▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ակումբներում կարողանում եմ Կոմիտաս հնչեցնել». Նարինե Դովլաթյան

Life.panorama.am-ը գրում է.Եթերային երկար լռությունից հետո երգչուհի Նարինե Դովլաթյանը ապրիլի 7-ին ներկայացրեց Կոմիտասի «Ալ այլուղս» ստեղծագործության հիման վրա նկարահանած իր տեսահոլովակը: Երգչուհին պատմեց այս երգի ու երկարատեւ լռության մասին: Նրա խոսքերով Կոմիտասի ստեղծագործությունները  միշտ է սիրել, բայց չի համարձակվել կատարել դրանք. «Կոմիտասի մշակումներից երկար ժամանակ է, որ ուզում էի կատարել, բայց չէի համարձակվում: Ի վերջո, անցյալ տարի հաղորդումներիից մեկի ժամանակ կատարելով ու բավականին դրական արձագանքների արժանանալով՝ որոշեցի իմ երկրպագուներին իմ կատարմամբ Կոմիտաս ներկայացնել»,- նշեց երգչուհին ու հավելեց, որ «Ալ այլուղս»  ստեղծագործությունը դեռ անցյալ տարի էր պլանավորել ներկայացնել հանդիսատեսին. «Երգը պետք է ամբողջությամբ կենդանի գործիքներով ձայնագրվեր, բայց  երաժիշտների մի մասը բանակում էին, մյուս մասն էլ երկրից չէին, այդ իսկ պատճառով իմ նախատեսածից մեկ տարի ուշացումով այն իրագործեցինք»:

Խոսելով տեւական լռությունից երգչուհին պատմեց. «Իմ լռությունը միայն եթերային է եղել՝ որոշել էի մինչեւ աշխատանքս վերջացնելը չմասնակցել ոչ մի հաղորդման, բայց կատարումներս ներկայացնում եմ  համացանցում, բացի այդ էլ աշխատում եմ երեւանյան ակումբներում ու պետք է ասեմ, որ անգամ ակումբներում կարողանում եմ Կոմիտաս հնչեցնել»,- պատմեց Նարինեն ու ավելացրեց, որ լռության ընթացքում չի մտածել հանդիսատեսի կողմից մոռացվելու մասին. «Ցավոք, չեմ մտածում, որ եթերային լռության ընթացքում գուցե մոռացվեմ հանդիսատեսի կողմից, քանի որ ես չեմ կարողանում կենտրոնանալ կոմերցիոն խնդիրների վրա, ինձ համար միայն աշխատանքս է գլխավոր տեղում, ես սիրում եմ լուռ աշխատել ու արդեն ավարտած այն ներկայացնել»,- նշեց նա:

Երգչուհին նշեց, որ ապագայում նոր նախագծեր ունի, բայց դրանց մասին խոսել չի ուզում. «Մեր երկրում կա մի տեսակ անպարտաճանաչության խնդիր, չեմ ուզում խոսել ու ժամանակ մատնանշել, քանի դեռ հստակ գործեր արված չեն: Նոր գործերիս ավարտից հետո մեծ սիրով կներկայացնեմ դրանք իմ հանդիսատեսին»,- զրույցը եզրափակեց Նարինե Դովլաթյանը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին