Որոշ ժամանակ առաջ ներկայացրել էինք, որ «Armenia Production» ընկերության գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մտադրություն ունի նկարահանել գեղարվեստական ֆիլմ, որը կկոչվի «Պացիենտ»: Այն ներկայացնելու է հայոց ցեղասպանության մանրամասները: Տեղեկացնենք, որ ֆիլմում ներգրաված են լինելու այնպիսի հոլիվուդյան հայտնի դերասաններ, ինչպիսիք են Ալեն Դելոնը, Դասթին Հոֆմանը և Էդրին Բրոուդին:
Պարզ է դարձել, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը արդեն իսկ դիմել է աշխարահռչակ ռեժիսոր, սցենարիստ Սթիվեն Սփիլբերգին ֆիլմն իրականություն դարձնելու նպատակով: Հիշեցնենք նաև, որ ֆիլմի երաժշտության հեղինակը լինելու է «System Of A Down» խմբի մեներգիչ հայազգի Սերժ Թանկյանը:
Տեղեկություններ են հայտնվել, որ օրեր առաջ այս առիթով Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը «Հայոց ցեղասպանության պնդումների» հարցով հատուկ օրակարգով հանդիպում է իրականացրել։
Ըստ տվյալ հանձնաժողովի անդամների` հայկական լոբբին մեծ բյուջե ունեցող ֆիլմ է պատրաստվում նկարահանել, ինչին ի պատասխան` նման նախաձեռնությամբ հանդես կգա նաև թուրքական կողմը։ Թուրքական ֆիլմը կանվանվի «Մեր սրտի վերքը»։ Նշենք, որ ֆիլմի նկարահանումները նախատեսվում են սկսել մեկ ամսից` Իզմիրում։
«Հայկական ֆիլմի անվանումը հայկական հարցի հետ որևէ կապ չունի։ Ընդամենը սիրային ֆիլմ է հիշեցնում»,-ասել է թուրք ընդդիմադիր պատգամավոր Սինան Օղանը: