▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհին նշել է, որ «Շանթ»-ը ստել է և մոնտաժել…

Ցանկանում եմ պարզաբանել «Շանթ» հեռուստաընկերությունից ինձ հեռացնելու իրավիճակը, որը կրկին անգամ խեղաթյուրված և իրենց օգտին ներկայացվեց հեռուստաընկերության կողմից: Ըստ հեռուստաընկերության տեղեկությունների` ես մեկ շաբաթվա ընթացքում չէի կարողացել ընտրել համապատասխան երգ` համերգային ծրագրի օրը ելույթ ունենալու համար և ցուցադրել էի անպարտաճանաչ վերաբերմունք: Սակայն «Շանթ» հեռուստաընկերությունը «երևի թե» մոռացել էր իր երկարաշունչ և իմաստալից նյութի մեջ նշել, որ երգը ընտրված է եղել, որի վրա ես արդեն աշխատում էի, սակայն համերգից մեկ օր առաջ ինձ տեղեկացնում են, որ տվյալ երգի կատարողը թույլ չի տվել, որպեսզի իր երգը ներկայացվի նախագծի շրջանակներում: Այսպիսով, ես կանգնեցի փաստի առջև: Դրանից հետո ինձ տվեցին այնպիսի երգ, որը ինչպես միշտ համապատասխան չէր ինձ և իմ ձայնային «տեմբրին»: Ես առաջարկեցի իմ սեփական տարբերակը, որն էր Առնո Բաբաջանյանի «ТВОИ СЛЕДЫ» ստեղծագործությունը, որը նրանք կրկին անգամ մերժեցին` պատճառաբանելով, որ իմ զույգը` Սուրեն Առուստամյանը, դա չի պատրաստվում երգել, որովհետև դա չի համապատասխանում նրա երգելաոճին, իսկ ըստ նախագծի պայամանների` երգիչը պետք է հարմարվի «չերգիչին»: 
Ինչ վերաբերում է նախագծի օրագրին, որը «Շանթ» հեռուստաընկերությունը որպես փաստարկ է բերում, ապա ասեմ, որ դա մոնտաժված է այնպես, ինչպես իրենք են ցանկացել, և մոռացել են ցույց տալ մնացած կատարված գործողությունները: 
Բանը հասավ նրան, որ ինձ սպառնաց նախագծի պրոդյուսերը` ասելով. «Դու չես կարող հեռանալ: Այն մարդիկ, ովքեր մեր գործին վնաս են հասցնում, մենք էլ համապատասխան ձևով իրենց հետ ենք վարվում, գնա ու մտածի, թե ինչքան բան ունես կորցնելու: Եթե հանկարծ որոշես նախագիծս «պռավալ» տաս, քեզ էլ, քո «կարիերան» էլ «պռավալ» կտամ:
Ի պատասխան նրա էժանագին սպառնալիքի` տեղեկացրեցի, որ հեռանում եմ նախագծից և չեմ պատրաստվում աշխատել նման միջավայրում: Իսկ պրոդյուսերի կողմից հնչեցված սպառնալիքը հենց հաջորդ օրը իրականացվեց՝ հեռացվեցի նաև «Քաղաքում» հեռուստասերիալից: 
Իսկ ինչ վերաբերում է նրանց կողմից հնչեցված փաստերին և իմ անպատասխանատու լինելուն, ասեմ, որ ծիծաղելի է, երբ հենց իրենք են այդ մասին խոսում՝ ցուրտ տաղավարներում նկարահանումներ իրականացնող, սուտ տեղեկություններ տարածող, կամք թելադրող, նկարահանում իրականացնող ողջ անձնակազմի աշխատավարձը չորս ամիս ուշացնող պարտաճանաչ և պատասխանատու հեռուստալիքը:

Գրառումը` Քրիստինա Եղոյանի ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ օրեր առաջ Asekose.am-ի թղթակիցը զրուցել էր դերասանուհու հետ` պարզելու «Շանթ» հեռուստաընկերության «Դուետ» նախագծից նրան հեռացնելու մանրամասները:Դերասանուհին  նշել էր, որ, համաձայնության չգալով նախագծի պրոդյուսերի հետ, որոշել էր ինքնակամ դուրս գալ նախագծից` չենթարկվելով պրոդյուսերի կողմից հնչեցված սպառնալիքներին: Սակայն հաջորդ օրը Քրիստինա Եղոյանին տեղեկացրել էին, որ նա հեռացված է նաև  «Քաղաքում» հեռուստասերիալից:

«Շանթ» հեռուստաընկերությունը, անդրադառնալով խնդրին, իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել` նշելով, որ Քրիտինա Եղոյանը հիմնականում առանձնացել է անպարտաճանաչ, անպատասխանատու պահվածքով, պարբերաբար խախտել է բոլոր հնարավոր ժամկետները, չարաշահել է իր հետ աշխատող մասնագետների համբերատար վերաբերմունքը, ինչը անդրադառնում էր իր ելույթի որակի վրա և ի վերջո չէր կարող անհետևանք մնալ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին