Համացանցում հայտնվել է ռուսական արտադրության «Ставка на любовь» («Խաղադրույք՝ սիրո վրա») ֆիլմի թրեյլերը, որում գլխավոր դերում հանդես է եկել դերասան Հովհաննես Ազոյանը: Նշենք, որ «Ставка на любовь» ռուսական ֆիլմի հիմքում ընկած է հայկական «Poker.am» հայտնի ֆիլմը, որում գլխավոր հերոսին կրկին Հովհաննես Ազոյանն էր մարմնավորել:
Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց դերասանի հետ` ռուսական ֆիլմում նկարահանվելու մասին մանրամասներ պարզելու նպատակով: Հովհաննեսի խոսքով` ռուսական կինոարտադրողները հավանել էին «Poker.am» ֆիլմը, ապա գնել էին սցենարն օգտագործելու իրավունքը և վերափոխել այն.
«Ставка на любовь» ֆիլմի ռեժիսորը Նիկիտա Միխալկովի որդին` Արտյոմ Միխալկովն է: Նրանք սկզբում սցենարն են գնել, ապա` հասկացել, որ ինձ են ցանկանում նկարահանել այս ֆիլմում: Նշեմ, որ նրանք «Poker.am»-ի սցենարի մոտ 50% են միայն օգտագործել, մնացածը փոփոխված է: Նկարահանումներն էլ տեղի են ունեցել Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում և տևել են երկու ամիս»,-պատմեց Հովհաննեսը:
Իսկ մեր այն դիտարկմանը` արդյո՞ք դժվար չէր երկրորդ անգամ նույն սցենարով ֆիլմում նկարահանվելը, դերասանն ասաց, որ, թերևս, ամենաբարդը հենց դա էր.
«Նույն կերպարն էին ուզում, իսկ ինձ համար դժվար էր այն երկրորդ անգամ խաղալ, բայց, միաժամանակ, մեծ փորձ էր իրենց հետ աշխատելը, շատ բան եմ սովորել»:
Անդրադառնալով իր խաղընկերներին, որոնց թվում են ռուսական կինոյի աստղեր Ալեքսանդր Ռեվվան, Դմիտրի Խրուստալյովը, Անդրեյ Բուրկովսկին, Պոլինա Մակսիմովան և այլոք` Հովհաննես Ազոյանը նշեց, որ ռուսական կինոարտադրության շատ տաղանդավոր դերասանների հետ է աշխատել:
Asekose.am-ը նաև անդրադարձավ այն փաստին, թե արդյո՞ք ռուսական ֆիլմում նկարահանվելու համար Հովհաննես Ազոյանն աստղաբաշխական գին է պահանջել, թե՞ ոչ, ինչին դերասանը պատասխանեց հետևյալ ձևով.
«Մարդկային, նորմալ գումար եմ ուզել` ոչ մեծ, ոչ փոքր: Կարծում եմ, որ նորմալ գին է նաև այնտեղի համար»:
Զրույցի վերջում էլ Հովհաննեսը պատասխանեց այն հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում այս ֆիլմից հետո ռուսական կինոշուկայում իր դիրքերն ամրապնդելը.
«Արդեն ունեմ առաջարկներ, որոնց շուրջ մտածում եմ: Փորձում եմ հասկանալ` դա կկարողանամ անել, թե ոչ»,- նշեց դերասան Հովհաննես Ազոյանը:
Տեղակացնենք նաև, որ ըստ Հովհաննես Ազոյանի` «Ставка на любовь» ֆիլմի ռուսական պրեմիերան, հավանաբար, տեղի կունենա մեկ ամսից մի փոքր ավելի ուշ, սակայն դա միայն նախնական վարկածով: Հովհաննեսը դժվարացավ պատասխանել, թե երբ կկայանա դրա հայաստանյան պրեմիերան:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան