imyerevan.com-ը կայքը կանանց միամսյակի կապակցությամբ ներկայացնում է նոր նախագիծ՝ «Կինն ու գինին»: Դրա շրջանակներում տարբեր ոլորտների հաջողակ կանայք խոսում են սիրո, խանդի, գեղեցկության, տղամարդկանց և գինու մասին: Այս անգամ նախագծի հյուրն է գեղեցկուհի Գոհար Հարությունյանը:
Կատակով ասում են՝ ինչպիսի տեսք ունես, այնպիսի ընդունելության էլ արժանանում ես։ Արտաքինը նպաստո՞ւմ է հաջող կարիերա անել:
– Անշուշտ, բայց համոզված եմ, որ օգնում է ոչ միայն բնատուր գեղեցկությունը, այլև քո վերաբերմունքը սեփական արտաքինի հանդեպ: Կարևոր է այն, թե ինչպես ես ինքդ քեզ ընկալում:
Իսկ ե՞րբ է խանգարում:
– Տարածված կարծրատիպ կա, որ գեղեցիկ կինը հիմար է: Այդ կանխակալ մոտեցումը հաճախ խանգարում է: Երբեմն տղամարդիկ սխալ են ընկալում գեղեցիկ կանանց. նրանց թվում է, որ գեղեցիկ կինն ավելի հասանելի է, ավելի թեթևամիտ: Բայց այդ ամենը, իհարկե, կարծրատիպեր են: Ուժեղ, գեղեցիկ կնոջը ոչինչ չի կարող խանգարել:
Նշանավոր գեղեցկուհի Սինդի Քրոուֆորդն ասում էր. «Անգամ ԵՍ առավոտյան Սինդի Քրոուֆորդի տեսք չունեմ»: Իսկ Ձե՞ր դեպքում ինչպես է:
– Իհարկե, ցանկացած կին ավելի ինքնավստահ է, երբ խնամված է և հարդարված: Ամեն անգամ ամուսնուս նկատողություն եմ անում, երբ ինձ տեսնում է առանց հարդարանքի ու ասում՝ ինչքան գեղեցիկ ես: Ասում եմ՝ ինչո՞ւ ես շռայլում նման հաճոյախոսություններ, հաստատ կատակ ես անում: Սակայն իրականում գեղեցիկ է այն կինը, որը սիրված է:
Ի՞նչ է նշանակում «սիրված»:
– Հոգեվիճակ, երբ ապրում ես ու սիրում ոչ միայն քեզ, այլ նաև մեկ ուրիշի: Այդ մեկ ուրիշը կարող է լինել կին, տղամարդ, երեխա, ընկեր: Մարդկությունը կկործանվեր առանց դրա: Սերն ինձ համար նաև հարգանք է: Հաճախ ասում են՝ թող ինձ չհարգի, բայց սիրի: Ինձ համար սերն ու հարգանքը փոխկապակցված են:
Իսկ ի՞նչ տեղ է այդ հարաբերություններում զբաղեցնում խանդը:
– Առհասարակ խանդոտ մարդ չեմ: Գուցե մեր ընտանիքում նման առիթ չի եղել. ոչ ես եմ խանդել, ոչ ամուսինս է ինձ խանդել։ Մենք շատ ժամանակ է, ինչ միասին ենք և ամեն ինչ գիտենք միմյանց մասին: Գուցե եթե առիթ լիներ, ես խանդեի, քանի որ սիրող մարդը չի կարող չխանդել:
Դուք երեք հրաշալի երեխա ունեք: Հաճախ կանայք խուսափում են շատ երեխաներ ունենալ տարբեր պատճառներով: Որտեղի՞ց նման քաջություն:
– Երեխաները էմոցիաներ են տալիս և՛ բացասական, և՛ դրական: Երջանկության այդ հույզերի ու պոռթկումների աղբյուրը միայն նրանք են: Դա անշոշափելի զգացում է: Եվ որքան շատ երեխաներ ես ունենում, այնքան շատ են լինում նաև այդ էմոցիաները: Ես ոչ թե ընտրել եմ միապաղաղ, մի գծով ընթացող կյանք, այլ վայրիվերումներով լի, դրական և բացասական զգացողություններով լի կյանքը:
Բժիշկները հավատացնում են, որ եթե ուզում ես առողջ և երջանիկ լինել, սննդակարգում պետք է ընդգրկես օրական մի բաժակ գինի:
– Միշտ խմել եմ կարմիր գինի: Մեր տանը միայն գինի ենք խմում, թուլացնում ու հանգստացնում է նյարդերը: Կարմիր գինի շատ եմ սիրում, բայց ըստ ճաշացանկի՝ կարող եմ նաև սպիտակ գինի խմել:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում