«Газпром-Медиа» հոլդինգն մտադիր է իր ժամանցային հեռուստաընկերությունները` ТНТ-ն, «Пятница»-ն, ТВ-3-ն ու 2х2-ը միավորել մեկ խմբում:
Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը` նշելով, որ տարեկան ավելի քան 20 միլիարդ ռուբլու շրջանառության հավակնող խումբը վստահվելու է Comedy Club Production-ի հիմնադիր և ղեկավար Արթուր Ջանիբեկյանին:
Ըստ աղբյուրի, «Газпром-Медиа» հոլդինգի ամենախոշոր հեռուստաընկերությունը` НТВ-ն շարունակելու է գործել նորաստեղծ խմբից առանձին:
Նշենք, որ նախնականում «ТНТ Групп» անունը ստացած խումբն իրավաբանորեն դեռ չի գրանցվել, զարգացման ռազմավարությունը դեռ չի մշակվել, սակայն «Газпром-Медиа» հոլդինգի ղեկավարությունն ու աշխատակիցները մեծ հույսեր են կապում նրա ղեկավար Արթուր Ջանիբեկյանի հետ, քանի որ միշտ հիացմունքով են հետևել նրա գործունեությանն ու հեռուստաարտադրանքին, որոնք վաղուց առաջատար են ռուսական շուկայում:
Հիշեցնենք, որ մի առիթով` պատասխանելով հարցին, թե ինչպես սկսել ու դառնալ մեդիաշուկայի առաջատար, Արթուր Ջանիբեկյանը պատասխանել է. «Բանաձևը պարզ է. առաջինը գաղափարն է, երկրորդը` իրագործումը, երրորդը`գծի հստակ շարունակությունը տարիների ընթացքում»: