▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր լավագույն երգչախմբերը մութ և ցուրտ տարիների արդյունք են, սակայն լույսերը վառվեցին... Գայանե Բաղդասարյան

Հաճախ լսում ենք դժգոհություններ, որ Հայաստանում ներկայումս չեն գնահատում իրական արվեստը և դրա նվիրյալներին, ինչի արդյունքում տարեց տարի  խնդիրներին լուծում տալու փոխարեն  դրանց ավելանում են նորերը: Սակայն ամեն ինչ այդքան անմխիթար չէ: Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր  ցանկանում են իրենց լուման ներդնել և արվեստը զենք դարձնելով շատ խնդիրներ լուծել: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա»-ի նախագահ Գայանե Բաղդասարյանի հետ, ով իր թիմի հետ միասին փորձում է երգչախմբային արվեստի զարգացման նոր ուղիներ փնտրել: 

-Գայանե, որքան տեղյակ եմ «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա»-ն համեմատաբար վերջերս  է հիմնվել,  կներկայացնե՞ք ստեղծման պատմությունը:

-«Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հ/կ-ը հիմնվել է 2013 թվ-ի նոյեմբերի 1-ին, քանի որ իսկապես կար դրա կարիքը: Մենք` խմբավարներս, չունեինք մեր ընտանիքը: Նախորդ տարի հյուրընկալել էինք «Եվրոպական երգչախմբային դիրիժորների ասոցիացիա»-ի նախագահին, ով շատ զարմացած էր, որ մենք չունենք նմանատիպ ասոցիացիա: Նրա մեկնումից  հետո մեր խմբավարները որոշեցին, որ պետք է բացը լրացնեն: Երբ հիմնվեց ասոցիացիան, պատվավոր նախագահ դարձավ մաեստրո Հովհաննես Չեքիջյանը: Նշեմ, որ մեր ասոցիացիայի հիմնադիր անդամներն են Տիգրան Հեքեքյանը, Սոնա Հովհաննիսյանը, Սարինե Ավթանդիլյանը, Յուրի Յուզբաշյանը, Քրիստինե Շերոյանը և այլոք:

-Իսկ ի՞նչ գործառույթներ պետք  է իրականացնեք:

-Թիմային աշխատանքն ավելի արդյունավետ է: Ասում են, որ  հեղափոխությունն անհատն է անում, բայց ամեն դեպքում նրա հետևում միշտ էլ թիմ է լինում: Մեր թիմի առջև կա ահռելի աշխատանք, որը պետք է իրակացնել, ինչպես նաև տարիներ ի վեր կուտակված  խնդիրներ: Վերադառնալով գործառույթներին` դրանք հետևյալն են. նպաստել հայ երգչախմբային արվեստի զարգացմանը և ներկայացմանը ողջ աշխարհում, լայնորեն ներկայացնել արտերկրի երգչախմբային արվեստը Հայաստանում, նպաստել աշխարհի տարբեր երգչախմբային  դպրոցների և նորամուծությունների տարածմանը, նպաստել նոր ստեղծագործական կապերի ստեղծմանը, հիմնել նոր երգչախմբեր, կազմակերպել համերգներ Երևանում, մարզերում, Արցախում, արտերկրում և այլն: Ծրագրերն իսկապես շատ են:

-Եթե փորձենք ամփոփել Ձեր և Ձեր թիմի աշխատանքը, այս սեղմ ժամանակահատվածում ի՞նչ կարողացաք իրականացնել: 

-Առաջին արձագանքը ստացանք Սյունիքի մարզից: Մեզ առաջարկեցին Կապանում վարպետաց դասեր անցկացնել: Իսկ մեր նպատակն օգտակար լինելն է: Սյունյաց մարզից հետո արձագանքեց Շիրակի մարզը: Այստեղ համագործակցում ենք  «Արվեստը հանուն խաղաղության» հ/կ-ի հետ: Շուտով Շիրակի մարզի Հառիճավանքի համալիրում 300 երեխաներ Կոմիտասի ծննդյան 145-ամյակին ընդառաջ երգելու են հայ հոգևոր երաժշտություն: Նշեմ, որ երբ ես ստանձնեցի  նախագահի պաշտոնը, առաջին  նիստին հայտարարեցի, որ  իմ նպատակն է երգչախմբային արվեստի զարգացումը մարզերում: Ուզում եմ այնտեղ երգչախմբային փառատոն ստեղծել, որպեսզի բոլոր երեխաներն առանց խտրականության մասնակցեն դրան և այն նման լինի մեծ տոնի: Անձամբ ես ցանկանում եմ սկսել հենց սահմանամերձ  մարզերից:

-Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այդ ցանկությունը:

-Բոլորս էլ գիտենք, թե սահմանամերձ գոտիներում ինչ պայմաններում են  ապրում և ինչ կարևոր է կոլեկտիվ արվեստի զարգացումն այնտեղ, որովհետև մեկ անհատ խմբավար սնում և դաստիարակում է բազում երեխաների: Երգչախմբային արվեստն առավել է մնացած արվեստի տեսակներից, որովհետև կոլեկտիվ արվեստի տեսակ է:  

-Բայց արդյո՞ք մարզերում, առավել ևս` սահմանամերձ գոտիներում, երբ, ցավոք,  կենցաղային խնդիրները միակը չեն, բնակիչներն ունեն արվեստին իրենց նվիրելու ժամանակը և կարիքը:

-Մարզային ավելի սուղ և զուսպ պայմաններում ապրող երեխաները, որոնցից ոչ բոլորն ունեն համացանցից օգտվելու հնարավորություն, գուցե շատ ավելի են շփվում բնության հետ, սակայն միաժամանակ նրանց ազատ ժամանակը ճիշտ կազմակերպելու կարիք կա: Ի դեպ, մեր լավագույն երգչախմբերը հենց մութ և ցուրտ տարիների  և սղության արդյունք են, սակայն լույսերը վառվեցին, մարդիկ կորցրեցին իրենց ԿԱՐԵՎՈՐ  հետաքրքրությունը, հեռացան հոգևորից, այնքան սահուն, որ իրենք էլ չզգացին:

-Ներկայումս թեև մութ և ցուրտ չէ, սակայն խնդիրների պակաս չունենք... Հավատո՞ւմ եք, որ տարիներ հետո կասեք, որ 2000-ականներին ստեղծվեցին մեր լավագույն երգչախմբերը:

 -Ես կարծում եմ վերջին շրջանում  այդ հսկաները  դժվարությամբ են ծնվում, բայց ամեն դեպքում ծնվում են…Ես լավատես եմ, թող մեկը ծնվի, բայց լինի շատ  լավը, թող ծառայի ազգին և լինի օրինակ:

-Բայց շատ հաճախ այդ հսկաներն իրենց ճանապարհն են փորձում հարթել Հայաստանի սահմաններից դուրս,  մշակութային արտագաղթի մասին ի՞նչ կասեք:

-Ես գիտեմ երկու մշակութային հսկաների, (անունները  չեմ ուզում նշել) որոնք, ապրելով Հայաստանի սահմաններից դուրս, վերադարձան և ասեցին, որ հայրենիքից  չեն նեղանում: Բացի դրանից պետք  չէ  վախենալ  արտագաղթից,  հաճախ հայերը եվրոպական երկրներում սպունգի պես ամեն լավ բան կլանում են և վերադառնում, իսկ եթե չեն  վերադառնում, ապա նշեմ, որ հայի գենի մեջ կա օգտակար լինելը:

-Եթե վերադառնանք ասոցիացիային, որո՞նք  ենք եղել հիմնական դժվարությունները, որոնք այս ընթացքում հանդիպել եք Ձեր  ճանապարհին:

-Որևէ նախագիծ իրականացնելու համար առաջին նախապայմանը լավ թիմ ունենալն է, չեմ ուզում ասել, որ  ֆինանսական  կողմը  կարևոր չէ: Սակայն  ամենահետաքրքիրն այն է, որ ֆինանսական տեսանկյունից մեր պարագայում  հարցերն երբեմն  ինքնին լուծվում են: Հայտնվում է մեկը, ով մեզ օգտակար է լինում: Եթե խոսենք մյուս խնդիրների մասին, ապա կնշեմ, որ հայերն ի ծնե անհատներ են, մենք սիրում ենք թե արվեստում, թե սպորտում մենակատար լինել: Բացի դրանից վերջերս, երբ եղա մարզում,  դաշնակահարը ղեկավարում էր երգչախումբը. սա  մեծ խնդիր է: Ես կուզեի, որ անվանի խմբավարները թողնեին սերունդներ, ովքեր կզբաղվեին իրենց մասնագիտությամբ և մենք կունենայինք խմբավարական  ամուր դպրոց:

-Ի՞նչ եք կարծում ձեր թիմին կհաջողվի  խմբավարների խնդիրը լուծել:

-Կարծում եմ 2015 թվ-ի գարնանը մենք խմբավարների համար մրցույթ  կկազմակերպենք: Ի վերջո, մրցակցությունը բերում է զարգացման, իսկ մենք պետք է բուժենք հիվանդ հատվածը: Ինչպես նաև հետագայում խմբավարների համար կանցկացնենք վարպետաց դասեր:

-Իսկ ի՞նչ գնահատական կտաք ներկայումս գործող երգչախմբերին:

-Շատ ծայրահեղ  ազգի տեսակ լինելով` կտեսնենք և շատ լավը, և շատ վատը: Վերջերս որպես ժյուրիի անդամ եղա «Երգող Հայաստան» մանկական երգչախմբային արվեստի 7-րդ հանրապետական մրցույթ-փառատոնին: Հետաքրքիրն այն էր, որ չկար վատ երգչախումբ, ուղղակի կար վատ տարված  աշխատանք: Նորից խմբավարների հարցն է, եթե խմբավարը լավն է` երգչախումբն էլ է լավը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին