Yerkir.am-ը գրում է. Կինոյի մասին օրենքն անհրաժեշտություն է. կարծում է դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ ամենևին էլ տեղյակ չէ, թե ովքեր են կինոյի մասին օրենքի հանձնաժողովում աշխատում և առանձնապես ինչի վրա է շեշտը դրվում:
Ըստ Պողոսյանի` այսօր կինո նկարում է նա, ով գումար է հայթայթում, իսկ արժանավորները մնում են ստվերում:
«Մենք հոգնել ենք գումար հայթայթելու համար դռներ թակելուց, և հույս ունեմ, որ մի օր էլ մեր դուռը կթակեն և կասեն, թե լավ սցենար ունեն և ուզում են, որ մենք այն կյանքի կոչենք կամ նկարահանվենք այնտեղ»,- ասաց Պողոսյանը։
Նրա կարծիքով` մեր շուրջն ապրում էին մարդիկ, որոնց պետք էր ճիշտ «օգտագործել», հիմա էլ այդ ուշադրությունը չկա ժամանակակիցների հանդեպ:
«Լավագույններն այսօր գնում են՝ Ջանիբեկյան, Ջհանգիրով... և իրենց տաղանդն էլ իրենց հետ տանում են: Նրանց փոխարեն մեր գլխին խուտուտչիների մի տարափ է թափվել:
Վերջերս գնացել էի այդքան աղմուկ հանած «Սուպեր մամա»-ն դիտելու, 15 րոպե հետո փախա դահլիճից, ինչի՞ մասին է խոսքը»,- նշեց Պողոսյանը: Ըստ նրա` նման ֆիլմերը լավագույն տեսախցիկներով են նկարահանվում, և դրանց որակը /տեխնիկական առումով/ բարձր է լինում և, ցավոք, արդեն չափանիշ ստեղծում:
«Այսօր, դեպուտատներից բռնած, ֆիլմ են նկարում: Կարծում եմ, որ կինոյի մասին օրենքը պետք է մի մարտավարական ծրագիր լինի, որը կկարգավորի դաշտը, թե չէ` ով փող ունի, իր պապի մասին կինո է նկարում»,-ասաց Միքայել Պողոսյանը:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում