▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհայտ ապագան ինձ վախեցնում է. Շպռօտ

Երգչուհի Շպռօտը նույնիսկ ապրելով ԱՄՆ-ում, չի դադարում համարվել Հայաստանի ամենաանկեղծ և ամենասկանդալային երգչուհիներից մեկը: Երբ թվում է, թե նրա ասածներից և արարքներից այլևս պետք չէ զարմանալ, նա կարողանում է նոր անակնկալներ մատուցել, որոնցից հետո միայն մնում է ասել` «Այդպես կարող է անել միայն Շպռօտը»: Նրան նայելիս թվում է, թե իր կյանքը պետք է չավարտվող խնջույք հիշեցնի, սակայն իրականում Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նա խոսել է իրեն միայնակ զգալու,  ԱՄՆ-ում բացի փիսիկից ոչինչ չունենալու, մայրանալու մեծ ցանկության և Էռնեստ The Best-ի հետ ունեցած սիրային կապի մասին:

-Շպռօտ, թեև արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում չեք, սակայն Ձեր մասին չեն դադարում խոսել, ինչո՞վ եք դա բացատրում` հայկական բնավորությա՞մբ, թե՞ տարբերվող կերպարով:

-Այո, մարդիկ  ինձ չեն մոռանում (ժպտում է), որովհետև ես դեռ բաց չեմ թողել իմ հայրենակիցներին, իմ սիրտը միշտ նրանց հետ է:

-Հայ հանդիսատեսը  հարցարզույցներից բացի Ձեզնից նաև տեսահոլովակներ է սպասում, ե՞րբ  դրանք կլինեն:

-Շուտով: Երգը պատրաստ է, որոշ դետալներ արդեն պատրաստ են նոր տեսահոլովակի համար:

-Գիտեմ, որ այս խոսակցությունները Ձեզ հոգնեցրել են, բայց չեմ կարող չհարցնել: Ե՞րբ լքում էիք Հայաստանը, ամենից շատ ինչի՞ց էիք վախենում` անհայտ ապագայից, թե՞ այլևս չվերադառնալուց:

-Անհայտ ապագան ինձ վախեցնում է, այդ պատճառով փորձում եմ միայն ներկայի մասին հոգ տանել:

-Տպավորությունն այնպիսին է, որ բավական հիասթափված եք հեռացել հայրենիքից, ի՞նչը կամ ո՞վքեր Ձեզ հիասթափեցրին:

-Իհարկե, հիասթափված էի: Ինձ համար շատ կարևոր է, երբ քաղաքացիները պաշտպանվում են օրենքի կողմից, բայց մեզ մոտ անօրենները շատ են:

-Երբ պատմում եք Հայաստանը լքելու մասին, թվում է, թե դա արել եք ոչ թե Ձեր կամքով, այլ Ձեզ ստիպել են, կա՞ նման բան:

-Իհարկե, շատ հանգամանքներից ելնելով ստիպված եղա լքել հայրենիքը:

-ԱՄՆ-ում հաստատվելուց հետո ըստ Ձեր  հարցազրույցների կարելի է ենթադրել, որ բավական ծանր շրջան եք ունեցել: Իսկ որտե՞ղ էին հայ արվեստագետները, ովքեր նույնպես ԱՄՆ-ում էին, նրանք Ձեզ օգնության ձեռք չէին մեկնե՞լ, թե՞ Դուք չէիք խնդրել:

-Իմ նեղ օրերին միակ երգչուհին, ով ինձ շատ է օգնել «Շիկեր»-ի Լուսինեն է եղել: Իհարկե, Արա Ղազարյանն օգնել է, որ նկարահանվեմ սերիալում, իսկ Արման Աղաջանյանն էլ օգնություն է առաջարկել:

-Իրականում ի՞նչ էիք սպասում ԱՄՆ-ից և ի՞նչ ստացաք:

-Ես ընդամենն ուզում էի ապրել ապահով երկրում, որտեղ իմ շահերը կարող են պաշտպանվել:

-Ե՞րբ  վերջերս պատմում էիք Ձեր ամերիկյան կյանքի մասին, այնպիսի տպավորություն էր, որ ինչ-որ առումով Ձեզ միայնակ եք զգում,  այդպե՞ս է:

-Ես ոչ թե ուղղակի ինչ-որ առումով եմ ինձ միայնակ զգում, այլ ես իսկապես միայնակ եմ: Ոչ մամա, ոչ քույրիկ, ոչ ամուսին, ոչ երեխա, միայն փիսիկ:

-Նկատել եմ, որ արդեն մայրանալու մեծ ցանկություն ունեք, դեռ չե՞ք գտել այն տղամարդուն, ով արժանի է Ձեր կողքին լինել և  նման է Ձեր իդեալ լուսահոգի հորը:

-Շատ դժվար է ինձ համար ընտրել կյանքի ասպետ, երբ չկա հնարավորություն: Ես քիչ ընկերներ ունեմ այստեղ, բոլորն էլ գիտեն, որ ուզում եմ ընտանիք կազմել: Լավ հայ տղաները բոլորն էլ զբաղված են, ինձ մնացել է նստվածքը… Կամ էլ 21-22 տարեկան ջահելները, ովքեր հավատում են հրաշքների:

-Վերջերս Էռնեստ The Best-ը նույնպես հաստատվել է ԱՄՆ-ում, ավելին` ապրում է Ձեր բնակարանում: Դեռ տարիներ առաջ հարցազրույցներում խոստովանում էիք, որ ձեր միջև սիրային կապ կա, այսօր կարծես թե, մոռացել եք այդ նույն հարցազրույցների մասին և պնդում եք, որ ուղղակի ընկերներ եք: Միշտ անկեղծ եք, կասեք իրականում ի՞նչ հարաբերություններ ունեք դուք:

-Էռնեստն արդեն իմ տանը չի ապրում… Մենք սիրել ենք իրար տարիներ առաջ, սակայն հիմա մնացել ենք ուղղակի լավ ընկերներ:

-Ներկայումս  Դուք և Էռնեստը  համացանցում լուսանկարներ տեղադրելով և դրանք մակագրելով  օրինակ` «սկանդալային հանդիպում» կամ էլ «վերջապես դա արեցինք», ինքնըստինքյան նոր ինտրիգ եք մտցնում և թույլ տվեք նշել, որ անհավատալի է, որ ինքներդ դա չեք գիտակցում:  Ի՞նչ եք ուզում դրանով ասել:

-Մեր լուսանկարների համար ընտրելով տարօրինակ վերնագրեր ուղղակի խաղում ենք լրատվամիջոցների հետ: Իրականում  մենք միասին շատ լավ ժամանակ ենք անցկացնում, բայց հիմա ավելի տարիքով տղամարդկանց եմ համակրում:

-Տեսնելով ամերիկյան կյանքի դժվարությունները` Էռնեստին չասացի՞ք, որ պետք չէ գալ:

-Էռնեստը շատ խելացի տղա է, ես նրան ԱՄՆ-ի կյանքի ամեն ինչի մասին զգուշացրել եմ:

-Վերջերս, առհասարակ, հաճախ ենք տեսնում, որ  հայ հանրային դեմքերը լքում են Հայաստանը, ըստ Ձեզ դա ինչո՞վ է պայմանավորված: Հայաստանում այդքան  վա՞տ է, թե՞ ուղղակի հեռանկարներ չկան:

-Պարտադիր չէ Հայաստանում վատ լինի, որ դու լքես երկիրդ: Գոյություն ունի հոգու կանչ: Երբ ուզում ես գնաս աշխարհ տեսնես, շփվես այլ մշակույթների հետ:

-Դատելով Ձեր գրառումներից կարելի ասել, որ հետևում եք Հայաստանի կյանքին և իրադարձություններին: Նույնիսկ գրել էիք, որ շատ կցանկանայիք օգնել Հայաստանի նախագահին: Հեռվից այս ամենին նայելով ևս մեկ անգամ հասկանում եք, որ ճիշտ որոշում եք կայացրե՞լ, թե՞ Ձեզ  համար ոգևորող բաներ եք գտնում:

-Ես հետևում եմ քաղաքական վիճակին, իսկ իմ որոշումների համար չեմ զղջում:

-Ի դեպ,  «Նախագահ» կոչվող երգով, ավելի ճիշտ  փորձով, ինչպես Դուք էիք այն անվանել,  ի՞նչ էիք ցանկանում տեղ հասցնել:

-Այդ երգը, ով չի հասկացել նրա խնդիրն է, իսկ ով հասկացել է ուղերձը գրել և արձագանքել է:

-Իսկ  Հայաստանի շոու-բիզնեսի իրադարձություններին հետևո՞ւմ եք:  Վերջերս  ասել եք, որ Հայաստանում չկան ասելիքով երգիչներ, իսկ Դուք օրինակ ասելիք ունեք:  Մի դիտարկում. դեռ տարիներ առաջ  շատերը քննադատում էին Ձեր ընտրած երգերը, ասելով, որ դրանք անլուրջ են, օրինակ` «Ես եմ քո մեղրը, արի ինձ կերը» չի կարող ասելիք ունենալ: Ինչպե՞ս միշտ քննադատությունները Ձեզ համար միևնույն են:

-«Իմ մեղր» երգն ամենամեծ ասելիքով երգն է եղել: Ուղղակի այն իմ ձևով է ասվել, այն շատ խորը երգ է: «Եղիր ազատ»-ը կամ  «I’m thinking positive»-ը  նույնպես ասելիք ունեն: Բավական չէ՞:

-Թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում  միշտ էլ փորձել եք անկեղծ լինել և ասել այն, ինչ մտածում եք, սակայն չեք կարծո՞ւմ, որ նման անկեղծությունը նույնպես կասկածելու տեղ է տալիս: Երբեմն Ձեր վերաբերյալ կարծիքներ են հնչում, որ այնպիսի հայտարարություններ, ինչպիսին են «կորցրել եմ հումորս 80-անց տղամարդկանց ամորձիները լվանալուց հետո»  Ձեր կողմից ուղղակի արվում են, որովհետև այդպես է պետք անել` անկեղծ և սկանդալային կերպարը պահելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

-Ես ընդամենը անկեղծ եմ, ասում եմ այն, ինչ միգուցե շատերը չեն բարձրաձայնի: Երևի դա է իմ դերը մեր հայ իրականության մեջ:

-Արդյո՞ք Ձեր  ներկայիս կյանքը բավարարում է Ձեզ` նկատի ունեմ ռեստորանում երգելը:

-Որպես արտիստ ռեստորանում ինձ բավարարված չեմ զգում, ուղղակի աշխատանք է:

-Հայերը սովորաբար Հայաստանում շատ աշխատանքներից հրաժարվում են` ասելով, որ դա իրենց հարիր չէ, սակայն ԱՄՆ մեկնելու պես անում են ցանկացած բան: Հետաքրքիր է, կաշխատեիք արդյո՞ք այստեղ ռեստորանում, ինչպես դա  անում եք ԱՄՆ-ում, առավել ևս, որ ինքներդ էլ խոստովանել եք, որ  հիմա երգում եք Ձեր երգացանկից բավական հեռու երգեր:

-Աշխատանքից ես չեմ փախչում, բայց Հայաստանում չէի երգի ռեստորանում, որովհետև այդտեղ ես ուրիշ միջավայրում էի ապրում:

-Վերջերս ֆեյսբուքում գրել եք, որ մեկ տարի էլ  կարող եք ապրել ԱՄն-ում, բայց հոգնել եք դատական պրոցեսներից: Իսկ գո՞ւցե հոգնել եք ամերիկյան կյանքից:

-Այո, մինչ հաջորդ որոշումը 1 տարի ևս կարող էմ ապրել այստեղ: Ինձնից դա կախված չէ:

-Հաճախ եք խոսում վերադառնալու մասին, դա ե՞րբ կլինի:

-Առաջին իսկ հնարավորության դեպքում կվերադառնամ Հայաստան:

-Ամփոփելով զրույցը` կուզեի իմանալ, թե ի՞նչի մասին եք այս պահին երազում կամ ուղղակի շատ ցանկանում:

-Երազում եմ այն մասին, որ վերադառնամ տուն ու ինձ դիմավորի իմ երեխան և երեխայի հայրիկը (ժպտում է):

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին