Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կանանց մեկամսյակի ավարտին` ապրիլի 7-ին, անակնկալ է մատուցելու` ներկայացնելով իր հեղինակած` «Ինձ խոստացիր» երգը, որն էլ կատարելու է Հայկոն: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչի հետ` նրա և նախարարի համագործակցության մանրամասներն իմանալու նպատակով:
«Ես և Արմեն Աշոտյանը բավական երկար ժամանակ է, ինչ ընկերություն ենք անում` դեռևս «Բազե»-ից, երբ Երևանը ներկայացնող թիմից էի, իսկ նա ջոկատավարն էր: Երբ ստացա այս առաջարկը, շատ ուրախացա, որովհետև մեծ հաշվով բացի այն հանգամանքից, որ սա էլ ավելի կամրապնդի մեր ընկերությունը, շատ հաճելի է, որ նախարարը գրում է երգ և դիմում է ինձ, որ այն երգեմ: Երբ իրենք քննարկել էին, թե ով պետք կատարի այս երգը, միանգամից իմ անունն էին շոշափել` ելնելով սիրո, ռոմանտիկայի և նմանատիպ այլ հանգամանքներից»,-Asekose.am-ի թղթակցին ասաց Հայկոն:
Հայկոյի խոսքով` Արմեն Աշոտյանի հեղինակած երգը լսելուց հետո այն իրեն շատ է դուր եկել, ավելին` «Արդինի» ստուդիայում ձայնագրվելու ժամանակ էլ նոստալգիկ ապրումներ է ունեցել, քանի որ տվյալ ստուդիայում հնչյունային ռեժիսոր Համիկ Ռոստոմյանի հետ բավական երկար աշխատել է և իր «Նորից» ձայնասկավառակն էլ հենց այնտեղ է ձայնագրել.
«Ռոմանտիկ, գեղեցիկ երգ է: Ինձ շատ է դուր եկել այն գաղափարը, որ տվյալ երգը նվիրվելու է մեր կանանց: Կարծում եմ, որ ԿԳ նախարարի և իմ կողմից հետաքրքիր նվեր է մեր սիրելի աղջիկներին, կանանց և մայրերին»:
Մեր այն հարցին` արդյո՞ք «Ինձ խոստացիր»-ը հավակնում է նոր հիթ դառնալ և հետագայում տեսահոլովակ ունենալո՞ւ է, Հայկոն ասաց, որ նման առաջարկով Արմեն Աշոտյանին դիմելու ցանկություն ունի.
«Ապրիլի 7-ին դեռևս կեզրափակվենք միայն երգը ներկայացնելով և Youtube-ում տեղադրելով: Ինչ վերաբերում է հիթ դառնալուն` աշխատելիս այդ մասին չենք մտածել, սակայն եթե երգն այդպիսին համարվի, իհարկե, դա մեզ շատ հաճելի կլինի: Այս երգն ուղղակի գեղեցիկ նվեր է մեր կանանց և աղջիկներին»:
Հայկոն զրույցի վերջում նաև խոստովանեց, որ եթե Արմեն Աշոտյանի կողմից կրկին համագործակցելու առաջարկ լինի, մեծ հաճույքով կանի դա:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան