Հարցազրույց անգլիացի աշխարհահռչակ երգիչ Դարեն Հեյսի հետ, որի «Insatiable» երգը երկար ժամանակ չէր իջնում համաշխարհային հիթ-շքերքների առաջատար դիրքերից:
- Դարե՛ն, ինչն էր պատճառը, որ երկար ժամանակ հեռացել էիք հեռուստառադիոեթերներից: Նույնիսկ կարծում էի, որ այլեւս նպատակ չունեք նոր երգեր ներկայացնելու: Այնինչ, վերջերս ոչ միայն նոր երգեր եւ տեսահոլովակներ, այլ նաեւ մի նոր այլբոմ ներկայացրեցիք:
- Այնքան էլ համաձայն չեմ, որ հեռացել էի, երեւի թե, պարզապես ոչ այնքան հաճախ էի լինում եթերում, բայց երբեք չեմ դադարել աշխատել: Այո՛, 2012-ին ներկայացրեցի իմ նոր ձայնասկավառակը, որտեղ զետեղել եմ նոր երգերս, որոնք ինձ համար շատ թանկ են:
- Ակամայից հիշեցի ձեր երգերից մեկը՝ «Insatiable»-ը, որը մի քանի տարի առաջ մեծ տարածում ուներ Հայաստանում: Ամենուր կարելի էր այդ երգը լսել: Արդյո՞ք տեղյակ էիք այդ մասին, որ երկրպագուների մեծ բանակ ունեք նաեւ մեր երկրում:
- Շատ ուրախ եմ, իրոք, ինձ համար հաճելի է, որ իմ աշխատանքը գնահատվել է աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում: Ի դեպ, ես ունեմ մեկ հայ ընկեր, հետեւաբար լավ տեղեկացված եմ ձեր երկրի եւ մշակույթի մասին:
- Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ, այդ մասին խոսեցին աշխարհի գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները: Խոսքը Ձեր ամուսնության մասին է: Ի՞նչն է պատճառը, որ թաքցնում էիք հասարակությունից:
- Սխալվում եք, եթե կարծում եք, որ այն գաղտնի պահելն ինձ համար հեշտ էր: Բավական երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի, նախ ինքս ինձ համար, ապա բոլորին ներկայանամ այնպիսին, ինչպիսին կամ: Իսկ հետո դրան հաջորդեց իմ ամուսնությունը:
- Առաջիկայում հնարավո՞ր է համերգային ծրագրով հանդես գաք նաեւ Հայաստանում:
- Ինչու ո՛չ, մեծ հաճույքով: Ինձ շատ հաճելի կլինի հանդիպել իմ հայ երկրպագուների հետ:
- Հետաքրքիր է, ո՞րն է Ձեր համար հաջողված սիրո բանաձեւը:
- Շատ կարճ կպատասխանեմ այդ հարցին: Եթե սիրում ես, ապա ապացուցելու լավագույն միջոցն է՝ միշտ լինել այդ մարդու կողքին՝ անկախ կյանքում պատահող հաճելի կամ տհաճ անակնկալներից:
- Սպասում ենք Ձեզ Հայաստանում եւ հուսանք՝ այսուհետ շատ հաճախ կլսենք ձեր նոր գեղեցիկ երգերը:
- Շնորհակալ եմ: Եվ ցանկանում եմ անպայման ողջունել բոլոր իմ հայազգի երկրպագուներին:
Հարցազրույցը՝ Կարեն Գրիգորյանի
Ստորև` Դարեն Հեյսի «Insatiable» տեսահոլովակն ու երգչի հետ Կարեն Գրիգորյանի հարցազրույցի վիդեոտարբերակը: