Երեկ` Թալինի շրջանի Հակո գյուղում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանուհի Լուիզա Ղամբարյանն ուշագնաց է եղել:
Այս տեղեկությունը Asekose.am-ին փոխանցեց նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը`«Ճոյտը», ով ֆինանսավորում է տվյալ ֆիլմը և հանդես է գալիս սցենարի հեղինակի դերում: Վերջինիս խոսքով` իրենք նկարահանում էին գաղթի տեսարանը, երբ Լուիզա Ղամբարյանի ինքնազգացողությունը վատացել է.
«Նկարահանում էինք մի տեսարան, որտեղ 350-400 գաղթականների թուրքերը ձիերով տանում էին և հարվածում: Ըստ սյուժեի` Լուիզան պետք է ինքնասպան լիներ և դա նկարահանելուց էլ ուշագնաց եղավ:Մեզ մոտ բժիշկներ կային, ովքեր օգնության հասան»:
Հակոբ Հակոբյանը նաև ասաց, որ երբ Լուիզան արդեն իրեն լավ էր զգում, գրկել էր նկարահանման հրապարում գտնող երեխաներին և լաց էր լինում.
«Երբ Լուիզային հարցրեցի` գո՞ւցե ցրտի պատճառով է իրեն վատ զգացել, ասաց, որ ուղղակի մի պահ մտովի 100 տարի առաջ հետ էր գնացել և պատկերացրել, թե ինչ է զգացել մեր ազգն այդ պահին»:
Նշենք, որ Հակոբ Հակոբյանն այս պահին գնում էր նկարահանման, սակայն դժվարացավ նշել, թե այս պահին իրեն ինչպես է զգում դերասանուհին: Հակոբ Հակոբյանը դեռ տեղյակ չէր, արդյո՞ք այսօր Լուիզան մասնակցելու է նկարահանմանը, թե՞ ոչ:
Asekose.am-ի թղթակիցը փորձել էր կապ հաստատել դերասանուհու հետ, սակայն վերջինս զանգերին չի պատասխանում:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան