▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատ խոսքի իրագործումը պիտի հակակշռվի մարդու արժանապատվության իրավունքը հարգելով. Լիլիթ Հովհաննիսյան

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նամակ է գրել Asekose.am-ին`անդրադառնալով մեր կայքում տեղ գտած մի հրապարակմանը և խնդրելով ներողություն հայցել իրենից` հրապարակման մեջ առկա ապատեղեկատվության և իր հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար:

Asekose.am-ը  ստորև ներկայացնում է Լիլիթ Հովհաննիսյանի նամակն`առանց մեկնաբանության և այս հրապարակմամբ նաև ներողություն խնդրում երգչուհուց` ընդգծելով, որ մեր կայքը նպատակ չունի վիրավորել որևէ մեկին, այդ թվում` երգչուհուն:

 

«www.asekose.am կայքում 06.06.2014թ-ին «Լիլիթ Հովհաննիսյանը և Արամեն շատ խիստ նեղացրել են Վլադիվաստոկի հայերին» վերնագրի ներքո լույս է տեսել հոդված, որը լի է իմ մասին ապատեղեկատվությամբ և իմ հասցեին հնչեցված վիրավորական արտահայտություններով: Հոդվածը ամբողջությամբ վերարտադրված է Facebook.com սոցիալական ցանցում «Անկախ Հայաստան» անվանումով օգտատիրոջ էջում հրապարակված հոդվածից։ Այդուհանդերձ, նշված էջում բացակայում է օգտատիրոջ կամ հեղինակի որևէ անհատական տվյալ։ Այսինքն, Ձեր կայքում հրապարակված հոդվածը արտատպված է անոնիմ աղբյուրից: Նման պայմաններում հրապարակողն է կրում հոդվածի համար իրավական պատասխանատվության ողջ բեռը:

Ես գնահատում ու կարևորում եմ ազատ խոսքի, այդ թվում նաև հանրային դեմքերի նկատմամբ քննադատական խոսքի կարևորությունը ժողովրդավարական հասարակությունում, սակայն միևնույն ժամանակ գտնում եմ, որ այդ իրավունքի իրագործումը պետք է հակակշռվի մարդու արժանապատվության իրավունքը հարգելու սկզբունքով: Իմ խորհին համոզմամբ դրան կարելի է հասնել բարեխիղճ լրատվությամբ:

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ տվյալ նյութը հրապարակվել է համացանցում, որտեղ մեկ անգամ տարածված խոսքը մնում է որպես այդպիսին ընդմիշտ՝ հրապարակայնորեն և տարբեր տիրույթներում շարունակ քննարկվելով և մեկնաբանվելով բազմաթիվ մարդկանց կողմից` յուրաքանչյուր անգամ վիրավորելով մարդու պատիվն ու արժանապատվությունը: Հենց այս հանգամանքն է հիմնականում ինձ ստիպել դիմել Ձեզ այս նամակով:

      Հաշվի առնելով վերը նշվածը` խնդրում եմ ներողություն խնդրել ինձ հրապարակավ վիրավորելու համար` տպագրելով հետևյալ տեքստը. ««asekose.am» լրատվական կայքը հայցում է Լիլիթ Հովհաննիսյանի ներողամտությունը  06.06.2014թ.–ին հրապարակված «Լիլիթ Հովհաննիսյանը և Արամեն շատ խիստ նեղացրել են Վլադիվաստոկի հայերին» վերնագրով հոդվածում տեղ գտած անձի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ պարունակող հոդվածի համար» և հրապարակել այս նամակը որպես «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պատասխանի հրապարակում:

 

Հարգանքով`

Լիլիթ Հովհաննիսյան

 

Սյուզաննա Գարեգինյան

Իրավախորհրդատու»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին