Երեկ Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ սցենարիստ Դիանա Գրիգորյանը «Հարազատ թշնամի» սերիալի զարգացումներն այնպես է կառուցում, որ սերիալի դերասաններն արձակուրդ գնալու հնարավորություն չունենան:
Անկախ Հայաստանը մասնավորապես գրել է.
«Իմ շատ լավ ընկերներից մեկն այնտեղ խաղում է ու հենց նոր նա ինձ ասաց, որ «Հարազատ թշնամի» սերիալում Դիանան չի թողնում, որ մարդիկ արձակուրդ գնան ու չի փոխում սցենարի նախնական տարբերակը: Ոչ ոք չի կարողանում Դիանա Գրիգորյանին համոզել սցենարում փոփոխություն կատարի, որպեսզի մարդիկ մարդավարի կարողանան գնան արձակուրդ: «Միայն Գուժ Մանուկյանին, տարիքը հարգելով թողեցին գնա, իսկ մնացածիս համար Դիանան բացառություններ չի անում ու բոլորին ստիպում են շարժվել իր գրած սցենարով: Ես որոշել եմ դիմել սերիալի պրոդյուսերին, որ Դիանային համոզի ու գոնե հերթով սցենարային արձակուրդ ունենանք».
Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Դիանա Գրիգորյանի հետ` ճշտելու լուրի իսկությունը: Վերջինս զարմացած և մի փոքր զայրացած ասաց, որ նման բան չկա.
«Մեր գրեթե բոլոր դերասաններն այս պահին արձակուրդի մեջ են գտնվում, այդ թվում` Լուիզա Ղամբարյանը, Անուշիկ Մարգարյանը, օգոստոսի 8-ին արձակուրդ կգա Նատան, մի քանի օր անց Տաթևիկ Ադումյանը: Եթե հետևում եք սերիալին, երևի թե տեսած կլինեք, որ Լուիզան, Անուշիկը գնացել են, այս պահին գրեթե 4 հոգի արձակուրդում են, և ճիշտն ասած արդեն չգիտեմ ինչ անել, ինչ գրել, որ ֆիլմը շարունակվի: Դավիթ Թադևոսյանը 22 օրով մեկնեց ԱՄՆ, այսինքն` նույնիսկ այդքան երկար ժամանակով են գնում… այդ կարծիքը ծիծաղելի է, շատ ծիծաղելի է:
Ես ինքս անորոշության մեջ եմ այս պահին, քանի որ չգիտեմ, ոնց ծավալել իրադարձությունները, որպեսզի ֆիլմը մնա եթերում: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ես պետք է արձակուրդ տամ, դա իմ իրավունքների մեջ չի մտնում, ինքս արձակուրդի չեմ մեկնում, շատ կուզենայի մեկնել և հանգստանալ, բայց չեմ կարող քանի որ ֆիլմը շարունակվում է և դա ղեկավարության որոշումն է»:
Asekose.am-ի թղթակցին հաջողվեց կապ հաստատել «Հարազատ թշնամի» սերիալի դերասանուհի Տաթևիկ Ադումյանի հետ.
Այն հարցին, արդյո՞ք նա վայելել է իրեն հասանելի հանգիստը կամ նման հնարավորություն ունի, Տաթևիկը լակոնիկ պատասխան տվեց.
«Ես չեմ կարող որևէ հարցի պատասխանել, ավելի ճիշտ կլինի, որ կապվեք Դիանայի հետ, սա մեր ներքին խոհանոցն է և ես չեմ ցանկանում որևէ բան խոսել»:
Սակայն զրույցի վերջում, ասաց, որ շուտով մեկնելու է հանգստի:
«Նման խնդիր չկա, արդեն երկար տարիներ համագործակցում եմ Դիանա Գրիգորյանի հետ, ով ընդառաջում է դերասաններին և ըմբռնումով է մոտենում ցանկացած հարցի: Դա ուղղակի բամբասանք է»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Դիանա Գրիգորյանին ուղղված համացանցային մեղադրանքների վերաբերյալ ասաց «Հարազատ թշնամի» սերիալի դերասանուհի Իրինա Հարությունյանը:
Այնուհետև դերասանուհին պարզաբանեց, թե ինչու այս ամառ դեռ չի հանգստացել.
«Չեմ գնում հանգստի միայն իմ որոշմամբ, երևի դա կանեմ աշնանը»:
Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան