«Իմ առջև արվեստագետ է»,- մտածեցի: Նրա ունակությունը` հետևել ճշմարիտ ճանապարհին, նրա ներքին ձայնին, նրա եսի անկեղծությունը հաճախ զարմացնում և անհանգստացնում է անգամ իրեն: Հաճախ արվեստագետը, ավարտելով իր ստեղծագործությունը և որոշ ժամանակ անց այն կրկին վերանայելով, զարմանում է (ինչն ինձ հետ նույնպես հաճախ է լինում): Միայն այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Կաֆկան, Սկրյաբինը, Էյնշտեյնը չեն զարմանում իրենց ստեղծագործություններից, քանի որ նրանց մեջ ապրում է միայն մեկ «ես», և չկա այն, ինչ հասարակական էակը բաժանել է գիտակցականի և անգիտակցականի»:
Այսպես է գրող, արվեստի քննադատ Վերներ Բերտոլոտտն արտահայտվել ՀՀ վաստակավոր նկարիչ Թենի Վարդանյանի մասին: Նա հայ ժամանակակից հայտնի նկարիչներից է, ով մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների ինչպես Երևանում, այնպես էլ` արտերկրում: Թենի Վարդանյանն ունեցել է նաև անհատական ցուցահանդեսներ Հայաստանում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Սիրիայում, որոնք մինչ օրս հիշում են այդ երկրներում ապրող ոչ միայն հայ, այլև օտարազգի արվեստագետներն ու արվեստասերները:
Շուտով` ապրիլի 17-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքում, կայանալու է նկարչուհու հերթական անհատական ցուցահանդեսը, որը հյուրընկալվելու է Գերմանիայում ամենապահանջված և կոմերցիոն նկարիչներից մեկի` ծագումով իտալացի Բրունո Բրունիի տիկնոջ ցուցասրահում: Հատկանշական է, որ Բրունո Բրունիի և Թենի Վարդանյանի ջերմ հարաբերությունների հիմքը դրվել է «Անտիկյան» ցուցասրահի հիմնադիր Արմինե Անտիկյանի նախաձեռնությամբ, ով անցած տարի Երևանում կազմակերպել էր Բրունո Բրունիի աշխատանքնեի աննախադեպ ցուցադրությունը:
Նշենք նաև, որ «Անտիկյան» ցուցասրահի հետ համատեղ արդեն լույս է տեսել ՀՀ վաստակավոր նկարիչ Թենի Վարդանյանի պատկերագիրքը, որում որպես ընտրանի ներկայացված են նրա գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, ինչպես նաև արվեստագետին ներկայացնող երկու հոդված` անգլերենով և հայերենով: Պատկերասրահի խմբագրումը կատարվել է «Անտիկյան» ցուցասրահի ղեկավար Արմինե Անտիկյանի կողմից:
Ստորև ներկայացնում ենք Թենի Վարդանյանի պատկերագրքում ներկայացված աշխատանքներից մի քանիսը, իսկ Թենի Վարդանյանի աշխատանքներին ավելի մանրամասն Asekose.am-ը կանդրադառնա արդեն հարցազրույցի տեսքով Գերմանիայում կայանալիք ցուցադրությունից հետո: