, այնտեղ հայտնվելով, ի՞նչ տպավորիչ դեպք կհիշեք:

-Մանկությանս հիշողությունները շատ տպավորիչ են: Կառանձնացնեմ երևի թե այն, երբ փոքր ժամանակ ամանորյա օրերին  գյուղ էինք գնում, նաև` տոնածառը զարդարելու գործընթացը:

-Ասում են` կյանքն արիություն է պահանջում: Համամի՞տ եք այս մտքի հետ, ու ո՞րն է «արիության» Ձեր բնորոշումը:

-Կարծում եմ` բարությունն ու անկեղծությունը:

-Ինչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել և զվարճացրել են Ձեզ:

-Շատ ազդեցիկ ասեկոսեներ իմ մասին ինձ չեն հասել, բայց հասածներին էլ հումորով եմ վերաբերվում ու  անտեսում հիմար խոսակցությունները:

-Ձեր խառնվածքի ո՞ր գիծն է ամբողջովին բնորոշում Ձեզ: 

-Անփոփոխ մնալս: Կյանքի որևէ դրվագում չեմ փոխվում, նույնն եմ յուրաքանչյուր իրավիճակում: Երբևէ ազդեցության տակ չեմ ընկնում, այսինքն` ինքս ինձ երբևէ  չեմ խաբում: 

-Ձախողումն այն գինն է, որ մենք վճարում ենք հաջողության հասնելու համար: Ինչպե՞ս է պայքարում Դավիթ Ամալյանը ձախողումների դեմ:

-Ձախողումները ինձանից հեռու չեն ու միշտ հետապնդում են ինձ: Բայց դա ինձ չի հիասթափեցնում.  ես շարունակում եմ ապրել` փորձելով հաղթահարել դրանք: Այն, ինչ ես ունեմ, համարում եմ ձեռքբերում ու դրանով երջանիկ եմ. այն մթնոլորտը, որը ստեղծվել է իմ շուրջ, մարդիկ, իմ սիրած մասնագիտությունը: Ազատ ու անկախ մարդ եմ  ու դրանով  երջանիկ եմ:

-Նակամուրան իր ստեղծագործություններից մեկում  գրում է` «Դատարկությունը նույնիսկ տեսնել հնարավոր չէ»: Երբևէ «հայտնվե՞լ եք դրանում»: 

-Լինում են, ինչո՞ւ չէ:  Այն, որ երբեմն հոգնում ես  մենակությունից,  դա դատարկությունն է: Անորոշությունից է գալիս ամեն ինչ... Բայց ընկերներս չեն թողնում, որ ես երկար  մնամ դատարկության մեջ, քանի որ դատարկությունն ի վերջո դեպրեսիայի է հանգեցնում: 

-Կոկո Շանելը մի առիթով ասել է` ինձ հետաքրքիր չէ ձեր կարծիքն իմ մասին, ես ձեր մասին   ընդհանրապես  չեմ մտածում:  Իսկ ի՞նչ դեր ունի դիմացինի կարծիքը Ձեզ համար:

-Նայած թե ով է դիմացինս: Չնայած` սիրում եմ լսել ուրիշների կարծիքները, դրանք ինձ  համար շատ կարևոր են:

-Կյանքը պայքար է… իսկ հանուն ինչի՞  է Ձեր պայքարը:

-Հանուն ապրելու: Ապրելու մեջ ամեն ինչ ամփոփվում է: Առանց սիրելու ապրել հնարավոր չէ, առաց ապրելու`  սիրել: Ինձ համար ապրելը ստեղծագործելն է:

-Ինչի՞ն  կամ ո՞ւմ եք առավել հաճախ կարոտում…

-Կորցրածս մարդկանց` ծնողներ, ընկերներ, այսինքն` նրանց, որոնց  այսօր ֆիզիկապես տեսնելու հնարավորություն չունեմ:  

Երբ որ այստեղ  չեմ լինում, հայրենիքս  եմ կարոտում:  Կարոտում եմ նաև մանկությունս:

- Եթե կարողանայիք Ձեր ուղեղից անվերադարձ ջնջել մեկ հիշողություն, ո՞րը դա կլիներ:

-Ոչ մի բան: Դժվար ապրած օրերս ևս ինչ-որ արժեք ունեն: Հիմա որ թվարկեմ` ինչքա՜ն կորուստներ եմ ունեցել, որ կցանկանայի ջնջել...

- Դեպք, որը չէիք ցանկանա ջնջվեր Ձեր հիշողությունից:

-Ամբողջ կյանքս: Ինձ համար ոչ մի բան անհետաքրքիր չէ, ու ոչ մի բան ավելորդ չէ:

-Մարդիկ, առանց որոնց Ձեր կյանքը չեք պատկերացնում:

-Ընկերներս: Նշեմ, որ ընկերներ ասելով` ի նկատի ունեմ մարդկանց, ում  հետ շփվում եմ, որոնց մեջ մտնում է  իմ ընտանիքը` քույր, կին, երեխաներս և  այլն:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին