Համացանցում հայտնվել է Ներսիկ Իսպիրյանի «Սասնա հարսանիք» անվանումով տեսահոլովակը, որի ռեժիսորը Վահե Հարությունյանն է: Տեսահոլովակում իր մասնակցությունն է ունեցել նաև դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանը: Սակայն վերջինս նոր դերով հանդես չի եկել, այլ ևս մեկ անգամ մարմնավորել է «Yere1» հումորային նախագծից հայտնի մշեցի ավանդապաշտ տաքսու վարորդ Առաքելին:
Տեսահոլովակի վերաբերյալ Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Bianco Media Group-ի պրոդյուսեր Դավիթ Բադալյանի հետ, (Bianco Media Group-ը ներկայումս զբաղվում է Ներսիկ Իսպիրյանի պրոդյուսերական աշխատանքներով): Վերջինիս խոսքով` «Սասնա հարսանիքը» մյուս հարսանեկան երգերից տարբերվում է իր հումորային բնույթով.
«Բոլորն էլ գիտեն, թե Ներսիկ Իսպիրյանն ինչպիսի երգիչ է, սակայն փորձեցինք հարսանեկան թեմային հումորով մոտենալ: Չուզեցինք «շաբլոն» տեսահոլովակ նկարահանել: Հետագայում Ներսիկ Իսպիրյանի մատուցմամբ նոր և ոչ հումորային գործեր էլ կլինեն, որովհետև նա ժողովրդական երգի խորհրդանիշերից մեկն է»:
Դավիթ Բադալյանը նաև անդրադարձավ Գրիգոր Դանիելյանի մասնակցությանը, առավել ևս, որ վերջինս հանդես է եկել ավանդապաշտ Առաքելի կերպարով.
«Գրիգոր Դանիելյանը տվյալ տեսահոլովակում հանդես է եկել հարսանեկան մեքենայի վարորդի դերում, ով ողջ ընթացում փորձում է կազմակերպել իսկական Սասնա հարսանիք, քանի որ մյուսները շատ ժամանակակից են: Մենք, իհարկե, ժամանակակիցին դեմ չենք, ուղղակի այն ունի սահմաններ, որոնք պետք չէ անցնել:
Ստորև առաջարկում ենք դիտել Ներսիկ Իսպիրյանի «Սասնա հարսանիք» տեսահոլովակը:
Հեղինակ ` Լիլիթ Հակոբյան