Երգահան Արա Գևորգյանը 2005 թվականին հեղինակել էր Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցին նվիրված «Ադանա» երգը և նույն անվամբ համապատասխան նախագիծը: Աշխարհի 20 լեզուներով հնչող երգի խոսքերի հեղինակն ամերիկացի Դենիել Դեքերն է:
Երգն ի սկզբանե տարբեր լեզուներով ներկայացնելն ունեցել է միջազգային հանրությանը Հայոց ցեղասապանության մասին իրազեկելու նպատակ, սակայն մինչ օրս այն չի հնչել հայերեն տարբերակով:
Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդ երգիչ Սևակ Ամրոյանն ասաց, որ դեռ նախորդ տարի մտածել էր երգի հայերեն տարբերակի ստեղծման մասին, սակայն նախագիծը կյանքի կոչելու փորձեր միայն վերջերս է արել.
«Արա Գևորգյանի «Ադանա» երգը միշտ էլ սիրել եմ և հասկանալով, որ այն չունի հայերեն տարբերակ մտածեցի նման բան նախաձեռնել: Հետագայում հայերեն երգելու առաջարկով դիմեցի երգիչ Մհերին: Ընդունում եմ, որ այն բավական ռիսկային աշխատանք է, սակայն ամեն ինչ արվել է Արա Գևորգյանի հսկողության ներքո, ինչի համար էլ շատ հանգիստ ենք: Ուղղակի ազգային ոգու շնորհիվ լուրջ և մնայուն աշխատանք ստեղծելու ցանկություն ունեինք»:
Թերևս, երգը մնայուն դարձնելու տարբերակներից մեկը տեսահոլովակ նկարահանելն է, ինչն էլ երիտասարդ երգիչներն օրեր առաջ իրականացրել են:
Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում երգիչ Մհերն ասաց, որ ցեղասպանության թեման իր կյանքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում.
«Մայրիկիս տատիկը Ղարսից էր գաղթել էր և դեռ փոքրուց այդ մասին շատ պատմություններ եմ լսել: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայի համար այս թեման շատ հուզիչ է և մեծ նշանակություն ունի: Հայերենով երգ ներկայացնելու առաջարկն էլ ինձ շատ էր դուր եկել և միագամից ընդունել էին այն»:
Ինչպես արդեն նշեցինք ըստ Սևակի` իրենց հանգստություն է հաղորդել Արա Գևորգյանի անմիջական վերահսկողությունը, առավել ևս, որ վերջինս, նվագակցելով տղաներին, նույնպես նկարահանվել է տեսահոլովակում:
Asekose.am-ի թղթակիցը կապ է հաստատել է երգահանի հետ` իր ստեղծած երգի նորովի մատուցման մանրամասներն իմանալու նպատակով: Արա Գևորգյանի խոսքերով` այս նախաձեռնությունն իրեն միայն ուրախացնում է.
«Լավ նախագիծ է, ուրախ եմ, որ տաղանդավոր երիտասարդները ներկայացնելու են երգի հայերեն տարբերակը: Մասնակցել եմ տեսահոլովակի նկարահանմանը, ի դեպ նշեմ, որ ինքս շատ քիչ թվով տեսահոլովակներ ունեմ, իսկ ինչ վերաբերում է այս աշխատանքին, ապա ասեմ, որ, տվյալ դեպքում, ենթարկվողի դերում էի: Կարծում եմ լավ աշխատանք ենք իրականացրել: Նշեմ, որ շուտով պատրաստվում եմ թողարկել նոր ձայնասկավառակ և տեսաերիզ, որում զետեղված է լինելու «Ադանա» երգը` 15 տարբեր լեզուներով: 15 թվի ընտրությունն էլ խորհրդանշական է»:
«Այս տեսահոլովակը նկարահանելով` ցանկանում ենք այնպես անել, որ թուրքերն այն նայելուց հետո ասեն` այո, մենք արել ենք այդ ոճրագործությունը»,-Asekose.am-ի թղթակցին ասել է «Ադանա» տեսահոլովակի ռեժիսոր և նախագծի համապրոդյուսեր Գեորգի Հարությունյանը:
Վերջինիս խոսքերով` ինքը թեև որպես ռեժիսոր քիչ է հանդես եկել, սակայն գաղափարի մասին լսելուց հետո միանագամից տեսահոլովակի սցենարի մասին պատկերացում է ունեցել.
«Մենք ներկայացրել ենք հայ բարձրաշխարհիկ ընտանիքներից մեկի պատմությունը: Փորձել ենք ցույց տալ հայերի կենցաղը և կյանքը: Շեշտը դրել ենք նաև այն հանգամանքի վրա, որ հավատքն է փրկել հայերին: Նշեմ, որ տեսահոլովակում հնչել է նաև Գուժ Մանուկյանի ձայնը, ցավոք, վատառողջ լինելու պատճառով նրան ներկայացնելու հնարավորություն չենք ունեցել: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել օպերատոր Արտյոմ Աբովյանին և այն բոլոր մարդկանց, ովքեր աջակցել են այս նախագծի իրականացմանը: Այս պահին իրականացվում են մոնտաժային աշխատանքները, կարծում եմ, որ մինչև ապրիլի 24-ը այն կներկայացնենք հանրությանը»:
«Հայերեն տարբերակի տեքստի հեղինակը Հենրիկ Անասյանն է և մեզ իսկապես պրեմիերա է սպասվում»,-Aseksoe.am-ի թղթակցին ասել է նախագծի համապրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը:
Մենք երկու հիմնական շեշտադրություն ենք արել. նախ 100-ամյա տարելիցին ընդառաջ փորձել ենք ներկայացնել նոր աշխատանք, որի շնորհիվ ցույց ենք տալիս հայերի բարձրաշխարհիկ և կայացած լինելու հանգամանքը և հետո տեսահոլովակի հիմքում ընկած է հավատքի թեման, քանի որ կատարվածը նաև ցեղասպանության էր հենց կրոնի դեմ»:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան