▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պահին իմ սիրտն ազատ է և ես չունեմ սիրելի. Արփինե Գաբրիելյան

Արփինե Գաբրիելյանը, թեև դեռ  մանկուց երգում է, մասնագիտությամբ էլ դերասանուհի է, սակայն լայն հանրությունը նրան ճանաչում է որպես հաղորդավարուհի: Արդեն մի քանի տարի է, ինչ նա իր գործընկերոջ՝ Մհեր Բաղդասարյանի հետ վարում է հայկական հեռուստաեթերի ամենասկանդալային հաղորդումներից մեկը և նույնիսկ օվկիանոսից այն կողմը գտնվելը նրանց չի խանգարում այդ հարցում:  

Asekose.am–ի թղթակիցը զրուցել է Արփինեի հետ՝ ԱՄՆ-ում  հաստատվելու պատճառների, ներկայիս կյանքի դժվարությունների, ինչպես նաև շոուբիզնեսյան հիասթափությունների մասին:

-Արփինե,  տևական ժամանակ է  ի՞նչ ԱՄՆ-ում եք, ի՞նչն է Ձեզ այդտեղ բերել, ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու ցանկություն ունե՞ք:

-2008-ից սկսած պարբերաբար լինում եմ ԱՄՆ-ում: Իսկ 2013-ից սկսել եմ համագործակցել «Global arts» ընկերության հետ և ԱՄՆ-ում վարում են այդ ընկերության կողմից կազմակերպված համերգները: Ինչպես նաև այստեղ Փոփ հանրագիտարանի նկարահանումներն են ընթանում: Մշտական բնակություն հաստատելու մտադրություն առայժմ չունեմ, որովհետև Հայաստանում էլ դեռ շատ անելիքներ ունեմ: Առայժմ փորձում եմ համատեղել, թե ԱՄՆ-ի, թե Հայաստանի իմ գործունեությունը:

-Ձեր գործընկեր Մհերը մի քանի անգամ նշել է, որ ԱՄՆ-ում է  աշխատանքային նոր հորիզոններ գրավելու նպատակով: Նույնիսկ ասել է, որ իրեն մեկ օր ամերիկյան հեռուստաընկերություններից մեկում ենք տեսնելու: Դուք ի՞նչ նպատակներ ունեք ԱՄՆ-ի հետ կապված, Ձեր երազանքներն էլ իրենց մասշտաբայնությամբ չեն զիջո՞ւմ Մհերի երազանքներին:

-Առհասարակ ԱՄՆ-ն շատ շատերի համար երազանքների երկիր է և աշխարհի տարբեր երկներից մարդկանց հոսքը միշտ էլ նկատելի է եղել: Մարդիկ գալիս են ԱՄՆ աշխատանքային նոր հորիզոններ գրավելու և հավատացեք ոմանց դա իսկապես հաջողվում է: Իհարկե, ես էլ ունեմ երազանքներ և դրանք իրենց մասշտաբայնությամբ շատ մեծ են, բայց քանի որ տեսակով փոքր ինչ փակ մարդ եմ, չեմ սիրում խոսել իմ հետագա պլանների և երազանքների մասին: Միայն կասեմ, որ այստեղ կփորձեմ զբաղվել նաև իմ բուն մասնագիտությամբ` դերասանական արվեստով:

-Սակայն ի տարբերություն Մհերի, ժամանակ առ ժամանակ լինում եք Հայաստանում և նույն կայծակնային արագությամբ  վերադառնում եք ԱՄՆ: Հայաստան Ձեր այցելություններն ի՞նչ բնույթի  են լինում. անձնակա՞ն, թե՞ գործնական:

-Վերջին շրջանում գործի բերմամբ շատ ավելի հաճախ Միացյալ նահագներ եմ գալիս, բայց դա ինձ չի խանգարում Հայաստանում ևս լինել, որովհետև իմ ընտանիքը, իմ ընկերները հենց Հայաստանում են: Եվ իմ այցելությունները կարող են լինել, թե անձնական թե գործնական:

-Հաճախ կարող ենք լսել կարծիքներ, որ Հայաստանից դուրս ամեն ինչ այդքան էլ հարթ չէ: Մհերը մեզ տված հարզացրույցում խոստովանել էր, որ վաճառող լինելու մտադրություն է ունեցել: Դուք ի՞նչ խնդիրների հետ եք բախվել, որո՞նք են ըստ Ձեզ լուսավոր թվացող ԱՄՆ-ի մութ կողմերը:

-Այո, իսկապես Հայաստանից դուրս ամեն ինչ այդքան էլ հարթ չէ: Իհարկե, ԱՄՆ-ում առավել քան դժվար է հայ մարդու համար, որովհետև այս երկրում էթնիկական, կրոնական, մշակութային բազմազանություն է, իսկ մենք` հայերս դժվար ենք հարմարվում այլ ազգի մարդկանց նիստ ու կացին, այն էլ այս բազմազգ երկրում: ԱՄՆ-ում գործում է այս սկզբունքը` «թույլատրված է այն, ինչն արգելված չէ օրենքով»: Եզրակացությունները թողնում եմ Ձեզ: Այս երկրում առավել քան դժվար է հայ մանուկ մեծացնելը: Այստեղ մարդիկ շատ կեղծավոր են և շատ սառը: Եվ երբեմն նույնիսկ ապշում  եմ տեսնելով, թե ինչպիսի սառնությամբ են ընտանիքի անդամները վերաբերում միմյանց: Սրանք այն մանր խնդիրներն են, որոնց հետ կարող եմ առնչվել ապագայում, եթե որոշեմ այստեղ մշտական բնակություն հաստատել: Բայց առայժմ գլոբալ խնդիրների չեմ հանդիպել միայն այն պարզ պատճառով, որ իմ այցելություններն այստեղ առայժմ  բացառապես գործնական բնույթի են:

-Բացասականը նշելով չենք կարող չխոսել նաև դրականի մասին: Ի՞նչ եք գտել, բացահայտել ԱՄՆ-ում, որ չկար այստեղ, ի՞նչն է Ձեզ ստիպում անտեսել երկարատև թռիչքները և նորից գնալ ԱՄՆ:

-Իհարկե, դրական շատ կողմեր ունի ԱՄՆ-ն: Բայց կնշեմ ինձ համար առավել կարևոր դրական կողմերը: ԱՄՆ-ում ինձ զգում եմ ժամանցային ինդուստրիայի և ֆիլմինդուստրիայի կիզակետում: Եվ ըստ իս` յուրաքանչյուր մարդ, ով քիչ թե շատ հետաքրքրված է այդ ամենով, Լոս Անջելես քաղաքը չի կարող չսիրել և չուզենալ գոնե ժամանակ առ ժամանակ գալ: ԱՄՆ-ն այն երկրներից է, որտեղ օրենքն առանց բացառությունների գործում է բոլորի համար: Իսկ դա ևս մի դրական կողմ է: Եվ վերջապես ԱՄՆ-ի, մասնավորապես Լոս Անջելեսի, դրական կետը Խաղաղ օվկիանոսն է: Իսկ Հայաստանը, ցավոք, նույնիսկ ծով չունի:

-Իսկ ինչո՞վ եք այս պահին զբաղվում ԱՄՆ-ում, կցանկանա՞յի   իմանալ  Ձեր մեկ օրվա  նկարագրությունը:

-Այս պահին կրկին «Global arts»-ի նախաձեռնությամբ Մհերի հետ աշխատում եմ մի շատ կարևոր նախագծի իրականացման վրա: Մայիսի 11-ին տեղի Փալմ Սփրինգս քաղաքում տեղի է ունենալու Armenian world entertainment awards-ը, որին ներկա են լինելու հայկական ժամանցային ինդուստրիայի լավագույները: Հաղորդավարուհիներից մեկի հաճելի պարտավորությունը վստահված է նաև ինձ: Այլ մանրամասներ դեռ չեմ կարող հաղորդել:

-Հայաստանում կորպորատիվ միջացոռումներ,  համերգներ այդքան էլ հաճախ չէիք վարում (կամ վարում էիք գուցե  չէր լուսաբանվում), ԱՄՆ-ում Ձեզ փորձարկում եք նաև այդ ոլորտում: Ինչպե՞ս  եք ստացել  առաջարկը և դժվար չէ՞ր տեսախցիկից հետո լսարանի հետ անմիջական շփման անցումը:

-Հայաստանում ևս բազմիցս վարել  եմ կորպորատիվ միջոցառումներ և համերգներ: Իսկ առաջարկը «Global arts» ընկերության հիմնադիր Գարբիզ Թիթիզյանի կողմից ստացել եմ դեռ Հայաստանում: Ներկայումս արդեն ավելի քան 5 համերգ եմ վարել, թե Հայաստանում (Հուլիո Իգլեսիասի համերգի բացումը Մհերի հետ), թե ԱՄՆ-ում (Ռաֆայել Երանոսյանի հետ): Աշխարհահռչակ Nokia թատրոնում  Գևորգ Եղիազարյանի հետ վարել եմ նաև Արման Հովհաննիսյանի մենահամերգը: Այս համոգործակցությունները դեռ շարունակական բնույթ են կրում: Ինձ համար դժվար չէր տեսախցիկից հետո լսարանի հետ անմիջական շփումը, որովհետև լսարանի համար բազմիցս ելույթ եմ ունեցել որպես երգչուհի

-Լինելով երգչուհի, ով ներկայումս նաև նմանատիպ  համերգների հանդիսավարի դերում է հանդես գալիս, չեք նեղսրտո՞ւմ, որ այդ ամենին  հետևում եք միայն  կողքից, որովհետև  համաձայնեք,  որ այլ բան է, երբ  շոու-բիզնեսի մասին հաղորդում  եք վարում,  մեկ այլ բան` մեծ մաշտաբային  համերգի   մասնակից լինելը:

-Չեմ նեղսրտում, որովհետև եթե նման զգացում ունենայի, ապա նորից կսկսեի երգել. յուրաքանչյուր պահի կարող եմ վերսկսել իմ գործունեությունը որպես երգչուհի: Սա իմ որոշումն է, և, բնականաբար, եթե իմ որոշումն է, ուրեմն` որպես հաղորդավարուհի ինձ շատ ավելի երջանիկ եմ զգում: Բայց չեմ բացառում այն, որ  մի օր նորից կսկսեմ երգել:

-Ձեր հարզացրույցներին հետևելով այն եզրահանգման եմ եկել, որ Դուք որպես մարդ, ով ի սկզբանե  երգում էր, դադարեցրել է զբաղվել իր սիրելի գործով (համենայն դեպս լայն հասարակության համար), դա բացատրելով  հիասթափված լինելու հանգամանքով: Փորձենք բացել փակագծերը  և հասկանալ, թե  ի՞նչ տեսակ հիասթափության մասին է խոսքը:

-Բազմիցս ասել եմ, թե ինչ հիասթափություններ եմ ունեցել կապված թե ֆինանսական խնդիրների հետ, թե մարդկային սխալ շփումների հետ այդ ասպարեզում: Այն ժամանակ դեռ շատ փոքր էի, որպեսզի կարողանայի հասկանալ և հաղթահարել այդ ամենը: Ի վերջո, այսօր այնքան շատ տաղանդավոր երգիչ-երգչուհիներ կան և նրանց լայն զանգվածները չեն ճանաչում միայն այն պատճառով, որ նրանք տեսահոլովակ նկարահանելու կամ երգ ձայնագրելու ֆինանսական հնարավորություններ չունեն: Այդ ամենը, հավատացեք, մեծ գումարների հետ է կապված, և նրանք իրենց ապրուստը վաստակելու համար ստիպված երգում են ռեստորաններում կամ գիշերային ակումբներում: Տարիներ առաջ, երբ աշխատում էի Երգի պետական թատրոնում, հիշում եմ որքան շատ լավ երգիչներ կային և այսօր նրանցից շատ քչերն են կարողացել որոշակի հաջողությունների հասնել` այն էլ հիմնականում հեռուստատեսային երաժշտական նախագծերի շնորհիվ: Ըստ իս` ներկայումս հայկական շոու-բիզնեսում այն երգիչներն են ակտիվ, ովքեր մատուցում են անորակ երաժշտություն, իհարկե, բացառությամբ մի քանիսի: 

-Ֆեյսբուքյան  Ձեր էջում հաճախ  ենք տեսնում գրառումներ, որոնցում նշում  եք, որ շատ եք կարոտում Ձեր քույրիկին և Լեո անունով  կատվին, օվկիանոսից այն կողմ էլ  ինչի՞ պակաս ունեք:

-Այո, իսկապես շատ եմ կարոտում իմ ընտանիքին, իմ կատվին` Լեոյին, ի դեպ նա թեև աղջիկ է, բայց կրում է իմ ամենասիրելի դերասաններից մեկի` Լեոնարդո  Դի Կապրիոյի անունը: Նրա անվան հետ կապված պատմությունը շատ զվարճալի է: Օվկիանոսից այս կողմ ունեմ լավ մարդկանց, լավ ընկերների պակաս: Իսկ իմ ընկերներին շատ եմ կարոտում, քանի որ այստեղ մարդկանց արժեքային համակարգը այլ է, այլ կերպ են ընկերություն անում: Մենք դա ի զորու չենք  հասկանալ:

-Ամփոփելով զրույցը հետաքրքիր է իմանալ այս պահին ունե՞ք սիրելի:

-Այս պահին իմ սիրտն ազատ է և ես չունեմ սիրելի:

 

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին