Գաբի Գալոյանի «Երանի» երգն ընթացիկ տարվա ամենասիրված երգերից մեկն էր, թեև այն, նախքան տեսահոլովակով ներկայացնելը, արդեն տարիների պատմություն ուներ: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է հիթային երգը կատարող Գաբի Գալոյանի հետ` ինչպես ստեղծագործական գործունեության, այնպես էլ ընտանիքի և մորեղբոր` Վանո Սիրադեղյանի մասին:
-Գաբի, ամիսներ առաջ «Երանի» տեսահոլովակը մեծ հաջողություն գրանցեց, սակայն դրանից հետո կարծես լռեցիք: Ո՞րն է տևական դադարի պատճառը:
-Երանի երգն արդեն 3 տարվա կյանք ունի. ինչ-ինչ պատճառներով տեսահոլովակն ուշացրեցի, չնայած ի զարմանս ինձ` դրա դիտողականություններն իմ սպասվածից ավելին էին: Սկզբում մտավախություն կար, որ երգն արդեն լսված և սիրված է ու հնարավոր է, որ տեսահոլովակն այլևս չդիտեն, սակայն ապշեցի, երբ 4 ամիս շարունակ հիթ շքերթների առաջին հորիզոնականներում էր… Չէի ասի, որ դադարը տևական է, քանի որ հիմա հաջորդ երգս եմ պատրաստոմ, որի տեսահոլովակը պատրաստ կլինի 2015-ի սկզբին:
-Մեկ անգամ նշել եք, որ շատ դժվար է առանց որևէ օգնության կամ էլ առանց որևէ մեկին խնդրելու հաջողություն ունենալ: Գո՞ւցե դա է պատճառը, որ Ձեր մուտքը, թեև անուշադրության չմատնվեց, սակայն հետագա հաջողությունն էլ կարծես շարունակական չեղավ…
-Այո, պետք է խոստովանեմ, որ ինձ մոտ ամեն ինչ շատ մեծ դժվարությամբ է ստացվում, որովհետև չունեմ հովանավոր, պրոդյուսեր: Ծախսատար շոու բիզնեսում շատ դժվար է միայնակ գործելը, իսկ հետագա հաջողությունը դեռ նոր է սկսվելու, սա դեռ իմ առաջին տեսահոլովակն էր (ժպտում է):
-Միաժամանակ, հիշում եմ, որ նախքան «Երանի»-ի պրեմիերան, Երևանում զբոսնելիս հաճախ կարելի էր հանդիպել Ձեր լուսանկարներով պաստառներ…Դրանց հաջորդեցին նմանատիպ խոսակցություններ` «տեսնես ո՞վ է, որ նման PR են անում»: Այս տեսակ խոսակցությունները Ձեզ էլ էին հասե՞լ:
-Լրատվամիջոցները միշտ իմ կողքին են եղել, ինչի համար նրանց շնորհակալ եմ: Ինչ վերաբերում է իմ PR-ին, դրա համար երբեք որևէ գումար չեմ ծախսել, իսկ այն որ կատարողը, ունենալով ընդամենը մեկ տեսահոլովակ, ուշադրության կենտրոնում է, արդեն լավ է:
-Շարունակելով թեման` հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչիպիսի ընտանիքից եք Դուք, ովքե՞ր են Ձեր ծնողները:
-Իմ ծնողները երաժիշտներ են: Հայրս` Սահակ Գալոյանը, Հայաստանում առաջին ազգագրական` «Զորավար Անդրանիկ» անսամբլի ղեկավարն էր: Ավաղ, նրա մահից հետո չկարողացանք պահել խումբը, իսկ մայրս ժողովրդական երգչուհի է…
-Տեղյակ եմ, որ Ձեր երաժշտական ճաշակի ձևավորման հարցում մեծ ներդրում ունի Ձեր մայրը. նա ի՞նչ տեսակ ազդեցություն է գործում Ձեր երգացանկի ընտրության վրա:
-Մայրս իմ ամենամեծ քննադատն է, ժողովրդական երգեր ընտրելիս, բնականաբար, խորհրդակցում եմ նրա հետ: Շատ դեպքերում երաժշտական անհամաձայնություններ ենք ունենում, բայց նրանից շատ բան եմ սովորել: Ծնողներիս շնորհիվ ունեմ երաժշտական մեծ պաշար, ինչի համար շնորհակալ եմ:
-Մեկ անգամ նշել եք, որ Ձեզ համար առաջնահերթ է ժողովրդական երգը. բոլորս էլ հիշում ենք «Սարի աղջիկը» Ձեր մատուցմամբ, սակայն ասել, որ այդ տեսակ երաժշտությունը գերակշռում է Ձեր երգացանկում սխալ կլինի, թե՞ դա թյուր կարծիք է:
-Ժողարվեստն իմ տարերքն է, այն է, ինչ արյանս մեջ է: Կոմերցիոն երգերը պատրաստվում են զուտ ճանաչողություն ձեռք բերելու, մասշտաբային լսարան հավաքելու և գումար աշխատելու նպատակով: Եթե ես չաշխատեմ գումար, հաջորդիվ ոչինչ անել չեմ կարող: Միաժամանակ ունեմ նպատակ այդ ամենին զուգահեռ ժողովրդականը հրամցնել:
-Գաբի, քիչ առաջ խոսեցինք Ձեր ծնողներից. օրեր առաջ հայտնի է դարձել, որ Դուք հասարակական և քաղաքական գործիչ, արձակագիր Վանո Սիրադեղյանի զարմուհին եք, ի՞նչ հիշողություններ ունեք հայտնի մորեղբորից:
-Եթե անկեղծ լինեմ, ինքս երբեք այդ մասին չեմ խոսել և փորձել եմ թաքցնել նրա զարմուհին լինելու փաստը: Վերջերս եմ խոսել այդ մասին` պատմելով իմ ընտանիքից:
-Դուք նրան Ձեր տաղանդը ներկայացնելու հնարավորություն երբևէ ունեցե՞լ եք: Եթե` այո, ապա ի՞նչ կարծիք եք լսել նրանից:
-Մեր ընտանիքը երաժշտական ընտանիքը է: Երգն ու երաժշտությունը անպակաս է եղել մեզանից: Բոլորը միշտ էլ իմացել են, որ ունեմ երգելու տաղանդ և գիտեին, որ այդ գծով եմ շարունակելու: Իսկ իր կարծիքը հուսամ մի օր հենց իրենից կլսեմ:
-Այն մասին, որ Վանո Սիրադեղյանը Ձեր մորեղբայրն է, խոստովանել եք միայն վերջերս, սակայն միաժամանակ նշել եք, որ Ձեր հոր մահից հետո պրն. Սիրադեղյանը հոր պես է եղել Ձեզ համար… Դժվա՞ր չէ լսել նրա անձի վերաբերյալ խիստ ծայրահեղ կարծիքներ և մեկնաբանություններ, չէ որ ինքներդ ասում եք, որ նա պարզապես մորեղբայր չէր Ձեզ համար…
-Անցյալում էր դժվար լսելը, հիմա հասունացել եմ, ունեմ իմ սեփական ամուր կարծիքը…Մարդը չի կարող լինել բոլորի կողմից սիրված` հատկապես շոու բիզնեսում կամ քաղաքականության մեջ գտնվողը: Միշտ ունեցել եմ իմ ստաբիլ կարծիքը նրա անձի վերաբերյալ և կողքի կարծիքները հատկապես վերջերս ինձ բացարձակ չեն հետաքրքրում:
-Այսօր համացանցում կարող ենք նաև հանդիպել կարծիքներ, որոնց համաձայն եթե Վանո Սիրադեղյանը ներկայումս այստեղ լիներ ամեն ինչ այլ կլիներ: Ըստ Ձեզ այդ «այլ» ասվածն ինչպիսի՞ն կլիներ և արդյո՞ք նա ազդեցություն կունենար նաև Ձեր ստեղծագործական ուղու վրա:
-Այո, եթե նա լիներ այստեղ, շատ բան այլ կերպ կլիներ ժողովրդի համար: Իսկ իմ գործնական ասպարեզում ինքս ինձ երբեք թույլ չէի տա շահարկել նրա անունը` անգամ եթե ունենայի այդ հնարավորությունը: Դա իմ ձեռագիրը չէ, սիրում եմ դժվարություններն ինքս հաղթահարել, ինձ դա դուր է գալիս…
-Վերադառնալով Ձեր երաժշտական գործունեությանը և ամփոփելով զրույցը` կուզեի իմանալ արդյո՞ք նորություններ սպասենք Ձեզանից:
-Հիմա, ինչպես արդեն նշեցի, նոր երգիս աշխատանքներն են տարվում: Պատրաստվում եմ համերգային ծրագրի, հավաքել եմ իմ բենդը, որի հետ կապված ունեմ լուրջ ծրագրեր և նպատակներ: Արդեն արտերկրից հրավերներ ունենք… առաջ Աստված:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան