Դիտեք նաև՝
Ալինա Մարտիրոսյանը ներկայիս ամենապահանջված դերասանուհիներից մեկն է. նա գրեթե չի հեռանում հեռուստաէկրաններից, իսկ տարիներ առաջ ֆիլմում հնչեցրած նրա «Ну все карлик ты труп» արտահայտությունն ամենատարածվածն էր: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է դերասանուհու հետ` աշխատանքային նորությունների, որդու, Հայաստանի խնդիրների և երկրից հեռանալու մասին:
-Ալինա, Ձեր աշխատանքային կենսագրությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ միշտ շատ բազմազբաղ եք եղել և տարբեր ոլորտներում փորձել եք Ձեզ: Այսօր նկարահանվում եք բավական հաջողված նախագծում` «Տնփեսա» սիթքոմում, արդյո՞ք Ձեր ներկայիս մասնագիտական գործունեությունը բավարարում է Ձեզ: Եվ եթե` այո, ապա ի՞նչն է պակասում հենց աշխատանքային գործունեության մեջ:
-Եթե խոսքը սիթքոմի մասին է, ապա` այո, բավարարում է, որովհետև սիթքոմից շատ բան չի պահանջվում: Իսկ մասնագիտական առումով շատ ավելի լուրջ դեր կուզենայի, մոտավորապես այնպիսին, ինչպիսին է «Եղբայրներ» հեռուստասերիալի Մադլենի կերպարը:
-Ընդամենն օրեր առաջ տեղի է ունեցել «Ուրիշի փոխարեն» ֆիլմի պրեմիերան, որում մասնակցություն եք ունեցել նաև Դուք: Որքանով տեղյակ եմ` ներկայումս նկարահանվում եք ևս մեկ ֆիլմում: Կխոսե՞ք ֆիլմերում հանդես գալու Ձեր տպավորությունների մասին, որովհետև գրեթե բոլոր դերասանները պնդում են, որ ֆիլմում և սերիալում նկարահանվելու տարբերությունը հսկայական է:
-«Ուրիշի փոխարեն» ֆիլմում ամեն ինչ շատ ուրիշ էր… Մեզ հետ աշխատում էին ազգությամբ ռուս մարդիկ, ամեն ինչ ընթանում էր շատ դինամիկ, կազմակերպված և արագ: Դերասանի հանդեպ իրենց վերաբերմունքն լիովին այլ է, ամեն րոպե որևէ մեկը մոտենում և հարցնում էր` ի՞նչ կխմեք, ի՞նչ կուզեք, քաղցած չե՞ք: Ընդհանրապես, գեղարվեստական ֆիլմերում մոտեցումը շատ տարբեր է: Ինչ վերաբերում է մյուս ֆիլմին, կրկին ամեն ինչ նշածս տարբերակով էր, անձնակազմը շատ հոգատար էր, ամեն ինչ շատ հետաքրքիր էր. մայիսին պետք է շարունակենք նկարահանումները:
-Կերպարային առումով զարմացնելո՞ւ եք:
-«Ուրիշի փոխարեն» ֆիլմում մարմանավորածս կերպարը «Տնփեսայի» Էդիտային համահունչ է, որևէ զարմացնելու բան չկա: Մարմնավորում եմ հարուստ, լկստված, գլամուր աղջկա, ով ոչինչ և ոչ մի տուն չի հավանում, իրեն միայն դուր է գալիս այն փաստը, որ երբ մոտենում է հայելուն, այն իր շուրթերը մեծ է ցույց տալիս: Նա նույնիսկ չի նկատում, որ տվյալ տունը շքեղ է, նրան ոչինչ չի հետաքրքրում, որովհետև շատ հարուստ է: Մյուս ֆիլմում մարմանավորում եմ ուկրաինացի դիպուկահարի:
-Տարիներ առաջ ընդամենն էպիզոդիկ դերով էիք հանդես եկել «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմում, սակայն Ձեր կողմից հնչած «Ну все карлик ты труп» արտահայտությունը, թերևս, ամենահիշվողներից մեկն էր, ինչին էլ հաջորդեց Ձեր հետագա հաջողությունը: Ի զարմանս ինձ` օրեր առաջ հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ ասացիք, որ Հայաստանը լքելու ցանկություն ունեք… Ինչո՞վ է պայմանավորված այս ցանկությունը:
-Իսկապես դերն էպիզոդիկ և շատ փոքր էր, սակայն արտահայտությունը հիշվող և մինչ օրս մարդկանց մոտ տպավորված է… Ինչը վերաբերում է Հայաստանից հեռանալուն, ապա տարիներ շարունակ ասել եմ, որ ուզում եմ դրսում ապրել, բայց գնալս չի ստացվում…Առհասարակ, եթե այդպես եմ ասել, դա դեռ չի նշանակում, որ հենց հիմա եմ այդ քայլին գնալու: Ուղղակի Հայաստանից դուրս կյանքը սիրում եմ, որովհետև օրենքը գործում է բոլորի համար, բոլորը հավասար են և հեշտ է ապրելը, ֆինանսական առումով էլ դժվար չէ, կարողանում ես գոյատևել: Միայն նշածս հանգամանքների պատճառով եմ ասում, որ դրսում ապրելն ավելի լավ է:
-Իսկ կա՞ որևէ կոնկրետ երկիր, որտեղ կցանկանայիք տեղափոխվել: Տեղյակ եմ, որ տարիներ առաջ բնակվել եք Մոսկվայում:
-Ոչ, չկա: Ես միշտ մտածել և ասել եմ, որ ուզում եմ գնամ, բայց չկա կոնկրետ երկիր, որտեղ կգերադասեի գնալ և ապրել: ԱՄՆ-ն եղել է ինձ համար ամենալավ երկիրը, բայց չեմ կարողանում այնտեղ գնալ… Արդեն մտքիցս հանել եմ գնալը, որովհետև երբ տեսնում եմ, որ մի բան չի ստացվում, ուրեմն` պետք չէ:
-Եթե մի կողմ դնենք դերասանուհի լինելու հանգամանքը, որպես ՀՀ շարքային քաղաքացի ի՞նչ խնդիրների հետ եք բախվում, որոնք ստիպում են մտածել հեռանալու մասին:
-Հայաստանում ամեն ինչ լավ է, բացի աշխատավարձից: Միայն դա է վատ, որ չես կարողանում քո աշխատավարձով ապրել: Նայում ես ժողովրդին և տեսնում, թե ինչպես է ժողովուրդը դժվարությունների միջով անցնում և մի կերպ գոյատևում…Հայաստանի ժողովրդի մասին կարելի է մեկ բառով ասել` հերոսներ: Մեր ժողովուրդը դիմակայում է, ուրիշ երկրի ժողովուրդն այսպես երբեք չէր դիմակայի: Որպես հայի բնութագիր պետք է գրել` «հերոս» և ոչ մի ուրիշ բառ:
-Խոսելով դժվարությունների մասին չենք կարող չփաստել, որ նմանատիպ խնդիրների պակաս արվեստի մարդիկ չեն ունենում, ավելին` գաղտնիք չէ, որ վերջիններս ոչ միշտ են արժանվույնս գնահատվում Հայաստանում… Այս դեպքում հարց է ծագում` դե՞մ չեք, որ Ձեր որդին` Էմմանուելը, պարում է և կարող է բախվել Ձեր թվարկած խնդիրներին: Միաժամանակ պետք է նշեմ, որ Ձեր եղբայրը` Նարեկ Մարտիրոսյանը, հայտնի պարող է և միշտ շրջագայում է:
-Դեմ չեմ... շատ ուրախ եմ, որովհետև Էմմանուելը շատ կայացած է իր տարիքի համար, մտածելակերպով շատ հասուն է ու ամեն ինչ շատ լավ է հասկանում: Ընտրել է արվեստը, որովհետև դա իրեն դուր է գալիս: Շուտով Էմմանուելը ելույթ է ունենալու Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Սպասում եմ անհամբեր, թե երբ է լինելու «Щелкунчик» ներկայացումը:
-Կուզեի նաև խոսեինք Ձեր բնավորության մասին… Ձեզ հետ շփվելուց առաջին հերթին նկատել եմ, որ աշխույժ և շփվող եք, սակայն ի հակադրության դրա` հարզացրույցներում նշում եք, որ փակ եք, մոտ ընկերներ չունեք, վստահում եք միայն մայրիկին, երեկոներն էլ նախըտրում եք անցկացնել տանը… Սա բնավորություն գիծ է, թե՞ Ձեզ ցավեցրել են, ինչի հետևանքով էլ դարձել եք այդպիսին:
-Ոչ, ես փոքր տարիքից էլ այդպիսինն եմ եղել, եթե անգամ հայտնվել եմ ինչ-որ միջոցառմանը, ապա դա եղել է գործի հետ կապված, որտեղ պարզապես չեմ կարող չգնալ, քանի որ դա պետք է: Այս ամառ ես կարող եմ մատների վրա թվարկել, թե քանի անգամ եմ եղել որևէ սրճարանում, նույնիսկ դա անգիր գիտեմ (ծիծաղում է)… Երբեմն գնում եմ կարաոկե, որովհետև սիրում եմ երգել: Ընկերների վերաբերյալ էլ կարող եմ ասել, որ ունեմ շատ լավ գործընկերուհիներ, սակայն կիսվում եմ իմ մայրիկի հետ, ով շատ երիտասարդ է, առաջադեմ մտածելակերպ ունի: Ինձ չեն հիասթափեցրել, ուղղակի մայրիկիցս առավել ո՞վ ավելի լավ խորհուրդ կտա ինձ:
-Միաժամանակ նկատել եմ, որ Ձեր կյանքում հսկայական տեղ եք հատկացնում հոգևոր թեմային, նույնիսկ հաղորդումներից մեկում պատրաստ էիք բանավիճել տվյալ հարցի շուրջ: Ինչպես նաև Ձեր ֆեյսբուքյան էջում պարբերաբար հոգևոր թեմային առնչվող լուսանկարներ եք տեղադրում…
-Դա առանձահատուկ թեմա է իմ կյանքում, որովհետև ես միշտ ունեմ ուղղվելու, ճիշտ ապրելու և Աստծո կարիքը: Այդ պատճառով էլ հոգևոր թեմաներն առաջին հորիզոնականում եմ դնում…Մարդ եմ, ով այս կյանքում առաջին անգամ է ծնվել (ժպտում է), անում եմ սխալներ, որովհետև, ինչպես արդեն նշեցի, մի քանի անգամ չեմ ծնվել, որ դրանք չգործեմ.. Առհասարակ, անընդհատ ունենում եմ Աստծո, ինչպես նաև մաքրվելու, շտկվելու, ուղղվելու կարիք: Իսկ այն լուսանկարները, աֆորիզմները, խիստ քննադատությունը, հանդիմանությունը, որոնք տեղադրում եմ ֆեյսբուքում, արվում է ոչ թե որևէ մեկին բան ապացուցելու կամ սովորեցնելու նպատակով, այլ դրանք առաջին հերթին ինձ են վերաբերում:
-Զրույցի վերջում կուզեի անդրադառնալ նաև 2014 թվ.-ին… տարվա ավարտին հաշված օրեր են մնացել, ինչպիսի՞ն էր այն Ձեզ համար: Ի՞նչ հաջողություններ եք գրանցել այս տարի և ի՞նչ եք ցանկանում ունենալ 2015-ին:
-2014-ը շատ հաջողակ տարի է եղել ինձ համար:
-Գործնակա՞ն, թե՞ անձնական առումով:
-Գործնական. անձնական առումով ամեն ինչ նույնն է: Իսկ 2015-ից գործնական ակնկալիքներ ունեմ, բայց այդ մասին դեռ չեմ խոսի:
-Իսկ ի՞նչ եք կարծում 2015-ին կրկին Հայաստանում կլինեք:
-Որևէ տեղ չեմ պատրաստվում գնալ, եթե գնում եմ այլ երկիր, ապա դա անում եմ միջոցառում ` հարսանիք, ծնունդ վարելու, դա է իմ բացակայությունը: Ես որդուցս երկար ժամանակով հեռու մնալ չեմ կարող, նույնիսկ երբ 10 օրով բացակայում եմ, ինձ մոտ ծանր դեպրեսիա է սկսվում:
-Փաստորեն կորպորատիվ միջոցառումներ եք նաև վարում:
-Այո, վարում եմ միջոցառումներ, կորպորատիվ երեկոներ ինչպես այստեղ, այնպես էլ դրսում:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան