Երևի քչերը գիտեն, որ հոլիվուդյան քմահաճ աստղերից շատերն իրենց բեմական հագուստների պատրաստումը վստահում են մեր հայրենակից Սիլվա Չաքմաքչյանին:
Բանկային գործ սովորած Սիլվան մոտ 40 տարի առաջ առանց վարանելու թողեց իր մասնագիտական աշխատանքն ու սկսեց զբաղվել նորաձևությամբ: Աշխատասիրությունը նրան շուտով տվեց առաջին դրական արդյունքները` Սիլվան հիմնադրեց սեփական կարի արհեստանոցը և ամեն ինչ այդտեղից էլ սկսվեց:
Հիմա Սիլվա Չաքմաքչյանը լոսանջելոսյան Silvias Costumes բրենդի հիմնադիրն է: Այստեղ աշխատում են ամերիկաբնակ շատ հայեր, ուր հիմնականում իշխում է հայկականը:
«Առաջին հերթին աշխատանքի եմ ընդունում հայերին, որովհետև նրանք ձեռքի յուրահատուկ շնորհք ունեն, հենց նրանց շնորհիվ է, որ իմ արվեստանոցն այսպիսի տեղ է գրավում Միացյալ նահանգներում»,-նշում է Սիլվա Չաքմաքչյանը:
Նրա խոսքով իրենց մոտ աշխատանքային գրաֆիկ չկա, գիշեր և ցերեկ հաշվի չեն առնվում, եթե կա պատվեր, ապա բոլորը մեկ մարդու նման ներկայանում են աշխատանքի և հենց այստեղ է թաքնված Silvias Costumes-ի հաջողության գրավականը:
Իսկ այս բրենդի հաջողությունն ամենևին էլ տեսական ու բառերով չէ: Բավական է միայն նշել, որ մեր հայրենակցուհու մշտական հաճախորդների թվին են պատկանում այնպիսի համաշխարհային շոուբիզնեսյան աստղեր, ինչպիսիք են Ջանեթ Ջեքսոնը, Շերը, Ռիհաննան, Ջենիֆեր Լոպեսը, Քեթի Փերին, Արիանա Գրանդեն, Դայանա Ռոսը, Դոլի Փարթոնը և ամեն ինչ ավելի քան պարզ է դառնում:
«Այս մարդկանց հետ շատ հեշտ է աշխատելը, նրանք գալիս են մեզ մոտ պատվերը տալիս են, հետո մտերմանում ենք, պարում, ուրախանում իրենց զգեստը վերցնում գնում են»,-պատմում է նա:
Սիլվա Չաքմաքչյանը բացի հաջողակ գործարար կին լինելուց` նաև բարերար է, սակայն միշտ նախընտրում է այս մասին չբարձրաձայնել:
«Եթե ես մեկի համար մի լավ գործ եմ անում, կամ օգնում եմ այդ մասին իմանում են երկու հոգի` ես և նա, և դա բավարար է, սա է իմ կյանքի սկզբունքը»,-ընդգծում է տիկին Չաքմաքչյանը:
Իբրև գործարար կին` մեր հայրենակցուհին բազում պարգևներ է ստացել, այդ թվում` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կողմից: Արամ Առաջին կաթողիկոսի կողմից էլ տիկին Սիլվան արժանացել է «Կիլիկյան ասպետ» շքանշանին` իր իսկ հիմնած «Գառնի» հաստատության միջոցով տարիներ շարունակ աշխարհասփյուռ հայության նու հատկապես հայրենիքին ուղղած սրտաբուխ նվիրատվությունների համար:
Սիլվա Չաքմաքչանի հետ հետաքրքիր զրույցի ամբողջական հեռուստատեսային տարբերակը կարող եք դիտել կիրակի օրը Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում: