▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանուշ Հակոբյանը կոչ է անում «Եվրատեսիլին» քվեարկել Գոռ Սուջյանի օգտին

 

 Սիրելի´ հայրենակիցներ,

Մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի կունենա «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթը, որին Հայաստանից մասնակցելու է երգիչ Գոռ Սուջյանը: Ուստի դիմելով ձեզ՝ խնդրում եմ համախմբվել, հետևել կիսաեզրափակիչ և եզրափակիչ մրցույթներին և քվեարկել մեր երգչի, ձեր Հայաստանի օգտին:

 

Ես դիմում եմ բոլոր նրանց, ում հոգին լի է հայկականությամբ, ով պատրաստ է իր ներդրումն ունենալու՝ Հայաստան անունը միջազգային մրցույթում բարձր պահելու գործում: Եթե Եվրոպայում ապրող մեր հայրենակիցները փորձեն մասնակցել մեր շարժմանը, եթե մի փոքր ժամանակ գտնեն մեր երիտասարդ երգչին աջակցելու համար, ապա հաղթանակը անխուսափելի կլինի: Յուրաքանչյուր հաղթանակով պայմանավորվում է ազգի հավաքականությունը, հավատն ու միասնականությունը:

 

Վստահ եմ, որ Հայրենիքի և Սփյուռքի մեր հայրենակիցների տիեզերական էներգետիկան, աղոթքը փոխանցվում է մեր մասնակցին, ուժ, դրական լիցքեր հաղորդում նրան: Ակնհայտ է, որ ձեր բարոյական կորովի, սիրո և ջերմության կարիքն ունի Հայաստանը ներկայացնող Գոռ Սուջյանը՝ մեր տաղանդավոր հայորդին, ում պետք է գոտեպնդենք, ուժ տանք, հավատանք նրա ձիրքին ու տաղանդին, և հաղթանակը մերը կլինի:

 

Մաղթանքս է, որ Գոռի ելույթը հաղթական հրավառություն առաջացնի Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցների սրտերում: Եվ հայի ճակատագրի համար հաղթանակների Մայիսը հաղթական լինի նաև «Եվրատեսիլ-2013»-ով, փայլուն նվաճում արձանագրի, որպեսզի Եվրոպայի երկնակամարում ծածանվի մեր հաղթական Եռագույնը, և հայ ժողովուրդը, ինչպես շախմատիստների հաղթանակների դեպքում, ըմբոշխնի հպարտության բերկրանքը: Իսկ հաղթանակի կարող ենք հասնել ոչ միայն Գոռի կատարումով, այլև մեր միասնականությամբ, մեր քվեարկությամբ: Ակնկալում ենք Ձեր ակտիվ աջակցությունը:

 

Հրանուշ Հակոբյան

ՀՀ Սփյուռքի նախարար

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին