Ռուսական բալետի արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան համերգային ծրագրով այցելել էր Կիև, որտեղ ներկայացրել էր նաև իր նոր՝ «Буду с тобой» տեսահոլովակը:
Կիևում գտնվելու ընթացքում Վոլոչկովան արտահայտվել է ռուսական շոու-բիզնեսի իր գործընկերների մասին: Արտիստուհին դատապարտել է Ուկրաինայի հարցում երգչուհի Վալերիայի եւ նրա ամուսին Իոսիֆ Պրիգոժինի պահվածքը: Վերջերս Վալերիան սատարել էր Ղրիմի հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը և հայտարարել, որ այլևս չի գնալու Ուկրաինա:
«Ներեցեք, բայց, իմ կարծիքով, դա մարդկային պոռնկություն է: Ես այդ չեմ ընդունում: Ու երբ նման մարդիկ սկսում են հայտարարել, ասենք՝ «ռուսաստանցիներ, եկեք չգնանք Ուկրաինա», ես տարակուսում եմ: Ինչպե՞ս կարելի է բաժանել ստեղծագործող մարդկանց, ովքեր միշտ միասին են եղել: Ուկրաինան միշտ հյուրընկալ է եղել Ռուսաստանից արտիստների հանդեպ: Իսկ հիմա այսպիսի խոսքեր լսել Վալերիայից եւ Իոսիֆ Պրիգոժինից…Ես պարզապես վրդովված եմ: Երբ պետք էր, նա գալիս ու մասնակցում էր բոլոր համերգներին, դրամ էր վաստակում…»,- նշել է Վոլոչկովան: