▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բժիշկը գործ ունի մարմնի հետ, իսկ դերասանը՝ հոգու». Դավիթ Սեխպեյան

 

«Չարլի շոու» մանկական հաղորդումից հանրությանը հայտնի և «Դժվար ապրուստ» սերիալում Նոյի կերպարը մարմնավորած  դերասան, հաղորդավար Դավիթ Սեխպեյանի հետ ASEKOSE.am–ի թղթակիցը զրուցել է դերասանի` սերիալում նկարահանվելու փորձի, իր աղանդավոր չլինելու և ժամանակավոր դադարի մասին:

- Ինչպե՞ս  որոշվեց  Ձեր  դերասանական  ճակատագիրը:

-Մանկուց երազել եմ դառնալ դերասան: Դիտելով մանկական ներկայացումներ, հեքիաթային մուլտֆիլմեր` ես հասկացա, որ մարդը կարող է լինել և՛ գայլ, և՛ բարի փերի, և՛ թագավոր: Բեմում կարող ես տարբեր կերպարներով հանդես գալ, և ես հանդես եմ եկել մանկական կերպարներով՝ երեխաներից չթաքցնելով  իմ մարդ լինելը: Երևի դա էլ պատճառ է հանդիսացել իմ մասնագիտության  ընտրության հարցում:

-Ո՞վ է Ձեզ համար դերասանը:

-Դերասանը նա է, ով շարժման և խոսքի միջոցով կյանքը վերածում է պոեզիայի, և պոետիկ կերպով այն փոխանցում հանդիսատեսին:

-Դերասանի համար որքանո՞վ եք կարևորում մասնագիտական կրթությունը:

-Որքանով  բժշկի համար է կարևոր բժշկական կրթությունը, նույնքան էլ դերասանի համար` դերասանական կրթությունը: Բժշկը գործ ունի մարմնի հետ, իսկ դերասանը՝ հոգու:

-Ինչպե՞ս  հայտվեցիք  հեռուստատեսությունում:

-Հերթական աշխատանքային փուլն էր՝ թատրոն, ռադիո, հեռուստատեսություն:Մինչ ինստիտուտ ընդունվելը,  կատարել եմ տարբեր ոչ մասնագիտական աշխատանքներ, որից հետո որոշեցի քայլ անել հեռուստատեսություն, իսկ հիմա որոշ ժամանակով  հեռացել եմ հեռուստատեսությունից՝ հանգստանալու: Կարծում եմ`  երկու տարի անընդմեջ էկրանին լինելուց հետո պետք է հանգստանալ, դատարկվում ես այդ ընթացքում: Կլիցքավորվեմ ու նոր ուժով կրկին հանդես կգամ:

- Ձեզ համար ո՞րն է ավելի հոգեհարազատ ` կինո՞ն, թե՞ թատրոնը:

-Ինձ համար թատրոնն ավելի հոգեհարազատ է, քանզի դերասանին և հանդիսատեսին էկրանը չի բաժանում:

 -Ինչպիսի՞ տեսարաններն են  Ձեզ  համար  խորթ:

-Եթե ամեն ինչ արդարացված է, ապա ոչ մի տեսարան էլ խորթ չէ:

- Ի՞նչ տվեց Ձեզ սերիալում նկարահանվելը և ինչի՞ց զրկեց:

-Ինձ ճանաչող մարդկանց թիվը կրկնապատկվեց: Դա տվեց սերիալը և ոչ մի բանից չզրկեց: Ու առհասարակ, կյանքում ինչ լինում է՝ միայն ավելացնում է, նույնիսկ եթե ինչ-որ  բանից զրկի:  

-Երբևէ  քննադատել ե՞ք սերիալները:

-Ես երբեք չեմ սիրում քննադատել, բայց կողմ եմ այն բանին, որ յուրաքանչյուրն զբաղվի իր գործով:

-Սերիալում նկարահանվելու առաջին տպավորություններդ ինչպիսի՞ն էին:

-Լարված էի շատ, քանի որ պատասխանատվության զգացողությունը մեծ էր: Բանն այն է, որ թեորեապես գիտես, բայց գործնականում ծանոթ չես: Բեմում զգացողություններն ու պատասխանատվությունը  շատ մեծ են, այնտեղ չկան դադարներ, չկա երկրորդ դուբլի հնարավորություն, ինչպես  սերիալներում են, ամեն ինչ տվյալ վայրկյանին է տեղի ունենում: Հեռուստաէկրանից քեզ կարող են դիտել միլիոնավոր հեռուստադիտողներ, իսկ թատրոնում՝ հազար հոգի: Սերիալում նկարահանվելը  պարտավորեցնում է  այնքանով, որ քեզ դիտում են նաև այլազգիներ, իսկ դու ներկայացնում ես քո ազգի ինքնությունը: 

-Որքանո՞վ է այժմ զբաղված և ի՞նչ նոր ծրագրեր ունի Դավիթ Սեխպեյանը:

-Առհասարակ չեմ սիրում խոսել այն բանի մասին, ինչը դեռ չկա: Երբ կլինի,  կխոսեմ դրանց մասին:

-Երբևէ պատկերացրե՞լ եք Ձեզ  քաղաքական  ոլորտում:

-Կրկնեմ ասածս` թող ամեն մեկն զբաղվի գործով:  Եվ յուրաքանչյուրս էլ  պետք է մեր ներդրումն ունենանք պետության կայացման ու զարգացման գործում:

-Հատկանիշ, որն ամենաշատն եք գնահատում մարդու մեջ:

-Երբ մարդն անկեղծ է և չի դավաճանում ինքն իրեն, պատասխանատու է և միշտ պատասխան է տալիս իր քայլերի և խոսքերի համար:  

 -Ձեր մասին  լսած  ասեկոսեներից  ո՞րն  է  Ձեզ զայրացրել և ո՞րը զվարճացրել:

-Ուղղակի զարմանում եմ և մի փոքր էլ նախանձում այն  մարդկանց, ովքեր ժամանակ ունեն ասեկոսեներ տարածելու: Երևի ամենազվարճալին եղել է այն, որ ես իբր  ինչ-որ մի տարօրինակ հավատքի ու աղանդի հետևորդ եմ:

-Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:

-Ես կուզեմ, որ միշտ ուժեղ լինեն, շատ վստահ և օգտվեն բոլոր  հաճույքներից, որ  տալիս է կյանքը: Կյանքը միշտ տալիս է,  իսկ տվածը պետք է  վերցնել, ոչ թե նայել ու անցնել:

 Հարցազրույցը՝  Երվանդ  Մարեյանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին