▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

The Beautified Project-ի հին երգի նոր տեսահոլովակը` Սոնա Ռուբենյանի մասնակցությամբ

The Beautified Project-ը և Սոնա Ռուբենյանը ներկայացրել են իրենց համատեղ «Wait» անվանումով  տեսահոլովակը: Թեև սա նրանց  առաջին համագործակցությունն է, սակայն տվյալ երգն արդեն 10 տարվա  պատմություն ունի:

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում The Beautified Project-ի մենակատար Անդրե  Սիմոնյանն ասաց, որ իրենք այս երգը հաճախ  են ներկայացրել, նույնիսկ  համերգների  ընթացքում  այն հնչել է այլ երգչուհիների  կատարմամբ.

«Երգը գրել եմ 10 տարի առաջ, քանի որ  այս տարի  նշում ենք  մեր խմբի 10-ամյակը մտածեցինք, որ հետաքրքիր կլինի ներկայացնել  մեր առաջին երգերից որևէ մեկը:  Իսկ Սոնայի վերաբերյալ էլ կարող եմ ասել, որ երբ ԱՄՆ-ում էի, տեսա նրան հեռուստացույցով, Երևան  գալուց հետո էլ անմիջապես կապվեցի, որից հետո էլ հանդիպեցինք: Սոնան երգն այնպես կատարեց, ինչպես այն  ստեղծելիս  պատկերացրել էինք»:

Ինչ վերաբերում է տեսահոլովակին, Անդրեն նշեց, որ իրենք ոգեշնչվել էին աշխարհահռչակ Metallica խմբի«Nothing else matters» երգի տեսահոլովակով.

«Տեսահոլովակի ստեղծման համար Լոնդոնից հատուկ ժամանել էր Ռենե Բամբանը. արդյունքից  շատ գոհ ենք, առհասարակ, սիրում եմ պարզ տեսահոլովակներ»:

Նշենք, որ «Wait» տեսահոլովակը The Beautified Project-ի կողմից միակ անակնկալը չէ, դեկտեմբերի 1-ին Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունենալու The Beautified Project-ի մենահամերգը:

Հիշեցնենք, որ օրեր  առաջ Սոնա Ռուբենյանը Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման  հյուրն էր, որի ժամանակ նա նշել էր, որ շուտով պատրաստվում է ակտիվ ստեղծագործական գործունեություն ծավալել, այդ թվում`  ներկայացնել նոր տեսահոլովակներ:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին