▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆիլմ դրախտում»…Անժելա Սարգսյանի էկրանային վերադարձը

Տևական ժամանակ միայն Հ.Ղ. Երևանի Դրամատիկական թատրոնում հանդես եկող Անժելա Սարգսյանը կրկին հայտնվելու է էկրաններին: Դերասանուհին վերադարձել է Շրի Լանկայից, որտեղ 14 օր անցկացրել և նկարահանվել է Ռոման Մուշեղյանի «Ֆիլմ դրախտում» աշխատանքային անվանումով ֆիլմում:

«Նկարահանվելու առաջարկը եղել է Ռոման Մուշեղյանի կողմից, ում հետ ծանոթ ենք դեռ ուսանողական տարիներից: Բացի այդ, Ռոմանի հետ աշխատել եմ «Որոգայթ» սերիալում, որտեղ նա հանդես էր գալիս որպես ռեժիսոր, իսկ ես գլխավոր դերակատարն էի: Պետք է նշեմ, որ վերջինս իմ սիրելի ռեժիսորներից մեկն է, որովհետև նա դերասանի հետ երկարատև աշխատանք է տանում, միասին վերլուծում ենք կերպարները, վերարտադրում և նոր միայն ներկայացնում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անժելա Սարգսյանը:

Դերասանուհին նաև անդրադարձավ, թե ինչու է էկրանային դադարից հետո ընդունել տվյալ ֆիլմում նկարահանվելու առաջարկը և ինչպիսին է իր նոր կերպարը.

«Ըստ ֆիլմի ֆորմատի` ունեցել ենք հետաքրքիր, տրոպիկ նկարահանումներ, այսինքն` արև, օվկիանոս… Սցենարը հետաքրքիր էր, ինչպես նաև առաջին անգամ հանդես եմ եկել մի կնոջ կերպարում, ով ինձ հետ կապ չունի: Մարմնավորել եմ շիկահեր և հիմարիկ մոդելի»:

Ի դեպ, Անժելա Սարգսյանի հետ «Ֆիլմ դրախտում» ժապավենում գլխավոր դերերում նկարահանվել են նաև Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը և Սերգեյ Դանիելյանը: Հատկանշականն այն է, որ նրանք բոլորն էլ ֆիլմում հանդես են եկել իրենց իրական անուններով.

«Շրի Լանկայում հիմնականում նկարահանվել եմ Սերգեյ Դանիելյանի հետ, թեև այնտեղ ունեցել ենք նաև չորսով ընդհանուր տեսարաններ: Նկարահանումների ժամանակ շատ էի ծիծաղում, որովհետև Սերգեյ Դանիելյանի հետ այլ կերպ անհնար է»,-նշեց դերասանուհին:

Իսկ Asekose.am-ի այն հարցին` թե ի՞նչ ապրումներ է ունեցել կրկին տեսախցիկի առաջ հայտնվելուց, Անժելան պատասխանեց, որ մեծագույն հաճույքով է նկարահանվել.

«Չեմ կարող բացատրել… ունեի իմ մեջ կուտակված էներգիա.մանավանդ, որ ֆիլմը և մելոդրամա է, և կատակերգություն: Աշխատում էի հետաքրքիր և ոչ պռոբլեմատիկ մարդկանց  հետ, ունեցել ենք բավական  ուրախ նկարահանումներ: Աշխատանքային խումբը շատ լավն էր»:

Անժելա Սարգսյանի խոսքով` ըստ ռեժիսորի` ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու 2015թվ-ի գարնանը, իսկ մինչ այդ Երևանում ընթանում են որոշ նկարահանումներ:

Նշենք, որ այս ֆիլմն Անժելա Սարգսյանի աշխատանքային միակ նորությունը չէ.

«Երկու-երեք ֆիլմում, ինչպես նաև սերիալում նկարահանվելու առաջարկներ ունեմ: Ֆիլմերի վերաբերյալ դեռ մտածում եմ, իսկ սերիալի առաջարկը, կարծում եմ, որ  կընդունեմ, որովհետև պետք է մարմնավորեմ բավական խորը կնոջ կերպար, բազմաշերտ, խաղարկային տարբեր տեսարաններով և լավ  խաղընկերներով»:

Հեղինակը` Լիլիթ Հակոբյան

Լուսանկարները` Անժելա Սարգսյանի անձնական արխիվից

Կարդացեք նաև` Անժելա Սարգսյանն այսուհետ դայվինգի վարպետ է

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին