▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկացած գին պետք է վճարել, եթե սերն իրական է. Ռոման Բաբայան

Asekose.am-ի զրուցակիցն է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, շատերին «Կյանքի կարուսել» նախագծից հայտնի դարձած Ռոման Բաբայանը:

                         

-Ի՞նչ  է հարկավոր պահանջված եւ լավ դերասան լինելու համար:

-Լավ դերասան լինելու համար առաջին հերթին պետք է օժտված լինել բնատուր տաղանդով, ունենալ հարուստ երեւակայություն, եւ հետո միայն բնությունից տրված ընդունակությունները զարգացնել՝ ստանալով մասնագիտական կրթություն, լինելով աշխատասեր եւ, իհարկե, նվիրյալ:

-Մեզ մոտ՝ Հայաստանում, որոնք են այն առաջնային եւ գլոբալ խնդիրները, որոնց բախվում են դերասանները, եւ որոնք կուզեիք՝ չլինեին:

-Կարծում եմ՝ չկա այնպիսի երկիր, որտեղ հնարավոր կլիներ ապրել եւ ստեղծագործել՝ չբախվելով խնդիրների, եւ դա օրինաչափ է: Ես ընդամենը կուզեի՝ մեզ մոտ իսկապես պրոֆեսիոնալ եւ տաղանդավոր դերասանները մասնագիտության մեջ իրենց բավարաված զգային, այսինքն՝ հնարավորություն ունենային մի շատ պարզ բանի՝ խաղալու, անընդհատ բեմում լինելու. դերասանի համար չկա ավելի    մեծ եւ լուրջ խնդիր, քան «պարապ» մնալը, կուզեի՝ բոլոր տաղանդավոր դերասաններն «ապրեին» հագեցած մասնագիտական կյանքով:

-Երբ Ձեզ պարուրում են կասկածներ, կապված Ձեր մասնագիտական որակների հետ, ինչպե՞ս եք պայքարում այդ կասկածների դեմ:

-Ըստ իս՝  ինքնավտսահությունն առանց կասկածների մարդուն կկործանի, ուստի կասկածներ թող միշտ էլ լինեն, դրանց  դեմ պայքարելու փոխարեն, պետք է պայքարել դրանք ծնող գործոնների դեմ՝ ջանալով լրացնել այն բացերը, որոնք կասկածների պատճառ են դառնում:

-Ի՞նչ եք կարծում առաջին հերթին ի՞նչ է պետք դերասանին չլճանալու եւ ինքնակատարելագործվելու համար,ինքներդ ի՞նչ եք անում դրա համար:

-Ոչ  միայն դերասանի, այլ ցանկացած մասնագիտության դեպքում, որպեսզի չլճանաս եւ ինքնակատարելագործվես, պետք է ամենօրյա աշխատանք, պետք է կարողանալ հասցնել քայլել ժամանակի ռիթմին համապատասխան՝ քաղելով այն մաքսիմալը, որ հնարավոր է:

-Երբեւէ բեմում անհարմար իրավիճակում հայտնվե՞լ եք, ի՞նչ եք անում այդպիսի պահերի:

-Երեւի թե բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ՝ իմպրովիզը  դերասանի գլխավոր «զենքերից» է, ուստի բեմում, անհարմար իրավիճակում հայտնվելով, կարողանում եմ իմպրովիզի օգնությամբ աննկատ դուրս գալ այդպիսի իրավիճակներից:

-Մեր այս քաոսային ժամանակներում մարդկային շատ կարեւոր որակներ ուղղակի «մահանում են», դա մտահոգո՞ւմ է Ձեզ, օրինակ՝ այդ որակներից որո՞նց արժեզրկում է, որ Ձեզ ամենաշատն է հուզում եւ անհանգստացնում:

-Ինձ ավելի շատ հուզում եւ անհանգստացնում է մեր օրեցօր կործանվող ազգային արժեհամակարգը, այն արժեհամակարգը, որով մենք առանձնացել ենք շատ շատերից, եւ որը ամուր հիմք է եղել մեր երկրի, մեր պետականության համար: Պետք է քայլել ժամանակին համընթաց, ես դրան դեմ չեմ, սակայն այդ ճանապարհին չպետք է անտեսել եւ մոռանալ մեր ազգայինը, մեր գեները:

-Ասում են՝ երբ սիրում ես, չպետք է ոչինչ պահանջես. այդ ժամանակ արհեստական պատնեշ կստեղծվի, որն էլ կքայքայի նույնիսկ ամենահրաշալի թվացող հարաբերությունները, ի՞նչ եք Դուք մտածում իրական սիրո դեպքում ի՞նչը կարող է քայքայիչ լինել:

-Ինչ գին էլ  պետք լինի վճարել, մեկ է իրական սիրուց չպետք է երես թեքել, իսկ եթե սերն իսկապես իրական է, ապա խոսել ինչ-որ քայքայիչ գործոնների մասին, կարծում եմ՝ անհեթեթ է. ոչինչ չի կարող քայքայել իրական սերը, չնայած ինչքան էլ մեծ եւ իրական լինի սերը, ամեն դեպքում անհրաժեշտ է մշտական «սնուցում եւ խնամք», որպեսզի այն անընդհատ ծաղկի:

-Իսկ առհասարակ ցանկացած հարաբերություններում ի՞նչ եք ակնկալում դիմացինից:

-Շիտակ, անկեղծ ու անշահախնդիր շփում:

-Ի՞նչ չգրված օրենքներ կան, որոնք հաճույքով կջնջեիք:

-Չգրված օրենքները միշտ ավելի մեծ կիրառում եւ ուժ են ունեցել, քան սահմանադրությամբ ամրագրվածները, ցավոք: Ջնջելու կամ չջնջելու փոխարեն մի բան կասեմ՝ թող մարդիկ ապրեն այնպես, որ իրենց երջանիկ զգան, որ կյանքի յուրաքանչյուր վայրկյանը արժեւորեն, գնահատեն, ապրեն լիարժեք՝ զերծ մնալով ինչ-որ «օրենքներից» ու կարծրատիպերից: Ի վերջո, պետք է հիշել՝ կյանքն այնքան կարճ է, ամեն ինչ պետք է անել այն հնարավորիս իմաստավորված եւ լիարժեք ապրելու համար:

-Ասում են՝ երազանքն այն է, հանուն ինչի դու պատրաստ ես զոհաբերել այն ամենն, ինչ ունես, Դուք ի՞նչ խենթ երազանքներ ունեք, ինչի՞ եք պատրաստ այդ երազանքների իրականացման համար:

-Կյանքի ընթացում ցանկացած ձեռքբերում ինչ-որ պահի երազանք է եղել, եւ մեկը մյուսի իրագործման համար չեմ զոհաբերի: Շատ երազանքներ ունեմ. մի մասը իրականացել է, մյուսներն էլ  համոզված եմ՝ քիչ-քիչ կիրականանան:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին