▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնուս շատ եմ սիրել, պարզապես հասկացա,որ տարբեր մարդիկ ենք. Իվետա Եդիգարյան

Life.panorama.am-ը գրում է ,որ  այսօր զրուցել է կինոյի և թատրոնի դերասան Աշոտ Եդիգարյանի դուստր, դերասանուհի-երգչուհի Իվետա Եդիգարյանի հետ: Դերասանուհին զրույցի ընթացքում պատմեց Միացյալ Նահանգներում ապրող իր ընտանիքի Հայաստանում ապրել չկարողանալու, ամուսնալուծության, դրա հետևանքների և առաջիկայում նոր ընտանիք կազմելու պլանների մասին:

-Իվետա, 2013-ին մեկնեցիք ԱՄՆ՝ այնտեղ հաստատվելու ակնկալիքով, հետո վերադարձաք՝դարձյալ երազանքների երկիր վերադառնալու միտումով: Հետաքրքիր է՝ փոխե՞լ եք Ձերորոշումն ու մնալու եք հայրենիքում:

-Քանի որ ծնողներս արդեն Միացյալ Նահանգների քաղաքացի են, ես էլ մեկնել էի իրենց մոտ ու բավականին լավ հաստատվել այնտեղ, լեզուն արդեն սովորում էի, դուստրս՝ Անգելինան, արդեն դպրոց էր հաճախում, ու քանի որ իմ ԱՄՆ մուտքի արտոնագիրս ինձ թույլ էր տալիս վերադառնալ Հայաստան ու նորից մեկնել ԱՄՆ, ես, կարոտից ելնելով, եկա Հայաստան հետադարձ չվերթի համար նախատեսված տոմսով, բայց ահա իմ մոռացկոտության հաշվին արդեն ԱՄՆ վերադառնալիս Հայաստանի օդանավակայանում պարզվեց, որ ես արտոնագիրս թողել եմ Միացյալ Նահանգների մեր տանը և բնականաբար չկարողացա վերադառնալ: Իհարկե, ԱՄՆ մեկնելու մտքից չեմ հրաժարվել, սպասում եմ փաստաթղթային հարցերի լուծմանը, որ վերջնականապես մեկնեմ:

-Իսկ ինչո՞ւ եք ուզում մեկնել ու ապրել հայրենիքից հեռու:

-Ես շատ եմ սիրում իմ երկիրը, այստեղ ես սեփականատեր եմ, ամուր եմ կանգնած իմ հողի վրա, բայց սիրտս ցավում է, որ տեսնում եմ, թե ինչպես է մեր երկրում ամեն բան, ամեն ինչ դանդաղ մեռնում, անգամ մարդիկ են գնալով քչանում, իսկ այս ամենը հետևանքն է նրա, որ մեր երկրում գումար վաստակելը, անգամ օրվա հացը վաստակելը խիստ դժվարացել է: Ես դուստր ունեմ ու ցավում եմ, որ նրա համար այստեղ հեռանկար չեմ տեսնում: Ես շատ կցանկանամ, որ այստեղ աշխատելը և գումար վաստակելը այն հարթության վրա լինի, որ գոնե հացի խնդիր չունենան մարդիկ:

-Հետաքրքիր է՝ դուք ինչո՞վ էիք զբաղվում Միացյալ Նահանգներում:

-Ես կողմնակի գործ չեմ արել, բայց կարողացել եմ գումար վաստակել երգով՝ ռեստորաններում ու ակումբներում աշխատելով: Արդյունքում ես կարողացա այստեղ տուն գնել ու վերանորոգել այն:

-Հիմա Հայաստանում աշխատո՞ւմ եք:

-Հիմա աշխատում եմ երևանյան ռեստորաններից և ակումբներից մեկում, բայց պետք է նշեմ, որ այստեղ ես աշխատում եմ իմ օրվա հացի փողը, ու եթե ծնողներս չօգնեին ինձ, ապա չէի կարողանա ապրել:

-Դուք Ձեզ առաջնայինը համարում եք դերասանուհի, հետաքրքիր է՝ այս ասպարեզում առաջարկներ կա՞ն:

-Այո, ես երգը շատ եմ սիրում, բայց դերասանուհու աշխատանքը ինձ համար այլ աշխարհ է: Շատ եմ կարոտում այդ ոլորտը, ու մշտապես կոմեդիկ դերեր խաղալուց հետո շատ եմ ուզում լուրջ ու բարդ դերեր մարմնավորել, ցույց տալ այն ամենը, ինչին ընդունակ եմ որպես դերասանուհի, ես այնքան էլ վստահ չեմ ինքս ինձ վրա, բայց հայրս հավատում է ինձ, իսկ ես հավատում եմ նրան: Ի ուրախություն ինձ՝ արդեն կան կրիմինալ դերով հանդես գալու երկու նոր առաջարկներ:

-Դուք այն արտիստներից եք, ով երբեք գաղտնի չի պահել անձնական կյանքը, մշտապես խոսել է սիրելի ամուսնու մասին, բայց վերջին տարիներին տարածվեց այն լուրը, որ ամուսնալուծվել եք: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ:

-Ամուսնուս շատ եմ սիրել ու չեմ թաքցրել, պարզապես տարիների ընթացքում հասկացա, որ մենք տարբեր մարդիկ ենք: Մեր ընտանիքում ամեն անգամ հերթական վեճի ժամանակ մտածում էի, որ կփոխվի, ամեն բան իր տեղը կընկնի, բայց մեր տեսակների տարբերությունից տարինների ընթացքում հակասությունները ավելի էին շատանում: Իհարկե, ես չէի ցանկանա, որ այսպես լիներ, քանի որ ինձ համար միշտ ընտանիքս եղել է առաջին տեղում, բայց ընթացքում ես հասկացա, որ ավելի է լավ  է նորմալ բաժանվել, քան աղջիկս ապրի անառողջ մթնոլորտում: Ինձ համար տանը երջանկություն ունենալը ամեն ինչ է:

-Դուք երիտասարդ եք և կյանքն առջևում է, մտածո՞ւմ եք դարձյալ ընտանիք կազմելու մասին:

-Ինչու ոչ, ես դեմ չեմ դարձյալ ամուսնանալ և երեխաներ ունենալ, պարզապես այդ հարցը թողել եմ Աստծո կամեցողությանը: Պարզապես գիտակցում եմ, որ երկրորդ անգամ ավելի զգույշ պետք է քայլեմ: Իմ կողակիցը պետք է ընդունի ինձ այնպիսին, ինչպիսին, որ կամ:

-Երկրորդ անգամ ընտրության դեպքում հաշվի կառնե՞ք սրտի թելադրանքը՝ առաջնային տեղում սերը դասելով:

-Շատերը ասում են, որ գլխավորը հարգանքի հիման վրա ստեղծված ընտանիքն է ու սերը ընթացքում կգա: Գուցե հենց դա էլ ճիշտ է, պարզապես ես բնույթով ռոմանտիկ ու զգացմունքային մարդ եմ, և ինձ առանց սիրո ստեղծված ամուսնության մեջ չեմ պատկերացնում: Գիտակցում եմ, որ ավելի շատ պետք է լսեմ ուղեղիս թելադրանքին, բայց ինձ համար մարդկային հարաբերութուններում սերը շատ կարևոր է:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին