«Նոր ալիք» միջազգային երգի մրցույթում մեր մասնակցի` Սոնա Ռուբենյանի երեկվա ելույթի մասին կարծիքները տարբեր են. ներկայացնենք դրանցից մեկը, որի հեղինակը լրագրող Գայանե Մուքոյանն է:
«Նկատե՞լ եք, արդեն որերորդ անգամ միջազգային մրցույթի ենք ուղարկում երիտասարդ աղջիկների, որոնց վոկալը 10 է, բայց արտիստիզմն ու ոճը՝ 0: Ախր, չի կարելի էդ երեխեքին նշանդրեքի շոր հագցնելով ու մազերն ուղղակի ֆենելով բեմ հանել: Լավ, հնարավոր չէ՞ ստեղծել բեմական, վառ անհատականություններու հետաքրքիր կերպարներ:
Ի վերջո, ոչ-ոք չի կարող ժխտել, որ կոնկրետ այս մրցույթում հաջողության են հասել մեր հենց այն մասնակիցները, որոնք, բացի փայլուն վոկալից, ունեցել են նաև որոշակի շարմ, արտաքին տվյալներ, և կամ եղել են համապատասխան կերպարի մեջ. Մհերն՝ իր երկար մազերով ու հայկական խոսուն դեմքով, Էրիկը՝ փոքրամարմին, կրքոտ մաչոյի արտիստիկ կերպարով, էլ չենք ասում Սոնա Շահգելդյանի մասին՝ գլխի «քոլոզով» ու 90/60/90 ստանդարտին հակառակ իր «ստանդարտներով»»:
Նշենք, որ Յուրմալայում երեկ կայացել է «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի առաջին մրցութային համերգը, որի ընթացքում 13 երկրների 16 մասնակիցներ կատարեցին համաշխարհային հիթեր: Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը հանդես եկավ տասներորդ համարի ներքո՝ կատարելով Մայլի Սայրուսի «Wrecking ball» երգը: Ժյուրին նրան 67 միավոր է տվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին, մրցույթի մասնակիցները երգելու են իրենց երկրի հիթերը՝ նախորդ տարիներին մրցույթում իրենց երկիրը ներկայացրած մասնակցի հետ։
Սոնա Ռուբենյանը Մհերի հետ երգելու է «Հայաստան» երգը՝ նվիրելով այն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Մրցութային երրորդ օրը մասնակիցները կատարելու են հեղինակային ստեղծագործություններ: Սոնա Ռուբենյանը կերգի իր «Աշնան սերենադ» երգը: