Ազատամարտիկ և դերասան Կարեն Մկրտչյանը` բուժման նպատակով մտերիմ ընկերոջ դերասան` Վարդան Արզումանյանի հետ մեկնել է Գերմանիա: Արդեն տեղեկացրել էինք. որ Կարենին ապաքինվելու համար 80 հազար եվրո է հարկավոր, ինչի համար էլ տևական ժամանակ է, ինչ դրամահավաք է իրականացվում:
Թեև Կարենի խնդրանքով դադարեցվել են փողոցային դրամահավաքները, սակայն դրամահավաքի մյուս տեսակները շարունակվում են:
Նշենք, որ մարտի 22-ին ժամը 14:00-ին DJ ER-win-ինի նախաձեռնությամբ Հյուսիսային պողոտայում տեղի է ունենալու բարեգործական համերգ DJ-ների, Կարենի ընկերների և հարազատների մասնակցությամբ: Միջոցառմանն աջակցում է ARTandSHOW ընկերությունը:
Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում DJ ER-win-ն ասաց, որ իրենք 13 DJ-ով հավաքվել և կազմակեպել են այս միջոցառումը.
«Մեզ մոտ հնչելու է ակումբային երաժշտություն, ունենք հաղորդավար, ում անունը դեռ չենք ցանկանում նշել, ինչպես նաև Կարենի ընկերները և հարազատները միջոցառման ընթացում խոսելու և պատմելու են Կարենի մասին»:
Էրվին Նավասարդյանի (DJ ER-win) խոսքերով համերգի ընթացում դրված են լինելու հատուկ արկղեր, որպեսզի մարդիկ կարողանան հանգանակություն կատարել.
«Կարենը տեղյակ է, որ նման միջոցառում ենք կազմակերպել և շատ լավ է ընդունել այդ գաղափարը: Դեպքից հետո Կարենի հետ ծանոթանալու ցանկություն ունեի: Ծանոթացանք, շփվեցինք, կարող եմ ասել, որ նա պայքարում է, հավատը չի կորցրել և իրեն ուժեղ պահում»:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին, ժամը՝ 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենալու ևս մեկ բարեգործական համերգ, որի ողջ հասույթը ուղղվելու է Կարենի բուժմանը: