▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ և ինչո՞ւ էր հոդված պատվիրել Մենչի` Արմեն Պետրոսյանի դեմ

Տարօրինակ իրականությունում ենք ապրում: Բավական է, որ ինչ-որ մեկի հասցեին քննադատություն հնչի, և անմիջապես սկսվում են պատվիրատուներին ու պատվերն իջեցնելու դրդապատճառների բացահայտմանն ուղղված փոքրիկ հետաքննությունները: Երեկ համացանցին քննադատության հերթական չափաբաժինը մատուցվեց: Այս անգամ թիրախում «Երե1» նախագիծն էր՝ իր անմակարդակ հումորների ողջ փաթեթի հետ միասին: Քննադատության հեղինակն իսկապես արդարացի էր՝ ասելով, որ հավանաբար Մենչը, Գոքորը և ծրագրի մյուս դերասանները չէին ցանկանա, որ իրենց երեխաների լեքսիկոնում հայտնվեին «գյալըբոյ», «նանդ գրկեմ», «քիթդ ցխեմ».... ու մյուս տհաճ բառերը: Իսկապես, եկեք համաձայնենք, որ տղաները չափն անցնում են, և նման պատկառելի հեռուստաընկերությանը մատուցում են ոչ հարիր ծրագիր: Իհարկե, չի կարելի նաև չնկատել այն ահռելի դաստիարակչական աշխատանքը, որ տանում են նրանք: Օրինակ՝ ինչ պետքական խրատներ է տալիս մշեցի տաքսիստը: Կարծում եմ՝ սա շատ լավ է: Ողջունելի է նաև, որ ծրագրի հումորների շնորհիվ տղաներն իրենց քաղաքացիական դիրքորոշումն են ցույց տալիս: Օրինակ՝ վերջին թողարկման ժամանակ հայտարարեցին, որ դեմ են պարտադիր կուտակայինին: Իսկ ո՞վ է կողմ, բացի ֆինանսների նախարարից: Հա, մեկ էլ նրա քավոր վարչապետը, իհարկե: Ցավալի է, որ շատերի կարծիքով մարդուն կամ մարդկանց պետք է քննադատել իրենց հայացքների համար: Օրինակ՝ ինձ համար շատ զարմանալի էր, որ շատերը կարծեցին, որ «Երե1»-ը քննադատվել է հենց կուտակայինին դեմ արտահայտվելու համար: Ախր դա ի՞նչ պարտադիր է: Չի՞ կարելի պարզապես դժգոհ լինել դերասանների բառապաշարից ու արտահայտվել այդ թեմայով: Ասում են՝ իսկ ինչու է նյութը հիմա գրվել: Թող մեկ ամիս կամ մեկ շաբաթ առաջ գրվեր, հաստատ իմացեք, որ դա էլ ուրիշ բանի հետ էիք կապելու: Եկեք պայմանավորվենք, որ դավադրության տեսություններ քիչ հորինենք, ու չվախենանք անկախ եղանակից, մագնիսական դաշտից և քաղաքական իրավիճակից ազատ ու անկաշկանդ արտահայտել մեր սեփական կարծիքը: Փառք Աստծո, ներկա տարատեսակ հարթակները մեզ այդ հնարավորությունը տալիս են:

 

Գեղամ Ասլամազյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին